Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլը գնում է «պատերազմ»

Փետրվար 05,2007 00:00

Իրաքյան զարգացումներ, պայքար Քրդստանի բանվորական կուսակցության «ահաբեկչական» գործունեության դեմ եւ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսին ներկայացվելիք օրինագծի կանխարգելում: Ահա այն առաջնահերթ մտահոգությունները, որոնք կգլխավորեն Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի՝ փետրվարի 4-ի վաշինգթոնյան այցի օրակարգը:

Ինչպես հաղորդում է «Թըրքիշ դեյլի նյուզը», Գյուլն այդ հարցերը նախ կքննարկի ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի հետ, իսկ փետրվարի 5-ին հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ստեֆան Հադլիի հետ: Փետրվարի 6-ին Կոնգրեսում նախատեսված է Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ամերիկյան օրենսդիրների հետ: Այս ատյանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի քննարկումը կանխելու նպատակով Գյուլը կհանդիպի Ներկայացուցիչների պալատի ամենաազդեցիկ՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ Թոմ Լանթոսին: Թուրքական «Յենի շաֆաք» թերթի հաղորդմամբ, Գյուլի այցելությանը կհաջորդի Թուրքիա-ԱՄՆ բարեկամության խմբի եւ թուրքական խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամների այցը Վաշինգթոն՝ լոբբիստական եւ քարոզչական աշխատանք տանելու նպատակով: Նույն աղբյուրի վկայությամբ, Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից պատգամավոր Թուրհան Չեոմեզը եւ ընդդիմադիր Հանրապետա- ժողովրդական կուսակցության պատգամավոր Զիան փետրվարի 6-11-ը Վաշինգթոնի եւ Նյու Յորքի համալսարաններում կմասնակցեն Հայոց ցեղասպանության ժխտողականության վերաբերյալ խորհրդաժողովների: Նախատեսված է նաեւ հանդիպումների շարք կոնգրեսականների եւ ամերիկահայ ղեկավարների հետ:

Այդուամենայնիվ, չնայած վերջին շրջանում Անկարայի ծավալած լոբբիստական ակտիվ գործունեությանն ու հակաքարոզչությանը, Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում նկատելի հոռետեսություն է տիրում՝ կապված բանաձեւի կասեցման հարցում հաջողության հասնելու հետ: Այսպես. ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուկ Լողօղլուն համոզմունք է հայտնել, որ Կոնգրեսի օրակարգում ընդգրկվելու դեպքում Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը կվավերացվի: Թուրքական «Զաման» օրաթերթին տված հարցազրույցում Լողօղլուն Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին հորդորել է ժամանակ չկորցնել եւ անհապաղ «գործի անցնել Վաշինգթոնում»: «Պետք է կանխել այդ օրինագծի վավերացումը, որը կարող է խոր սպի առաջացնել թուրք-ամերիկյան հարաբերություններում»,- զգաստացրել է նախկին դեսպանը: Համանման մտահոգությամբ հերթական անգամ հանդես է եկել հայտնի թուրք հրապարակախոս Մեհմեդ Ալի Բիրանդը: Turkish Daily News-ի երեկվա համարում տպագրված իր հոդվածում նա, մասնավորապես, նկատել է. «Թուրքիան պետք է իրատեսական քայլեր ձեռնարկելու խիզախություն ցուցաբերի եւ գործի: Այսուհետեւ անհնար է լինելու գնալ որեւէ տեղ եւ պնդել՝ «Մենք ճիշտ ենք, իսկ հայ համայնքը խաբում է աշխարհին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել