Լրահոս
Օրվա լրահոսը

Նախահամագումարյան իրավիճա՞կ

Փետրվար 01,2007 00:00

Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Կարինե Հակոբյանի, դատավորներ Աստղիկ Խառատյանի եւ Լեւոն Գալստյանի, երեկ փոխեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի որոշումը եւ չեղյալ ճանաչեց 2006-ի սեպտեմբերին կայացած ՍԻՄ 17-րդ համաժողովի որոշումները:

Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտավ հրապարակման պահից։

«Դատարանի այս վճռով մենք վերադառնում ենք սեպտեմբերի 16-ի իրավիճակին, երբ համաժողովն ընդհատվեց զրպարտչական ելույթների պատճառով»,- «Ուրբաթ» ակումբում երեկ հայտարարեց Հրանտ Խաչատրյանը: Նա այժմ պատրաստվում է «մասնակցել կուսակցության առողջացմանն ու մաքրմանը», կարճ ժամանակում կուսակցության նոր համաժողով հրավիրել, որտեղ կլուծվեն ՍԻՄ ղեկավարության եւ հետագա ծրագրերի հետ կապված հարցերը: Հրանտ Խաչատրյանին չեն մտահոգում անգամ ՍԻՄ գրասենյակի դռների մոտ օր ու գիշեր կանգնած սափրագլուխ թիկնապահները: Ըստ ասուլիսին ներկա ՍԻՄ նախագահության անդամ Կարեն Վարդանյանի՝ դատարանի այս վճռից հետո, «եթե լինեն օրենքից շեղումներ, ապա հարկադիր կատարման մեխանիզմ կա: Եթե ուժեր կգտնվեն, որ կատաղի կդիմադրեն՝ մենք, ուրեմն, կդիմենք հարկադիր կատարման ծառայությանը»: Հրանտ Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ ստեղծված իրավիճակում ՍԻՄ-ը դժվար թե կարողանա մասնակցել ընտրություններին: Նա չբացառեց նաեւ իր եւ Հայկ Բաբուխանյանի միջեւ եղած տարաձայնությունների հետեւանքով կուսակցության տրոհման հեռանկարը, քանի որ «հիվանդագին խնդիրներն, այնուամենայնիվ, նորից շարունակվելու են»:

ՍԻՄ գործող նախագահ Հայկ Բաբուխանյանը երեկ ԶԼՄ-ներին հաղորդել է, որ պատրաստվում է Վճռաբեկ դատարանում բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը (ընդգծենք, որ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշումը, անցած տարի իրականացված օրենսդրական փոփոխություններով, ենթակա չէ բողոքարկման): Ըստ Բաբուխանյանի՝ բողոքարկումն անհրաժեշտ է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: Նա տարօրինակ է համարել այն, որ կուսակցությունից հեռացված մարդկանց հայցը բավարարվել է՝ այն դեպքում, երբ ՍԻՄ 17-րդ համագումարի օրինականությունը ճանաչել է արդարադատության նախարարությունը: «Ընդհանրապես կուսակցության ներքին գործերին կարող է խառնվել կուսակցականը, այլ ոչ թե փողոցից եկած 4 բոմժեր»,- Panorama-ի թղթակցին ասել է Հայկ Բաբուխանյանը:

Իսկ ՍԻՄ նախագահության անդամ Հովհաննես Գալաջյանն «Արմինֆո»-ին պնդել է, թե ոչ ոք չի վիճարկել կուսակցության նախագահի եւ նրա տեղակալի ընտրության արդյունքները. «Իսկ արդարադատության նախարարությունը պաշտոնապես գրանցել է ՍԻՄ կանոնադրությունը՝ դրա մեջ կատարված փոփոխություններով, որոնք ենթադրում են Հրանտ Խաչատրյանի հրաժարականի դեպքում բոլոր լիազորությունները նրա տեղակալին հանձնելու ընթացակարգ»:

Ե՛վ Հայկ Բաբուխանյանը, ե՛ւ Հովհաննես Գալաջյանը Վերաքննիչ դատարանի այս որոշումը համարում են իշխանությունների պատվերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել