Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ արդար, ո՛չ թափանցիկ

Փետրվար 05,2007 00:00

«Ես եկել եմ ձեզ ասելու, որ հույս չդնեք, թե 2007 թ. մայիսին տեղի կունենան ազատ եւ արդար ընտրություններ»,- երեկ հայտարարել է ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ «իշխանությունները նորմալ ընտրություն անցկացնելու ցանկություն չունեն, որովհետեւ նախ՝ շատ սիրում են իրենց աթոռները, երկրորդ՝ այդ աթոռները եկամտաբեր են»: Ըստ «lragir.am»-ի, Ֆ. Խաչատրյանը նաեւ հայտարարել է, թե Հայաստանում կա ընտրակեղծարարների 15 հազարանոց մի բանակ, որի հրամանատարներին կարելի է տեսնել ամեն օր Արաբկիրի թաղապետարանից օրվա վերջում դուրս գալիս: Իսկ ինչպե՞ս ճանաչել նրանց: Լրագրողի այդ հարցին ի պատասխան՝ Ֆ. Խաչատրյանը մխիթարել է, թե դա շատ հեշտ է՝ «այն մեկից կարճը չկա, էն մյուսից էլ բոյով մարդ չկա»: Ֆ. Խաչատրյանը նրանց տեսել է ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված դասընթացների ժամանակ, բայց անունները չգիտի, իսկ հիմա այդ մարդիկ, ըստ նրա, «կեղծարարների պատրաստի բանակ ունեն եւ առաջարկում են՝ հարգելիս, քեզ մա՞րդ է պետք՝ խնդրեմ, ու տալիս են»:

ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ առաջիկա ընտրությունների ժամանակ կեղծարարները ոչ թե լցոնումներ կանեն, այլ կփորձեն ընտրողների թվի, ընտրացուցակների աղավաղման միջոցով ցանկալի արդյունք ապահովել: Նա որպես օրինակ նշել է մեկ տարի առաջ եւ ներկայումս հրապարակված ընտրողների թվի մասին պաշտոնապես հրապարակված տվյալներում առկա տարբերությունը: Ըստ նրա, մեկ տարի առաջ, սահմանադրական հանրաքվեի ընթացքում հրապարակված տվյալի համաձայն, Հայաստանում եղել է 2.251.754 ընտրող, իսկ մեկ տարի անց ընտրողների թիվն աճել է՝ 2.325.353: «ՀՀ-ում բնակչության թիվը չի ավելացել, ընտրողների թիվն ավելացել է 75 հազարով: Սա ամսի 1-ի դրությամբ: Այսօր մենք ստանում ենք ըստ ընտրատարածքների ընտրողների թիվը. հունվարից մինչ այսօր ընտրողների թիվը դարձել է 2.333.460»,- հայտարարել է Ֆ. Խաչատրյանը:

Նրա գնահատմամբ, եթե «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխության մի դրույթ նվազեցրել է ընտրակեղծիքները լցոնման միջոցով կատարելու հնարավորությունը՝ քվեարկության կարգ սահմանելով քվեաթերթիկը ծրարի մեջ դրած քվեարկելը, ապա այլ փոփոխություններով թվանկարչության համար լայն հեռանկարներ են բացվել: Խոսքը ԸՕ հոդված 39-ի մասին է, որով վերացված է ընտրական հանձնաժողովների նիստերի ու որոշումների կայացած համարելու համար պարտադիր քվորումի պահանջը: Ֆ. Խաչատրյանի մատուցմամբ, այդ դրույթով քարոզարշավի սկսվելուց մինչեւ ընտրություններ հանձնաժողովը համապետական ընտրության ժամանակ կարող է նիստ գումարել թեկուզ մեկ անդամով եւ կայացնել ու հաստատել ցանկացած որոշում: Նրա ասելով, իշխանությունները շատ հանգիստ կարող են ընդդիմադիր անդամներին շանտաժի ենթարկել, զանգել ու սպառնալ, որ նիստի ներկայանալու դեպքում նրանց հետ վատ բան կկատարվի, որպեսզի հանձնաժողովի նիստին մասնակցի իրենց ցանկալի մարդը, ու այդպիսով նիստը համարվի կայացած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել