«Աստաֆյանի» ետնամասում գտնվող տունը խանգարում է պետությանը
Աբովյան փողոցի 5/1 8 բնակարանի տանտերերը օրերս դիմել են Սահմանադրական դատարան: Նրանց բողոքը վճռաբեկ դատարանը չի ընդունել վարույթ, քանի որ դիմումատուները իրավունք ունեն դիմելու վճռաբեկ այն դեպքում, երբ նոր հանգամանք է ի հայտ եկել իրենց գործով կամ էլ առկա է նյութական իրավունքի խախտում, որը հանգեցրել է «ծանր հետեւանքի»: Դիմումատու Մարիետա Հախվերդյանին սպառնում են վտարել իրենց զբաղեցրած տարածքից, հավատացնելով, թե նրա սեփական տունը վերցվում է «պետական կարիքների» համար: 9 շնչից բաղկացած այս ընտանիքին տնից վտարելը պետությունը «ծանր հետեւանք» չի համարում, ոչ էլ այն, որ ընտանիքի հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է եւ տանը անչափահաս երեխաներ կան:
Իսկ ահա «Աստաֆյան» «հյուրանոցային համալիրի» տերերը (քաղաքում հայտնի է որպես «Դնոյի օբյեկտ»՝ սեփականատեր Դնեպրիկ Ավագյանի անունով) դատարան էին ուղարկել մի գրություն, ուր նշել են, որ Հախվերդյանների տունը «ուղղակի վնաս է հասցրել ընկերության շահերին եւ խանգարում է ճարտարապետական բոլոր նորմերին»: Տունը խաղատան պատի ետեւում է գտնվում եւ ուղղակի կպած է դրան:
Մինչ Աբովյան փողոցում հյուրանոցային համալիրի ի հայտ գալը, Հախվերդյանները 90-ականներին գնել են այս տունը, ընդլայնել այն, կառուցել նաեւ երկհարկանի ինքնակամ շինություններ՝ խոհանոց, սենյակներ, բաղնիք, նկուղ:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման պաշտոնական տեղեկանքի, Մարիետա Հախվերդյանի բնակելի տունը փաստացի բաղկացած է 188.2 քմ մակերեսից ու 103.0 քմ հողատարածքից: Կադաստրի տեղեկացմամբ, «մյուս տարածքների կառուցողի եւ օգտագործողի վերաբերյալ ստորաբաժանումում տվյալներ չկան»:
Հախվերդյանները մի օր էլ իմացել են, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան է դիմել Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը՝ ԾԻԳ-ը, պահանջելով «համապատասխան փոխհատուցմամբ անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնել եւ զբաղեցրած տարածքից վտարել»:
ԾԻԳ-ը դատարանում առաջարկել էր Հախվերդյանին՝ 9 741 000 ՀՀ դրամ: Անշարժ գույքը գնահատել էր «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ն, 2005թ.-ին: Այն կազմում է 27 հազար դոլարին համարժեք գումար: Այսինքն՝ գումար, որով 9 շնչից բաղկացած ընտանիքի համար բնակարան չես կարող ձեռք բերել անգամ 16-րդ թաղամասում: Ի դեպ, փոխհատուցում առաջարկվել է Մարիետա Հախվերդյանին միայն, իսկ ամուսնուն՝ Սամվել Ղարիբյանին ոչինչ չի առաջարկվել: Հախվերդյանները հրաժարվել են պայմանագիր կնքել գրասենյակի հետ:
Վստահ լինելով իրենց ուժերի վրա, ԾԻԳ-ը պահանջել էր արագացված դատաքննություն, այն էլ իրենց ներկայացուցչի բացակայությամբ: Սակայն այդպես էլ չհիմնավորելով, թե պետության ո՞ր կարիքի համար է վերցվում 9 սենյակից բաղկացած սեփական տունը:
Վիճելի տան դիմաց մեկ այլ տուն էլ կա, որը, ըստ տեղաբնակների, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի անվան հետ է կապվում. այս տունը, որը «կետադրական նշանով» միայն կարող է անջատվել Հախվերդյանների տարածքից, նույնպես անձեռնմխելի է եւ պետական կարիքների համար չի վերցվելու:
Հախվերդյաններն էլ իրենց հերթին պահանջում են՝ ճանաչել իրենց սեփականության իրավունքը ինքնակամ կառուցված, փաստացի տնօրինվող շինությունների նկատմամբ նույնպես:
Սակայն թե առաջին ատյանի դատարանը, թե քաղաքացիական գործերով վերաքննիչը անցան զորեղների կողմը եւ հանուն չհիմնավորված պետական կարիքների՝ վճիռ են կայացրել հօգուտ ԾԻԳ-ի: