Ասում է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը
– Թեպետ արդեն մի քանի օր է՝ հրապարակվում են լուրեր, որ կոալիցիայի խորհրդի նիստը պետք է տեղի ունենա փետրվարի 1-ին, սակայն մեր տեղեկություններով այն արդեն տեղի է ունեցել հունվարի 30-ին: Ի՞նչն է այդքան ծածուկ «միասին աշխատելու» պատճառը:
– Ոչ մի գաղտնի բան չկա, եւ նիստի նպատակը ԱԺ հերթական նստաշրջանից առաջ անելիքները ճշգրտելն է, քանի որ այլեւս նստաշրջան չի լինելու, որովհետեւ մայիսին ընտրություններ են, եւ դրանից հետո հերթական նստաշրջան հրավիրվելու է միայն սեպտեմբերին, այսինքն՝ փաստորեն 6-7 ամիս խորհրդարանը որեւէ օրենք չի ընդունելու: Կարծում եմ, սա կարեւոր հանգամանք է, որպեսզի հստակորեն ճշգրտվեին այն օրենքները, որոնք պետք է ընդունել մնացած ժամանակահատվածում: Սա է իրականությունը:
– Սակայն, ըստ մեր տեղեկությունների, կոալիցիոն ուժերը «Ժողպատգամավորի» հետ այցելել էին Ռոբերտ Քոչարյանին՝ նրա հետ վերջնականապես ճշտելու ցուցակները եւ մեծամասնականով առաջադրվողների հարցերը, այսինքն՝ ստանալու վերջնական «դաբրոն»:
– Կարծում եմ, լուրջ չի լինի, որ կուսակցությունները հավաքվեն եւ միմյանց հետ քննարկեն իրենց համամասնական ցուցակները: Նման բան երբեք չի եղել եւ չի կարող լինել: Իսկ եթե որեւէ կուսակցություն այդ հարցերը նախագահի հետ քննարկելու ցանկություն ունենա, բնականաբար կընտրի ոչ թե ընդհանուր հանդիպումների, այլ երկկողմ հանդիպումների ֆորմատը:
– Նաեւ տեղեկություններ ունենք, որ նախօրոք հայտարարված ՀՀԿ խորհրդի նիստն այսօր տեղի չի ունենա: Պատճառը լո՞ւրջ է:
– Խորհրդի նիստի օրակարգում որեւէ արտակարգ օրակարգային հարց չկա, սովորական ընթացիկ նիստ է, որը յուրաքանչյուր ամսվա վերջին կուսակցության խորհուրդը հրավիրում է եւ անցկացնում: Այս անգամ եւս նման նիստ էր տեղի ունենալու, եւ ոչինչ ավելին: Ինչո՞ւ տեղի չունեցավ՝ որոշ տեխնիկական դժվարություններ կան այսօր երեկոյան նիստ գումարելու հետ կապված:
– Եթե արտառոց, արտակարգ բան իրոք չի քննարկվելու, ուրեմն պարզապես զարմանալի է, քանի որ այսօր կարծես քաղաքական հարցերը լուծվում են հենց ձեր կուսակցությունում: Եվ եթե խորհրդի նիստում չեք քննարկում, որտե՞ղ եք այդ բանն անում:
– Բայց մենք ժամանակ ունենք, մեկ ամիս, եթե ոչ՝ ավելի, մենք ժամանակ ունենք, կարծում եմ, փետրվարի վերջին խորհրդի նիստ կգումարվի եւ այդ նիստում կքննարկվի կուսակցության համամասնական ցուցակների խնդիրը:
– Իսկ այս ցուցակում կլինե՞ն լուրջ անակնկալներ, այսինքն՝ կլինե՞ն մարդիկ, ում անունները կարդալով կզարմանանք, որ նրանք հենց ՀՀԿ ցուցակում են:
– Կարծում եմ, այդքան լուրջ անակնկալներ չեն լինի:
– Օրինակ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կլինի՞ ՀՀԿ ցուցակում:
– Անկեղծ որ ասեմ, մի քիչ զավեշտալի են այն քննարկումները, որ վերջին կես ամսվա ընթացքում տեղի են ունենում մամուլում: Իհարկե, դրանց նպատակը ինձ համար գոնե շատ պարզ է՝ տարբերակներ են առաջարկում առաջին հերթին մարդիկ, որոնք հետաքրքրված են ցուցակներով: Ինչ-որ տարբերակ են շրջանառության մեջ դնում՝ սպասելով արձագանքների: Եվ այդ արձագանքներից փորձում են ինչ-որ հետեւություններ անել: Եվ այս, պայմանական ասեմ՝ խաղի մեջ ներգրավվել են լրագրողները, ինչը ես բնական եմ համարում: Լրագրողների հետ կապված որեւէ խնդիր չունեմ, բնականաբար՝ ձեր խնդիրն է տեղեկությունը հասցնել հասարակությանը, նաեւ ճշտել դրա հավաստիությունը: Բայց քանի դեռ կուսակցությունների ցուցակները չեն հրապարակվել, բոլոր խոսակցություններն անիմաստ են եւ ոչ օգտակար հենց կուսակցությունների համար: Մարդիկ հետաքրքրված են իրենց քաղաքական ճակատագրով, ուզում են ճշգրտումներ անել, բայց, մյուս կողմից էլ, անիմաստ լարվածությունը օգտակար չի որեւէ մեկի համար:
– Դաշնակցությունը չի բացառում իր ընդդիմություն դառնալը, եթե ընտրություններում իր սպասածի չափով ձայներ չհավաքի:
– Հայտնի են մեխանիզմներ` նրանք, ովքեր չեն մասնակցում կառավարության ձեւավորմանը, ինքնաբերաբար ընդդիմություն են: Այնպես որ, ընդդիմություն լինելը ոչ քաջություն է եւ ոչ էլ Աստծո շնորհ: