Հանրային եթերից «հումորով» վիրավորել են մարդկանց եւ մեկ այլ հեռուստաընկերության
Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր «Մինորա» մշակութային կենտրոնի տնօրեն, երգիչ-պրոդյուսեր Ռոլանդ Ռեյը: Հիշեցնենք, որ վերջերս «Առավոտին» նա հայտնել էր, որ հունվարի 21-ին Հ1-ով եթեր հեռարձակված «32 ատամ» հումորային հեռուստաշարքի հաղորդման ժամանակ վիրավորել են իր անձն ու արժանապատվությունը. «Հաղորդաժամին ինձ էշ են անվանել, տվել են եւս 4 երգչի անուն եւ ասել, թե բոլորս «էշ տասնյակում» ենք»: Արվեստագետը հավաստիացրել էր, որ եթե «32 ատամի» նախագծի տնօրեն Նորայր Մխոյանը հրապարակավ ներողություն չխնդրի իրենից, պատրաստվում է ասուլիս հրավիրել, այնուհետեւ դատի տալ իրեն վիրավորողներին:
Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերը՝ ուղղված Ռ. Ռեյին:
– Մեր օրաթերթում հրապարակված հոդվածից հետո «32 ատամի» տնօրենից ոչ մի պատասխան կամ բացատրություն չե՞ք ստացել:
– Ոչ…ուզում եմ մի փոքրիկ ճշտում էլ անել: Մինչ այսօրվա ասուլիսին ներկայանալը, եւս մեկ անգամ դիտեցի «32 ատամի» այդ թողարկման տեսագրությունը: Հ1-ի եթերից ասվել է, որ երգիչներս ընդգրկված ենք «Դար 21» հեռուստաընկերության «էշ տասնյակում»: Փաստորեն, մեկ հեռուստաընկերության եթերից վիրավորել են մի ուրիշ հեռուստաընկերության: Տեղեկացնեմ նաեւ, որ օրերս «Հայելի» ակումբի նախաձեռնությունը՝ ինձ եւ Նորայր Մխոյանին հրավիրել ասուլիսի, չի հաջողվել՝ վերջինիս հրաժարվելու պատճառով:
– «Էշ տասնյակում» ընդգրկված ձեր մյուս կոլեգաների հետ, որոնցից ոչ ոք մինչեւ հիմա չի բողոքել իրեն կպցված պիտակից, գոնե խոսե՞լ եք այս թեմայով:
– Զրուցել եմ միայն Արման Բարդումյանի հետ: Վերջինս ասաց, որ ինքն այլ ձեւով է լուծելու իր հարցերը:
– Դուք դիտե՞լ եք «32 ատամի» այլ թողարկումներ եւ, արդյոք, հանդիպե՞լ եք այլ վիրավորանքների:
– Բոլոր հաղորդումները չեմ դիտել: Բայց տեղյակ եմ, որ ակումբում մշտապես նույն դեմքերն են, ավելի ճիշտ՝ Հ1-ի սիրելի երգիչ-երգչուհիները եւ փոքր բեմում արվող հումորը հիմնականում ուղղված է նրանցից որեւէ մեկին: Ընդ որում, «յուրայինների» մասին զուսպ են արտահայտվում, ոչ յուրայինների մասին՝ գռեհիկ եւ վիրավորական: Զարմանալի է, որ Հանրայինի ղեկավարությունը դա չի նկատում: Օրերս հեռախոսազրույց եմ ունեցել մոսկովյան հեռուստատեսությամբ հեռարձակվող Comedy Club-ի գովազդային մենեջեր Տատյանա Բիչենկոյի հետ, քանի որ «32 ատամը» «թխած» է հենց այդ հաղորդումից: Հետաքրքրվել եմ հումորի թույլատրելի չափի մասին: Տիկին Բիչենկոն հավաստիացրեց, որ իրենց դեպքում այն նախապես համաձայնեցվում է «տիրոջ» հետ, ով անպայման հաղորդմանը ներկա է լինում:
– Հայտարարել եւ այսօր էլ պնդում եք, որ «32 ատամի» հրապարակավ ներողությունը չլսելու դեպքում՝ դիմելու եք դատարան: Անշուշտ, դա ձեր իրավունքն է, բայց, քանի որ վերջերս մեզ ասել էիք, թե պատրաստվում եք վերադառնալ երգարվեստ, չե՞ք կարծում, որ այս աղմուկը կընկալվի իբրեւ երգիչ Ռոլանդ Ռեյի կողմից մտածված ինքնագովազդ:
– Միանշանակ՝ ոչ, որովհետեւ հնարավոր է երգարվեստ վերադառնամ, օրինակ, մեկ տարի հետո: Կրկնում եմ՝ ընդամենն ուզում եմ, որ մարդիկ կոռեկտ լինեն եւ չվիրավորեն դիմացինի անձը:
Հ. Գ. «Առավոտի» հարցին, թե «Փաստարկը» փորձե՞լ է հրավիրել մյուս կողմին, ակումբի ղեկավար Տիգրան Սիմոնյանը հայտնեց, որ իրենց սկզբունքն է հրավիրել մի կողմին, քանի որ երկուսի ներկայության դեպքում «կծոցի է գնում»: Իսկ եթե մյուս կողմն էլ ասելիք ունենա, ապա պատրաստ են նրան էլ ընդունել: