Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն պայքարն արդյունավետ չէ

Փետրվար 01,2007 00:00

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպության անցկացրած հարցումները տխուր պատկեր են տալիս:

Վերջին 3 տարիներին կոռուպցիան Հայաստանում զգալիորեն աճել է: Համենայնդեպս, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության անցկացրած հարցմանն այսպես է պատասխանել հասարակության մեծ մասը: Այս պատասխանը հետաքրքիր է այնքանով, որ մեր երկրում հակակոռուպցիոն բազմաթիվ տեղական եւ միջազգային ծրագրեր են իրականացվում եւ, փաստորեն, դրանց արդյունքը հասարակ քաղաքացին չի զգում: Ավելին՝ հարցման մասնակիցների մեծամասնությունը գտնում է, որ կոռուպցիան այնքան արմատացած է մեր մեջ, որ այն ոչ մի դեպքում չի վերանա:

Նման հարցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլը» Հայաստանում անցկացրել է նաեւ 4 տարի առաջ՝ 2002-ին: Եթե այն ժամանակ մարդիկ մեր երկրում որպես չափազանց կոռումպացված ինստիտուտներ նշել են դատարանները, դատախազությունը եւ վարչապետի աշխատակազմը, ապա այս տարի առաջին հերթին շատ կոռումպացված են համարել վարչապետին, նախարարներին, ու նոր միայն՝ դատախազներին:

4 տարի առաջ պետավտոտեսչությունն էր մեր երկրում ամենակոռումպացված ոլորտը՝ իր «ճակատագիրը» կիսելով բանակի եւ առողջապահության համակարգի հետ, սակայն հիմա պատկերը փոքր-ինչ փոխվել է: Ամենակոռումպացված ոլորտները մեր երկրում, 2006-ի արդյունքներով, բացի պետավտոտեսչությունից, հարկայինն ու ընտրական համակարգն են:

Թեեւ ընդհանուր առմամբ հարցման մասնակիցները նշել են, որ մեր երկրում կոռուպցիան արմատացած է, սակայն անձամբ իրենք վախեցել են պատասխանել, թե վերջին 3 տարվա ընթացքում «ոչ պաշտոնական վճարումներ կատարե՞լ են»: Միայն հարցվածների 28.3%-ն է խոստովանել, որ 1-6000 դոլարի սահմաններում կաշառք են տվել պետավտոտեսուչներին, բժիշկներին եւ կրթական ոլորտի ներկայացուցիչներին: Ի տարբերություն 2002-ի հարցման, այս անգամ նաեւ նշվել է, որ տարբեր չափի կաշառք տվել են նաեւ պետռեգիստրին, ԴԱՀԿ-ին, օտարերկրյա դեսպանատներին, համատիրություններին եւ զագսին:

Թե ինչո՞ւ է Հայաստանում կոռուպցիան գնալով զարգանում՝ ըստ հարցվողների, հիմնական պատճառը օրենքների թերի կիրառումն է, հետո՝ կոռուպցիայի նկատմամբ հանրության հանդուրժողականությունը, կլանային շահերի գերակայությունը պետականի նկատմամբ, խնամի-ծանոթ-բարեկամ կապը եւ այլն: Մարդիկ կաշառք տալն արդարացրել են այսպես՝ նպատակին հասնելու այլ ճանապարհ չկա, կաշառքը պատժամիջոցից խուսափելու հարմար տարբերակ է եւ որ վերադասին պետք է անպայման «մուծվեն»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունն այս հարցումը կատարել է պատահականորեն ընտրված 1500 տնային տնտեսությունների շրջանում: Ինչպես երեկ «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում- 2006» ուսումնասիրության շնորհանդեսի ժամանակ նկատեց կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը, այնուամենայնիվ, 2002-ի համեմատ Հայաստանում որոշակի դրական տեղաշարժ կա. «Արդեն մարդիկ հասկանում են, որ կոռուպցիան Հայաստանում մեծ հիմնախնդիր է, եւ հարցվածների մեծ մասն այն որակում է որպես հանցագործություն եւ անբարոյականություն: Բացի այդ, ուրախալի է, որ մարդիկ հիմնականում պատասխանել են, որ իրենք կաշառք չեն վերցնի, քանի որ դա անընդունելի է եւ միայն 10%-ն է ասել, որ կվերցնի, որովհետեւ բոլորն էլ վերցնում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել