Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔՎԵՆ

Փետրվար 01,2007 00:00

\"\"Համապետական ընտրությունների ժամանակ զինվորականների քվեարկության ժամանակ գրանցված օրինախախտումները:

Վերջերս ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե բանակի զինծառայողների պարտադրված քվեարկության մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, եւ որ ինքը չի լսել զինծառայողների բաց քվեարկության մասին, իսկ եթե նման բան տեղի է ունեցել, ապա դրանք պետք է կոնկրետ փաստերով ամրապնդել: Հակիրճ հիշեցնենք արտասահմանյան եւ տեղական դիտորդների արձանագրած դեպքերը՝ կապված զինծառայողների քվեարկության հետ։

Սկսենք ՀՀ-ում համապետական նշանակության վերջին քվեարկությունից՝ 2005թ. սահմանադրական հանրաքվեից: Այսպես, 2005թ. դեկտեմբերի 8-ին ԵԽԽՎ-ն անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի ընթացքին եւ հիմք ընդունելով ԵԽ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների զեկույցը՝ իր հաշվետվության 31-րդ կետում արձանագրել է, որ ընտրախախտման ամենալուրջ խնդիրը քվեարկության գաղտնիության խախտումն էր, այդ թվում՝ զինվորականների: «Այն տեղամասերում, որտեղ քվեարկում էին զինվորականները, դիտորդները տեսել են, որ քվեաթերթիկները կնքելուց եւ քվեատուփ գցելուց առաջ բացվում եւ ստուգվում են»: Նույն հաշվետվության 32-րդ կետում ասված է, որ «զինվորականների քվեարկությունը լուրջ խնդիր էր: Նրանք բերվում էին տեղամասեր եւ ետ էին տարվում հրամանով: Թեեւ նրանց հրամանատարները դժվար թե չիմանային, որ ամեն մի քվեարկող իրավունք ունի նաեւ չքվեարկելու կամ ձեռնպահ մնալու, բացարձակապես չէր երեւում, որ այդ իրավունքը գործնականում կարող էր օգտագործվել: Այն տեղամասերը, որտեղ քվեարկել են զինվորները, եւ որտեղ նորից այցելել էին դիտորդները, ամրապնդեցին այդ տպավորությունը, քանի որ զինվորականների մասնակցությունը հավասար էր 100 տոկոսի»:

Զինծառայողների բաց ու շարային կարգով քվեարկության, նաեւ տեղամասից տեղամաս շրջելու եւ քվեարկելու հին ավանդույթի փաստագրումներ եղել են նաեւ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Դրանք արձանագրել են նաեւ միջազգային դիտորդները նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենց վերջնական զեկույցում, որը հրապարակվել էր Վարշավայում՝ 2003թ. ապրիլի 28-ին, եւ փաստել են. «Դիտորդները խնդիրներ տեսան նաեւ զինվորականների քվեարկության հետ կապված՝ ներառյալ բաց քվեարկությունը (օրինակ՝ թիվ 0362 ընտրատեղամասում)»:

«Առավոտի» հրապարակման համաձայն, «Երեւանի թիվ 3 ընտրատարածքի 0054 եւ 0056 տեղամասերում ընթանում է Ռազմական ակադեմիայի կուրսանտների բաց քվեարկություն՝ Ռ. Քոչարյանի օգտին»: Ընդ որում, այս տեղամասերում տեղի ունեցած քվեարկության մասնակից զինծառայողներից մեկը խոստովանել էր, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում իրենց բաժանվել էին Ռ. Քոչարյանի օգտին արդեն քվեարկված քվեաթերթիկներ, եւ ուսանողներին ու սպաներին մնում էր միայն այդ քվեաթերթիկները գցել քվեատուփի մեջ: Սակայն առաջին փուլում Ակադեմիայի կուրսանտների մի ստվար հատվածը, որը չէր ցանկացել կատարել հրամանատարների ցուցումն ու քվեարկել Ռ. Քոչարյանի օգտին, այդ քվեաթերթիկների վրա լրացուցիչ նշումներ էր արել՝ դրանք դարձնելով անվավեր: Երկրորդ փուլում, ըստ նույն աղբյուրի, քվեարկության տակտիկան փոխվել էր: Կուրսանտներին ու սպաներին բաժանվել էին սեւ գրող գրիչներ՝ քվեարկությունը վերահսկելու համար՝ միաժամանակ պահանջելով քվեաթերթիկում նշում անելուց հետո ցույց տալ քվեաթերթիկն ու նոր գցել քվեատուփի մեջ:

Լրագրողներն արձանագրել էին նաեւ, որ «թիվ 0362 ընտրական տեղամասում զինվորականների կողմից տեղի է ունեցել բաց քվեարկություն՝ Ռ. Քոչարյանի օգտին: Նույն զինվորականները քվեարկում են թիվ 18 ընտրատարածքի 0413, 0415, 0416 տեղամասերում»: Ընդ որում, այս խախտումների մասին ընդդիմության՝ ընտրական հանձնաժողովների անդամներն արձանագրություններ էին կազմել եւ հանդես եկել դիմում-բողոքներով, բայց դրանց, ինչպես միշտ, այդպես էլ ընթացք չտրվեց: Նույնը վերաբերում էր նաեւ Երեւանի թիվ 5 ընտրատարածքի 0096 ընտրատեղամասին, որտեղ եւս, մամուլի արձանագրմամբ, «տեղի է ունենում զինվորականների բաց քվեարկություն»: 2003թ. նախագահական ընտրություններից հետո առանձին հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերը եւ ասաց, որ «ԵԱՀԿ դիտորդները զեկուցել են մի շարք պրոբլեմների մասին», այդ թվում՝ «անհամապատասխան քվեարկություն՝ զինվորականների կողմից»:

Ինչ վերաբերում է 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ զինծառայողների քվեարկությանը, ապա՝ դարձյալ մամուլի արձանագրմամբ, Ստեփանավանում «թիվ 1124/39 ընտրական տեղամասում քվեարկած նույն զինվորականներին տարել են երկու ընտրատեղամաս՝ ընտրելու: Ընդդիմության բողոքներին արձագանքել են, թե մի ընտրատեղամասում զինվորները քվեարկել են համամասնական ցուցակի, մյուսում՝ մեծամասնականի օգտին»։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ զինվորականների քվեարկության վերաբերյալ արձանագրություններ կային նաեւ այսօր իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ նախընտրական շտաբի կողմից: Ըստ այդմ, «թիվ 33 ընտրատարածքի ՀՅԴ նախընտրական շտաբից տեղեկացրել են, որ Ճամբարակի ընտրատեղամասում զինվորականները քվեարկել են հատուկ առանձնացված կանաչ գրիչով, որպեսզի հետո վերահսկվեն արդյունքները»: Ըստ շտաբի տեղեկատվության՝ նրանց հանձնարարված է քվեարկել ՀՀԿ օգտին: ՀՅԴ վստահված անձը կազմել է արձանագրություն:

Թիվ 34 ընտրատարածքի 0572 ընտրատեղամասում նույնպես (Վարդենիսի թիվ 2 դպրոց) զինվորականները կատարել են բաց քվեարկություն՝ հօգուտ ՀՀԿ-ի: ՀՅԴ ընտրատարածքային նախընտրական շտաբից տեղեկացրել են, որ «տեղամասում ներկա ՀՅԴ վստահված անձանց դիմումները ոստիկանությանը մնացել են անպատասխան, եւ նրանք չեն ձեռնարկել որեւէ քայլ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել