Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵ՞Ն ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

Փետրվար 01,2007 00:00

Ադրբեջանը հրաժարվում է մեր ըմբիշների անվտանգությունն ապահովել Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում, իսկ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) դեռեւս չի արձագանքել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի պաշտոնական դիմումներին:

Այս տարի 2008 թվականին կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգրերի հիմնական մասը խաղարկվելու է Բաքվում նշանակված այդ չարաբաստիկ աշխարհի առաջնությունում: Պեկին մեկնելու իրավունք ստանալու են յուրաքանչյուր քաշային կարգում 1-8-րդ տեղեր գրավողները: Թե ազատ եւ թե հունահռոմեական ոճերում Հայաստանը բավականին մեծ թվով մարզիկներ ունի, ովքեր եթե անգամ մրցանակային տեղեր չնվաճեն, ապա երանելի ութնյակում տեղ զբաղեցնելու իրական հնարավորություն ունեն: Եվ հենց Հայաստանին հնարավորին չափ մեծ վատություն անելու նպատակով է հարեւան հանրապետությունը հրաժարվում ընդունել մեր մարզական պատվիրակությանը:

Բայց դա դեռ չարյաց փոքրագույնն է: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնադրությունում հստակ գրված է, թե այն ազգային ֆեդերացիան, որը չի ներկայանա աշխարհի առաջնություն, կզրկվի նաեւ 2008 թվականի գարնանը Եվրոպայի առաջնությանը, երկու վարկանիշային մրցաշարերին մասնակցելու իրավունքից, որոնցում նույնպես ըմբիշները պայքարելու են յուրաքանչյուր քաշային կարգում, համապատասխանաբար, 1, 3 եւ 4-ական ուղեգրերի համար: Հենց այստեղ է, որ մերոք հայտնվում են փակուղու առջեւ:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեւոն Վարդանյանը մտահոգված ասում է. «Չնայած մեր հավաքականների մուտքն Ադրբեջան քիչ հավանական է ու, իրոք, վտանգավոր պատվիրակության յուրաքանչյուր անդամի կյանքի համար, ազգային հավաքականները պատրաստակամ են մեկնել Բաքու: Սակայն գրեթե վստահ եմ, որ նրանք մեզ հրավեր չեն ուղարկի, մուտքի վիզա չեն տա: Այդպես եղել է նաեւ 2002 թվականին, երբ Եվրոպայի առաջնությունն էր այնտեղ անցկացվում: Մեր ֆեդերացիան եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առանձին-առանձին պաշտոնական նամակ են ուղարկել մարզաձեւի միջազգային ֆեդերացիա՝ նկարագրելով իրական վիճակը: Մենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչներս, հարեւան հանրապետության մեր գործընկերների հետ ոչ մի խնդիր չունենք: Մեզ համար գլխավորը սպորտն է: Եթե պայքար կա, դա թող լինի մրցագորգի վրա, ազնիվ մրցակցությունում թող հաղթի ավելի ուժեղը: Հիշեցնելով 2002 թվականը՝ ՖԻԼԱ-ին տեղեկացրել ենք նաեւ, որ ուզում ենք մասնակցել աշխարհի առաջնությանը, բայց եթե չկարողանանք, մեղավորը մենք չենք լինելու. Ադրբեջանն է հրաժարվում մեզ ընդունել: Ու խնդրել ենք, որպեսզի, հաշվի առնելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական լարված իրավիճակը, բացառության կարգով Հայաստանի հավաքականներին թույլատրեն մասնակցել Եվրոպայի առաջնությանն ու Շվեյցարիայում եւ Լեհաստանում կայանալիք վարկանիշային մրցաշարերին: Սակայն առայսօր ՖԻԼԱ-ից ոչ մի պատասխան չենք ստացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել