Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ՝ ԸՍՏ ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅ ԱՐԻՆԵՐԻ

Փետրվար 01,2007 00:00

\"\"Վերջիններս հայապահպանության նախարարություն են առաջարկում ստեղծել

«Լեզվի պետական տեսչությունը տասը հոգանոց աշխատակազմով չի կարող վերահսկել հանրապետության տարածքում գոյություն ունեցող լեզվական իրավախախտումները: Մյուս կողմից էլ՝ դա միայն մեր խնդիրը չէ, մենք լեզվական պետական քաղաքականություն իրականացնողն ենք»,- երեկ Ժուռնալիստների միությունում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարարության լեզվի պետական տեսչության նախագահ Լավրենտի Միրզոյանը: Նա այդպես պատասխանեց բոլոր այն դժգոհություններին, որոնցում քննադատվում է տեսչության աշխատանքը: Տեսնելով, որ տուգանելով ոչինչ չի ստացվում, վերջինս որոշել է խրախուսել անաղարտ հայերեն հրապարակումներով աչքի ընկնող լրատվամիջոցներին եւ գրական հայերենով խոսող պաշտոնյաներին:

Լ. Միրզոյանը տեղեկացրեց, թե ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի առաջարկությամբ առաջիկայում քննարկման կդրվեն նաեւ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները:

Արդեն 3-րդ անգամ, այս տարի էլ, փետրվարի 21-ին կնշվի Մայրենիի միջազգային օրը(՞): Ըստ Միրզոյանի, այդ առիթով կկազմակերպվեն պատանի ընթերցասերների մրցույթներ, մանկական գրքի շաբաթ, գիտական նստաշրջան, որի ընթացքում կքննարկվեն նաեւ հայերենի ուղղագրության միասնականացման հարցերը:

Երեկ Հայ արիական միաբանության գրասենյակում «Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբն» էլ էր ասուլիս հրավիրել, որի ընթացքում քննարկվեցին լեզվապահպանությանը վերաբերող հարցեր: Ասուլիսին չէին ներկայացել հեռուստաընկերությունները, ինչը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը գնահատեց այսպես. «Ուրեմն այսքանով են գնահատվում ազգային արժեքները»: Արիները հիշեցրին, որ բազում նամակներ են ուղարկել թե Լեզվի պետական տեսչություն, թե իշխանություններին՝ հայերենի աղավաղման մասին ահազանգերով, սակայն արդյունքի չեն հասել: Արիները նշեցին, որ չեն ընդունում Լեզվի տեսչության այն արդարացումը, թե 10 հոգանոց աշխատակազմով հնարավոր չէ վերահսկել լեզվական բոլոր աղավաղումները: ՀԱՄ անդամ, արեւելագետ, լեզվաքաղաքականության փորձագետ Սուրեն Գեղամյանը հիշեց, թե ժամանակին ինքն ինչպիսի գործունակ տեսչական խմբում էր աշխատում. «Իսկ հիմա այդ տեսչությունը մի բաժին է դարձել այն նախարարության կազմում, որն ամենաշատն է լեզվական իրավախախտումներ թույլ տալիս»:

Հայ արիական միաբանության անդամները սպառնացին, որ մի սեւ ցուցակ էլ իրենք են կազմելու, որտեղ տեղ կգտնեն օտարալեզու ապրանքանիշերով կազմակերպությունները: Դրանից հետո թող համապատասխան մարմինները պատժեն դրանց տերերին: Արիներն ասացին նաեւ, թե պատրաստ են համագործակցել Լեզվի տեսչության հետ, որպեսզի տեսնեն՝ «ո՞վ չի թողնում իրենց կազմակերպություն մտնեն ստուգումներ իրականացնելու համար»:

Այս ամենն իրականացնելու նպատակով ՀԱՄ-ը նույնիսկ առաջարկում է ստեղծել հայապահպանության նախարարություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել