Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական քաղաք՝ թափոններից

Փետրվար 01,2007 00:00

\"\"Նկարիչ, կոլաժիստ Մարտիրոս Բադալյանի այս մտահղացումը Երեւանի քաղաքապետերի ուշադրությանը չի արժանանում:

Մ. Բադալյանի աշխատանքները ցուցադրվել են Ավստրիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ այլուր: Առաջիկայում էլ արվեստագետն իր կոլաժներով ու պոպարտերով հանդես կգա Ֆրանսիայում՝ Հայաստանի տարվա շրջանակներում:

Մ. Բադալյանի երազանքը, սակայն, ավտոմեքենաների, սառնարանների, լվացքի մեքենաների եւ այլ իրերի թափոններից մանկական քաղաք հիմնելն է, որի համար ոչինչ չի ուզում՝ «ընդամենը 2 զոդող բանվորն էլ հերիք է, որ քաղաքը հավաքենք»: «Շուտով մեքենաների թափոններով Հայաստանը կլցվի: Ավելի լավ չի՞ լինի հարցն այդկերպ լուծել: Թափոններից ստեղծված իմ մի քանի աշխատանք արդեն Երեւանում տեղադրված է. երկուսը՝ Աբովյան փողոցում, մեկը՝ Մաշտոցի պողոտայում, Մարիոնետների թատրոնի դիմաց: Հետեւել եմ՝ մարդիկ հետաքրքրությամբ են վերաբերվում դրանց, իսկ արտերկրից ժամանածները անպայման լուսանկարվում են»,- նշեց Մ. Բադալյանը:

Մանկական քաղաք ստեղծելու մտահղացման մասին նա ժամանակին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետերից մեկին (չցանկացավ անունը հայտնել), սակայն հարցը մնացել է անարձագանք: «Ինձ համար տարբերություն չկա, Նազարյանը կլինի քաղաքապետ, Պողոսյանը, Զախարյանը, թե մի ուրիշը: Ամենաազնիվ մարդուն էլ, որ պաշտոնի ես դնում, փչանում է: Ես չեմ տեսել որեւէ չինովնիկի, որ արվեստագետի մասին մտածի: Համոզված եմ, եթե իմ փոխարեն սրսկված մի հոլանդացի կամ ծխած ֆրանսիացի վաղը մտնի քաղաքապետարան, ոտքը ոտքին գցած խոսի, քաղաքապետը ամեն ինչ կանի նրա համար»,- կարծում է արվեստագետը: Ըստ նրա, պարտադիր չէ մանկական քաղաքը կառուցել Երեւանի կենտրոնում, այն կարելի է հիմնել նաեւ ծայրամասերից մեկում կամ որեւէ գյուղում: «Կարեւորը՝ երեխաներին ավտոբուսներով հասցնեն այնտեղ: Որեւէ գործարար էլ կարող է մանկական սրճարաններ դնել հարեւանությամբ, որից եւ երեխաները կշահեն, եւ ինքը: Հավատացնում եմ՝ մեր մանկական հեքիաթային քաղաքը չի զիջի թանկ նյութերից պատրաստված «Դիսնեյ-լենդին»: Էսքիզներն ունեմ՝ լույսերի մեջ կորած փոքրիկ փողոցներ, սառնարանների միջից դուրս եկող տիկնիկներ, բայց ոչ թե խանութից գնած, այլ թափոն, որոնք նոր տեսքով կներկայանան փոքրիկներին, ջրավազաններ եւ այլն… Սկզբի համար 1-2 հա տարածքը բավական է, հետո այն կարելի է ընդարձակել: Երկու տարի առաջ ընկերներս պատմեցին, որ Բելառուսում մի քանի սառնարանով նման բան են արել, սկզբում ուրախացա, այնուհետեւ տխրեցի, որ նույնը մեր երկրում չի իրականացվում»,- ափսոսում է արվեստագետը:

Մեր զրույցի ավարտին անդրադարձ եղավ նաեւ Մ. Բադալյանի գեղանկարչությանը: Նա ոչ միշտ է հարթ կտավի վրա նկարում: Ինչպես Քոչարի, այնպես էլ Մ. Բադալյանի որոշ գործեր գեղանկարչություն են՝ տարածության մեջ: «Դա կոլաժ չէ, բայց հարթ կտավ էլ չէ, ես նույնիսկ չգիտեմ՝ ինչպես բնորոշել»,- ասում է հեղինակը: Վիեննայի հայկական եկեղեցում է գտնվում նրա Տիրամայրը, Երեւանի սբ. Սարգսում՝ Սուրբ Սարգիսը, Արամ Խաչատրյանի դիմանկարը՝ ԱՄԷ մշակույթի նախարարի հավաքածուում եւ այլն: Մ. Բադալյանը փաստում է, որ հաճախ իր ձեւակերպմամբ այս կամ այն «հարուստիկը առանց հասկանալու հազարներ է վճարում աշխարհահռչակ նկարիչների գործերի արտանկարները գնելով»: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ նրանց կանայք իր մոտ են բերում նվեր ստացած ճոխ շրջանակով ոչինչ չասող խզբզոցներ ու խնդրում վրայից նոր բան նկարել: «Տեղյակ եմ, որ այս կամ այն երկրի դեսպանին Վերնիսաժից գնած նկարներ են նվիրում: Չեմ ուզում վիրավորել Վերնիսաժը, այնտեղ լավ նկարիչների գործեր էլ կան, բայց եթե երկիր պիտի ներկայացնի օտարին նվիրվող նկարը, պաշտոնյաները պարտավոր են արվեստագետների հետ խորհրդակցել»,- ասում է Մ. Բադալյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել