Գյումրիում ճնշված աշխատողներին պաշտպանում են ոչ թե աշխատանքային տեսուչները, այլ մարդու իրավունքների պաշտպանները:
Մարզերում գործատուներն իրենց ենթակաների հետ վարվում են՝ ինչպես ծառայի հետ, արհամարհելով Աշխատանքային օրենսգրքի պահանջները:
Վերջին շրջանում Գյումրիի մի քանի դպրոցներում մեծ սկանդալներ եղան՝ կապված ուսուցիչ-տնօրեն հարաբերությունների հետ: Նույնիսկ դեպքեր եղան, երբ ուսուցիչների ու գործադիր տնօրենի միջեւ խնդիրները ծեծկռտուքի վերածվեցին: Խոսքը, օրինակ, թիվ 15 եւ թիվ 32 դպրոցների մասին է: Վերջինիս տնօրենը դպրոցում անհիմն կրճատումներ էր անում, իսկ թիվ 15 դպրոցում էլ երկար ժամանակ ուսուցիչներին աշխատավարձ չէին տալիս:
ՀՀ պետական աշխատանքային տեսչության Շիրակի մարզային կառույցը, օրենքով սահմանված կարգով, կոչված է կարգավորելու աշխատող- գործատու հարաբերությունները: Սակայն նա մարզում զբաղված է այլ խնդիրներով: Ինչպես օրերս մեզ դժգոհեցին Գյումրիի թիվ 15 դպրոցի երկու տարի շարունակ աշխատավարձ չստացած որոշ ուսուցիչներ, երբ իրենք բողոքել են աշխատանքային տեսուչներին, թե ինչո՞ւ են ձեռքերը լվացել խնդրից, տեսուչները նրանց մի բան էլ շշպռել են, թե «դպրոցի տնօրենին փոխեցիք՝ չհանգստացա՞ք»:
Շիրակի մարզում այս կառույցն այնքան պասիվ է, որ գյումրեցիներից շատերն աշխատանքային տեսուչների գոյության մասին անգամ չգիտեն: Ստացվում է, որ պետությունը աշխատանքային տեսուչներին բավականին բարձր է վարձատրում՝ ընդամենը գրանցված օբյեկտներից հաշվետվություններ հավաքելու, հարկ եղած դեպքում էլ՝ իրեն «լավ չպահող» կառույցի ղեկավարի հախից գալու, օրինակ՝ փաստաթղթերում խախտումներ գտնելու եւ տուգանելու համար: Այդ է պատճառը, որ Գյումրիում աշխատողների եւ գործատուների խնդիրները լուծվում են ոչ թե տեսուչների ակտիվ միջամտությամբ, այլ մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակներում կամ դատարաններում:
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանը, «Լինսիի» բնակարանների համար կռիվ տվողներից առավել՝ վերջին շրջանում մարդու իրավունքների պաշտպանին սկսել են դիմել գործատուներից զզված աշխատողները: «Պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում նորմալ աշխատանքային փոխհարաբերություններ չկան. Աշխատանքային օրենսգիրքը ուշ է ընդունվել. կան գործատուներ, կան կառույցներ, որոնց թվում է, թե Աշխատանքային օրենսգիրքը վերաբերում է միայն պետական կառույցներին, նրանց թվում է, թե իրենք են գործի տերը, տնօրենը, իրենք են խաղի կանոնները սահմանում եւ այդ խաղի կանոններով էլ առաջնորդվում են: Սա հիվանդություն է, որը տարածվում է նաեւ պետական աշխատողների, ընդհուպ մինչեւ դպրոցի տնօրենների վրա, որոնք կտրուկ ասում են՝ էսպես եմ ուզում՝ էսպես եմ անում, ուր ուզում ես՝ գնա, ակնարկում են իրենց հովանավորներին՝ ասելով, որ մեկ է, ուր էլ գնաք, որեւէ բանի չեք հասնի»,- մեկնաբանեց մարդու իրավունքների պաշտպան Սեյրան Մարտիրոսյանը: