Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱԿՆԿԱԼ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ

Փետրվար 05,2007 00:00

\"\"Երեկ նրանց կարելի էր տեսնել «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանին զորակցող երթի ընթացքում:

Կամերային երաժշտության տան դիմացի պուրակում՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի այս բողոքի ցույցի մասնակիցների շարքերում բավական անակնկալ էր տեսնել բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին: Նրա հետ մեր զրույցն ընթացավ այսպես: «Պարոն Հակոբկոխյան, Ձեզ այստեղ…», սակայն նա ընդհատեց. «Ես պարո՛ն չեմ, ռամի՛կ եմ»: Շարունակեցինք հարցը. «Ռամիկ Հակոբկոխյան, Ձեզ դիմել ու հրավիրե՞լ են այս ցույցին, թե՞ ինքներդ եք որոշել մասնակցել»: Այս անգամ նա պատասխանեց. «Ո՛չ, ինձ ոչ ոք չի դիմել: Ուղղակի ես ցավ եմ ապրում, որ հայ ազգի հերոսը կարող է ինչ-որ խոսալու համար դատապարտվել: Բայց էսօր հեռուստաընկերություններով ամեն մեկը խոսում է՝ չեն դատում իրանց: Ու հայ ազգի հերոսը հայաստանցի չի: Իսկ չինացի, կորեացի կամ յեսիմ ով՝ գալիս, 2 օր Հայաստանում ապրում են, կամ գնդակ տշել չիմացող մի հատ սեւամորթ գալիս՝ 2 օր հետո Հայաստանի քաղաքացի է: Այ, էդ մտահոգության պատճառով եմ ես էլ եկել»:

Անակնկալ էր նաեւ ցուցարարների մեջ տեսնել ոչ միայն ԱԺՄ վարչության անդամների, այլեւ անգամ «Այլընտրանք»-ի նախաձեռնողներից մեկին՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին: Գուցե նա աջակցո՞ւմ է պայքարի այն եղանակներին՝ «միջոցների մեջ խտրականություն չդնենք», «գլուխը ջարդելու ենք, տրաքացնելու ենք» եւ նման կոչերին, որոնք հնչել էին «Հայ կամավորականների համախմբման» համաժողովի ընթացքում: «Անձամբ ես չեմ աջակցում պայքարի այդ ձեւերին,- պատասխանեց պրն Մակեյանը:- Բայց Հայաստանում արդիական ու առաջնային է մարդու իրավունքների խնդիրը, եւ ես դրա՛նք եմ պաշտպանում: Սա որեւէ առնչություն չունի պայքարի նրանց ձեւերի հետ: Բացի այդ՝ Վարդան Մալխասյանն իմ ընկերներից է: Կարծում եմ, Հայաստանի քաղաքացիներից 90 տոկոսն այսօր խոսքի մեջ օգտագործում է նման բառակապակցություններ, բայց դա չի նշանակում, թե ողջ հայ ժողովրդի հանդեպ պիտի գործ հարուցեն սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար»:

Ցույցին մասնակցում էր նաեւ Սեֆիլյանի պաշտպան Վահե Գրիգորյանը, որը մեր հարցին, թե ինչպե՞ս է ընթանում նախաքննությունը, պատասխանեց. «Դե, Ժիրայրը ցուցմունք չի տալիս, իսկ թե ո՞ւմ են հարցաքննում՝ տեղեկություն չունեմ: Իմ իմանալով, բավական պասիվ է դրսեւորում իրեն նախաքննության մարմինը»: Փաստաբանը նաեւ հայտնեց, որ Սեֆիլյանի կալանքի ժամկետը լրանում է փետրվարի 10-ին, եւ նախաքննության մարմինն արդեն դիմել է 1-ին ատյանի դատարան՝ կալանքի ժամկետը մինչեւ ապրիլի 10-ը երկարաձգելու միջնորդությամբ:

Թորոս Սեֆիլյանը լրագրողներին ասաց, որ երկու անգամ տեսել է եղբորը՝ Ժիրայրին, նա նորմալ վիճակում է: Թորոս Սեֆիլյանը ցանկացել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ. «Մեզ մեկ շաբաթ է՝ խաղացնում են: Չեն մերժում, բայց չեն էլ ընդունում: Ասում են՝ մի քիչ էլ սպասեք»:

Կամերային երաժշտության տան մոտ երեկ տեղի ունեցավ փոքրիկ հանրահավաք, որտեղ ելույթ ունեցան «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության հիմնադիր անդամ Սամվել Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Վարդան Խաչատրյանը, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը եւ այլք:

Եթե այստեղ մի քանի ոստիկան էր վերահսկում ցուցարարներին, ապա երբ նրանք երթով շարժվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք՝ պարզվեց, որ այնտեղ արդեն սպասում են բազմաթիվ ոստիկաններ: Նրանք շղթա կազմած՝ պահանջում էին երթը ցույցի չվերածել եւ շարժվել առաջ՝ վկայակոչելով քաղաքապետարանի թույլտվությունը, որով արտոնված էր երթ, բայց ոչ հանրահավաք: Այնուամենայնիվ, ԱԱԾ-ի շենքի մոտ կանգառից ու վանկարկումներից հետո երթը շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ կառավարության շենքի առջեւ տեղի ունեցավ կարճ հանրահավաք: «Հայ կամավորականների համախմբում» շարժման ներկայացուցիչները հայտարարեցին, թե նորից են հավաքվելու մի քանի օրից:

Անցած տարվա դեկտեմբերի 22-ին նրանց համանման երթի (թեեւ այն ժամանակ նրանք նաեւ բողոքի ցույցեր էին արել նախագահի նստավայրի եւ ԱԺ առջեւ) ավարտին ազդարարվեց, որ ստորագրահավաք են սկսում հետեւյալ հայտարարության ներքո. «Մենք՝ ներքոստորագրյալ ՀՀ քաղաքացիներս, ծանոթ լինելով Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործունեությանը եւ ընթերցելով «Հայ կամավորականների համախմբման» հավաքում նրանց արտասանած ելույթները՝ համամիտ ենք եւ միանում ենք դրանցում հնչած բոլոր մտքերին ու կոչերին»: Մեր հարցին, թե քանի՞ մարդ ստորագրեց այս տեքստի ներքո՝ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգողի տեղակալ Արմեն Եղյանն ասաց. «Շուրջ 4 հազար հոգի են արդեն ստորագրել: Բայց դեռ չենք որոշել՝ ինչպես ենք օգտագործելու այդ ստորագրությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել