Խորհրդարանական ընտրություններից առաջ այսպես են տրամադրված Արագածոտնի մարզի գյուղացիները:
Որքան էլ դաշնակցությունը հայտարարի, որ չի բացառում ցանկացածի չափ ձայներ չհավաքելու դեպքում իր ընդդիմություն դառնալը, միեւնույն է, հայ գյուղացին դաշնակցությանը այլեւս ընդունում է որպես իշխանություն եւ իրենց պահանջներում էլ դաշնակցությունից ակնկալում է այն ամենը, ինչ կարող է տալ իշխանությունը: Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի այցն Արագածոտնի մարզ՝ հենց դրա վկայությունն էր: Նկատելի էր, որ գյուղնախարարն այստեղ առաջին անգամ չէր լինում եւ գյուղացիներից շատերին նույնիսկ անուններով էր դիմում եւ հիշում էր, թե ով ինչպիսի պահանջ է ունեցել, ում խնդրանքն են իրենք բավարարել եւ ում հարցերը դեռ պետք է լուծվեն: Գյուղացիներն էլ նախարարին կարծես սիրում էին եւ առանց քաշվելու դիմում էին տարբեր հարցերով: Սակայն առաջին հերթին գյուղացիները ուրախ էին, որ վերջապես «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի» եւ գյուղատնտեսության նախարարության համատեղ աշխատանքի շնորհիվ լուծվելու է իրենց գյուղերի գազի եւ ջրի հարցը: Այս ծրագրի շրջանակներում մարզի 28 գյուղերում իրականացվում են ենթակառուցվածքների ծրագրեր, 21 գյուղերում՝ այլ կարգի աշխատանքներ, 19 գյուղերում գազիֆիկացման հարցեր են լուծվում, եւս 5 գյուղերում՝ ոռոգման ծրագրեր, նաեւ ճանապարհների եւ այլն: Այս ամենը, իհարկե, գյուղացիներին հետաքրքրում էր, եւ գյուղերում մարդիկ ոգեւորված էին, սակայն ամենից շատ ուրախ էին, որ նույն ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր շնչի հաշվով 100-ական ԱՄՆ դոլար է տրվում համայնքին եւ, ընդ որում, համայնքը ինքն է որոշում, թե այդ գումարները ինչի վրա ծախսի: Հաջորդ ուրախությունը կապված էր հողերի մշակման հետ: Յուրաքանչյուր 1 հա հող մշակող գյուղացուն պետությունը 35 հազար դրամ է տալիս:
Քանի որ մարզպետ Գաբրիել Գյոզալյանը եւս դաշնակցական է, «Առավոտին» հետաքրքրեց, թե արդյո՞ք գյուղատնտեսության նախարարի այցը չի տեղավորվում նախընտրական քարոզարշավի շրջանակներում եւ արդյո՞ք չի նշանակում, որ դաշնակցությունը եւս արդեն ժամանակից շուտ սկսել է քարոզարշավը: Մարզպետը, իհարկե, մեզ հետ համաձայն չէր, եւ ասաց, որ գյուղատնտեսության նախարարն առաջին անգամ չէ, որ լինում է մարզում եւ իրենք էլ գործ են անում ոչ թե ցուցադրվելու, այլ մարդկանց օգտակար լինելու համար: ՀՅԴ-ն մարզում ունի 22 գյուղապետ, սակայն մարզպետը դժվարացավ ասել, թե որքան ձայն է ակնկալում ՀՅԴ-ն հատկապես Արագածոտնի մարզից. «Ընթացքը ցույց կտա, բայց որ մարզում մեր աշխատանքը մարդիկ հարգում են, դա դուք եւս կտեսնեք»:
Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը եւս ասաց, որ իր այցը զուտ աշխատանքային է. «Սա զուտ աշխատանքային, պլանավորված այց է, սրան հաջորդելու են այցն Տավուշի մարզ, Սյունիք, Շիրակ, Կոտայք, Լոռի, այնպես որ, մենք ունենք աշխատանքային գրաֆիկ: Մեր կողմից իրականացվող ծրագրերը մեզ ստիպում են լինել մարզերում: Ընտրությունների ժամանակը կգա, եւ, բնականաբար, ես եւս շատ ակտիվ պետք է աշխատեմ, որ իմ կուսակցությունը կարողանա իրեն արժանի ձայները ստանալ»:
Մեր հարցին՝ նախարարը հոգեբանորեն պատրա՞ստ է ընդդիմություն լինել, եթե դաշնակցությունը բավարար ձայներ չհավաքի խորհրդարանական ընտրություններում, Դ. Լոքյանը պատասխանեց. «Նախ, մենք պատրաստվում ենք շատ ձայներ հավաքել եւ իշխանություն լինել: Իսկ հակառակ պարագայում, մեղավոր կլինենք մենք, որ չենք կարողացել լավ աշխատել, եւ այն ժամանակ կորոշենք, թե ինչ ենք անելու: Բայց ես վստահ եմ, որ մենք կհավաքենք այնքան ձայն, որքան ուզում ենք»:
Թալինի տարածաշրջանի Դավթաշեն գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքական հարցեր չհնչեցին, մարդկանց հետաքրքրում էին ջրի, գազի, հողի եւ սերմացուի հարցերը: Նախարարը բոլորի հարցերին բավարար պատասխաններ էր տալիս: Գյուղացիները նրան դիմում էին բավականին տնավարի եւ չէին քաշվում իրենց հարցերը ներկայացնելուց: Մի գյուղացի ուղղակի դիմեց Դավիթ Լոքյանին. «Պարոն նախարար ջան, որ էս ջրի հարցը քո ասածի պես մինչեւ մայիս լուծես, ես քո ցավը տանեմ»: Նախարարի պատասխանը սա էր. «Այդ հարցերը ես չեմ լուծում, մեր՝ իմ ու քո պետությունն է լուծում եւ կլուծի»:
Մենք եւս գյուղացիներին մի քանի հարցեր ուղղեցինք։ Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր, արդյո՞ք, քանի որ մարզպետը դաշնակցական է, գյուղացիները եւս այդպիսին են, պարզվեց՝ ոչ, գյուղերում բազմակուսակցական համակարգ էր, սակայն մարդիկ այլեւս նախկին էնտուզիազմով չէին խոսում քաղաքական ուժերի մասին. «Ով որ ժողովրդին լավ նայեց, նրան էլ ձայն կտանք»,- ասաց Տոնական Հովհաննիսյանը: «Հավատ չկա, որ մաքուր, արդար ընտրություններ պետք է լինեն, այդ հավատը եթե լինի, մեր վաղվա օրը հաստատ կտեսնենք»,- իր կարծիքը չթաքցրեց Խաչիկ Ազատյանը, ով իշխանություններին անցած ժամանակահատվածի համար «բավարար» գնահատեց: Անկուսակցական Արտավազդ Հովհաննիսյանն իր հերթին ասաց. «Ով գյուղին օգնել է, նրան էլ ընտրելու ենք»: Մեր հարցին՝ իսկ ո՞վ է օգնել, ասաց՝ «գյուղնախարարությունը»: Իշխանությունների աշխատանքը, սակայն, գնահատեց «լրիվ բացասական»: Մյուս կողմից էլ հիասթափված էր ընդդիմությունից. «Իրենք չեն հաղթի, որովհետեւ իրար չեն պահում, ամեն մեկը իր կողմն է քաշում, «կամպանիա» չեն իրար հետ»: