Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունում չե՞ն արձանագրվում հանցագործությունները

Փետրվար 05,2007 00:00

Դատախազությունն ամփոփեց անցյալ տարին

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության ընդլայնված նիստի ժամանակ ամփոփվեց  2006 թվականը:

Ըստ զեկուցողների՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Գագիկ Ջհանգիրյանի, Գեւորգ Դանիելյանի, Արամ Թամազյանի, բացահայտվել են մարդու կյանքի եւ առողջության, սեփականության դեմ ուղղված մի շարք ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ, «մեկուսացվել են կազմակերպված հանցավոր խմբեր, բազմաթիվ վտանգավոր հանցագործներ»:

Նշվեց, որ «ուշադրություն է դարձվել քննության որակի եւ դատավարական ժամկետների պահպանմանը, անձանց ձերբակալելու եւ խափանման միջոցը կալանավորում ընտրելու օրինականության ապահովման, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու, պատճառված նյութական վնասը հատուցելու հարցերին»:

Իսկ գլխավոր դատախազության քննչական վարչության եւ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչների կողմից անցյալ տարի քննվել է 245 քրեական գործ, որից  ավարտվել է 132-ը, դրանից 110-ը՝ 186 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Քրեական գործերով պատճառված 2,842 մլրդ դրամ վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 1,064 մլրդ դրամը կամ 37,3 տոկոսը,  նախորդ տարվա 16 տոկոսի դիմաց: Անդրադառնալով դատարաններում մեղադրանքի պաշտպանության խնդրին՝ հավաստիացման պես հնչեց այն միտքը, թե պատշաճ հսկողություն է իրականացվել դատարաններում մեղադրանքի պաշտպանության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության առաջին ատյանի դատարաններում քննվել եւ դատավճիռ է կայացվել 2.588 քրեական գործով 3.177 անձի նկատմամբ, որը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է 391 գործով եւ 572 անձով: Դատապարտված անձանցից 576-ը եղել է կրկնահանցագործ: Դատախազության պետական շահերի վարչության տվյալներով էլ՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցված քրեական գործերի թիվը (2006թ. հարուցվել է 186 գործ, 2005թ.՝ 175):  Դատարան է ներկայացվել 569 քաղաքացիական հայց՝ 3 մլրդ 150 միլիոն դրամ գումարի չափով:

Ըստ ՀՀ զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանի, իրենց վարույթում քննվել է 974 քրեական գործ (2005թ.՝ 1045):

Նախաքննությամբ ավարտվել է 642-ը (2005թ.՝ 655), որից 408-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2005թ.՝ 343): Թերությունների մեջ նշվեց այն, որ առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 31 դեպքով: Երեւանում էլ վիճակը մտահոգիչ է. հանցագործություններն աճել են Երեւան քաղաքում 997 դեպքով:

Խմբակային գողությունների հետ կապված նշվեց, թե որոշ դեպքերում «քննիչները անուշադրության են մատնել այն հանգամանքը, որ խմբերի կողմից կատարված գողությունների զգալի մասը ոստիկանության մարմիններում գրանցված չի եղել»: Քննիչներին մեկ այլ մեղադրանք էլ հնչեցվեց, որ նրանք «առանձին դեպքերում վարույթը կասեցված քրեական գործերի քննության լրիվության ապահովման ու բացահայտման ուղղությամբ աշխատանքները պատշաճ չեն կատարում եւ բավարարվում են միայն հետախուզումն իրականացնող մարմնին համապատասխան հաղորդում ներկայացնելով»:

Կամ չարդարացված ձգձգում են նախաքննության ժամկետները:

Գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ուշադրություն հրավիրեց դատավարությանը մասնակցող մեղադրողների գործունեությանը. «Հաշվի չեն առնվում արարքների հասարակական վտանգավորությունը, կատարված հանցագործության բնույթը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, ինչպես նաեւ առանձին հանցատեսակների տարածվածությունը, եւ, խախտելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, դատավճիռներով նշանակվում են ակնհայտ մեղմ պատիժներ:

Միշտ չէ, որ դատախազների մեղադրական ճառերի եզրափակիչ մասում արված միջնորդությունները համապատասխանում են քրեական դատավարության օրենսդրության պահանջներին»:

Ի դեպ, անցյալ տարի մեղադրողները բերել են 83 բողոք, որից բավարարվել է ընդամենը 25-ը:

Կոլեգիայի նիստում ուշադրություն հրավիրվեց հոգեբուժական հաստատություններում տեղավորված անձանց օրինականությանը. «Առկա են անձանց նկատմամբ նշանակված հարկադիր բուժումը անհիմն դադարեցնելու դեպքեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել