Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ-Ն ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՎՏԱՐԵԼ Է

Փետրվար 05,2007 00:00

\"\"Սնանկ ճանաչված Գյումրիի «Տեքստիլ կոմբինատին» պատկանող հանրակացարանն աճուրդի է հանվել, եւ հանրակացարանի բնակիչները հայտնվել են փողոցում:

Վերջին շրջանում Շիրակի մարզի տնտեսական դատարանի որոշմամբ՝ մարզի մի շարք օբյեկտներ հերթով սնանկ են ճանաչվում եւ աճուրդ- վաճառքի հանվում: Սնանկացածների ցանկում են հայտնվել այնպիսի շահութաբեր օբյեկտներ, ինչպիսիք են, օրինակ, «Բայանդուրի թռչնաբուծական ֆաբրիկան», քաղաքի ավտոբուսային ու տրոլեյբուսային պարկերը: Պարզվում է՝ օբյեկտները սնանկ ճանաչել տալը՝ դրանց մատչելի գներով տիրանալու ամենահարմար տարբերակն է: Գյումրեցիների համոզմամբ՝ Գյումրիի տրոլեյբուսային պարկը սնանկ ճանաչվեց այն պարզ պատճառով, որ մայրաքաղաքի օլիգարխներից մեկը որոշել էր ջրի գնով ձեռք բերել տրոլեյբուսի պղնձյա մալուխներն ու այն թանկ գնով վաճառել արտերկրում: Մեր հավաստի աղբյուրների տեղեկատվությամբ՝ այդ աճուրդ-վաճառքներին մասնակցելու հնարավորություն ունեն հատուկենտ «ընտրովի» մարդիկ, ու պատահական քաղաքացիները ոչ կարող են մասնակցել, ոչ էլ առավել եւս՝ գնել:

Վերջերս սնանկ է ճանաչվել նաեւ «Տեքստիլ կոմբինատը» ու կոմբինատի գույքն էլ նույն սկզբունքով աճուրդի է հանվել: Գարեգին Նժդեհի 26 հասցեում գտնվող թիվ 1 հանրակացարանը կոմբինատի գույքի մի մասն է: Այնտեղ բնակվում են կոմբինատի տեքստիլագործները՝ 54 մարդ, որոնց մի մասը միայնակ ծերեր են, մյուս մասն էլ՝ երկրաշարժից անօթեւան մնացած մարդիկ, որոնց ժամանակավոր թույլատրել են ապաստանել հանրակացարանում, մինչեւ պետությունը նրանց նոր բնակարան կտրամադրի: Միայնակ ծեր տեքստիլագործներն իրենց ամբողջ կյանքն անցկացրել են այդ հանրակացարանում եւ ունեն հիմնական գրանցում: Սակայն օրերս հայտնվել են դատական ակտերի հարկադիր կատարողներն ու 13 բնակչի վտարել իրենց տներից՝ ասելով, որ ունեն դատարանի վճիռ. հանրակացարանը վաճառված է: Հանրակացարանի սեփականատեր Հունան Ավետիսյանը, բնակիչների տեղեկացմամբ՝ իրենց տեղյակ չի պահել աճուրդ-վաճառքի մասին, եւ հիմա՝ ձմռան կեսին բնակիչները հայտնվել են փողոցում: Որպես օգնություն՝ ժամանակավորապես վտարվածներին առաջարկվել է բնակվել հանրակացարանի վերջին՝ 3-րդ հարկում: Նկատենք, որ այդ շենքը տանիք չունի եւ ապրել 3-րդ հարկում՝ նույնն է, թե մնալ բաց երկնքի տակ: Բնակիչների տեղեկատվությամբ՝ հանրակացարանի նոր գնորդները բոլորն էլ բարձրաստիճան պաշտոնյաներ են, նրանցից մի քանիսն էլ հենց ԴԱՀԿ-ի եւ դատախազության աշխատակիցներ են: Մեր տեղեկություններով՝ Գյումրիի ամենակենտրոնական մասում տեղակայված հանրակացարանի սենյակները աճուրդի ժամանակ ձեռք են բերվել ջրի գնով՝ 1 քառ. մետրը՝ 2500-3000 դրամով:

Ներկայումս հանրակացարանի 13 բնակիչ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել աճուրդ- վաճառքը: Նախորդ շաբաթ առաջին դատավարությունն էր (դատավոր՝ Հայկ Հովհաննիսյան): Դատարանում լացուկոծ էր: Վտարվածները՝ վատառողջ, քրքրված շորերով միայնակ ծերեր, ընկել էին դատավորի ոտքերը եւ աղաչում էին, որ գոնե մինչեւ իրենց մահը թույլ տան հանրակացարանում ապրել:

Նշենք, որ ԴԱՀԿ-ն վաճառել է անգամ ընդհանուր հանրակացարանի միջանցքը: ԴԱՀԿ-ի ներկայացուցիչ Լյովա Ավագյանի արդարացմամբ՝ իրենք վաճառել են այն հատվածները, որտեղից ելք ու մուտք չկա: Բնակիչները նաեւ հաստատեցին, որ գնորդները հետաքրքրված են հանրակացարանի նկուղով:

«Տեքստիլ կոմբինատի» մյուս դատալսումը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

Ի դեպ, փողոցում հայտնվելու վտանգ սպասվում է նաեւ «Կոմինվեստ» ֆիրմային պատկանող Սավոյան 3 հասցեի հանրակացարանի բնակիչներին: Այս ընկերությունը նույնպես սնանկ է ճանաչվել, եւ նրա գույքն էլ մոտակա օրերին աճուրդ-վաճառքի է հանվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել