Չնայած դրան՝ այս տարի Երեւան քաղաքի լոկալ ջեռուցմամբ չապահովված դպրոցներում դասերը սկսվել են փետրվարի մեկից:
Որպես կանոն, շատ ծնողներ հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել ուսումնական երկրորդ կիսամյակի առաջին օրերին՝ այն մտավախությամբ, որ ձմեռային արձակուրդներից հետո դժվար թե դպրոցները հավուր պատշաճի տաքացված լինեն: Մեզ հետ զրույցում կրթօջախների ղեկավարների մեծ մասը հավաստիացնում էր, որ այս օրերին բացակայությունները 10-20 տոկոս են կազմել: Ըստ կաթսայատներ չունեցող դպրոցների տնօրենների, իրենց շենքերը սկսել են ջեռուցվել հունվարի 28-29-ից եւ արեւկողմ դասասենյակների ջերմաստիճանը հասել է +14, +16 աստիճանի: Թիվ 200 դպրոցի տնօրեն Միլա Խաչատրյանը բողոքեց, որ թեեւ դասերը սկսելուց 3-4 օր առաջ գիշեր-ցերեկ փորձել են տաքացնել դասարանները, սակայն ջերմաստիճանը +15-ից չի բարձրացել, իսկ որոշ դասասենյակներում նույնիսկ ավելի ցածր ջերմություն է գրանցվել: Թիվ 189 դպրոցում էլ ջերմաստիճանը +14-ից բարձր չէ: Տնօրեն Սերգեյ Պետրոսյանը գտնում է, որ աշակերտների 99 տոկոսի տներում գուցե ավելի ցուրտ է. «Արդեն 4-5 օր է, ինչ կրկնակի տեներ ենք վառում, բայց քանի որ դպրոցի շենքը պանելային է, հնարավոր չէ ապահովել անհրաժեշտ +18-ը: Սխալ նախագիծ ունի մեր շենքը, ասես ակվարիում լինի»:
Թիվ 130 դպրոցի փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանից տեղեկացանք, որ իրենց մոտ սենյակների ջերմաստիճանը նույնիսկ +20-ի է հասնում. «Մենք դեռ մեկ շաբաթ առաջ զբաղվել ենք ջեռուցման հարցերով, դպրոցում տաք է, իսկ երեխաների հաճախելիությունը 90 տոկոս է կազմում»:
Թիվ 116 դպրոցի փոխտնօրեն Երջանիկ Մկրտչյանն էլ փաստեց, որ բացակա աշակերտներ գրեթե չկան. «Էլեկտրական սալիկներով ենք դպրոցը ջեռուցում, դասասենյակներում էլ +18 աստիճան է»:
Որոշ դպրոցներում էլեկտրաէներգիան խնայելու նպատակով բազմասակագնային հաշվիչներ են տեղադրել: «Այսպես կարողանում ենք էլեկտրական տեներն ու յուղային պլիտաները նաեւ գիշերը միացնել եւ ավելի քիչ վճարել: Դասասենյակների ջերմությունը հասցրել ենք +16-ի: Իհարկե, կան սենյակներ, որտեղ այն +11-ից չի բարձրանում: Ցուրտ սենյակներից աշակերտներին տեղափոխել ենք ավելի տաք դասասենյակներ: Երկուշաբթի օրվանից առաջին դասարանցիներն էլ կհաճախեն դպրոց»,- ասաց Ղեւոնդ Ալիշանի անվան դպրոցի տնօրեն Սվետլանա Ակոջյանը: Լեւոն Շանթի անվան թիվ 4-րդ դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանն էլ դպրոցը ջեռուցելու այլ տարբերակ է կիրառել. «Ամբողջ հունվար ամսին գիշեր-ցերեկ դպրոցը ջեռուցել ենք: Վթարներից խուսափելու համար ծնողներն ու ուսուցիչները անընդհատ հերթապահել են: Նույնիսկ դասասենյակների դռները բաց ենք թողել, որպեսզի միջանցքներում էլ տաք լինի»: Տնօրենը ավելացրեց, որ թեեւ իրենց դպրոցում էլ բազմասակագնային հաշվիչ է տեղադրված, սակայն էլեկտրաէներգիայի գերածախս են գրանցել. «Մենք դա կարող ենք հետագա ամիսների խնայողությունների հաշվին մարել, հակառակ դեպքում կդիմենք ծնողների օգնությանը»: