Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Փետրվար 01,2007 00:00

Այս անգամ նրանք երկարաժամկետ առաքելություն ունեն

Մայիսի 12-ին տեղի ունենալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններն աշխուժություն են առաջացրել նաեւ Հայաստանի իրավապահ համակարգում: Հայ ոստիկանները յուրովի են նախապատրաստվում այդ ընտրություններին, ընդ որում՝ աչքի տակ ունենալով ավելի երկարաժամկետ ծրագրեր: Բանն այն է, որ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը հանրապետության բոլոր տարածքներում՝ մարզերում եւ համայնքներում ոստիկանության ծառայությանն ուժեղացված ռեժիմով աշխատելու հանձնարարական է տվել՝ մայիսի 5-30-ը ներառյալ: ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ իշխանություններն ու այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետը մտավախություն ունեն, որ ԱԺ ընտրություններից հետո հանրապետությունում կրկին անհանգիստ է լինելու: Դե, գիտեք՝ ընդդիմությունը կարող է բողոքի ակցիաներ կազմակերպել ընտրություններում տեղի ունեցած կեղծիքների դեմ: Հայ ոստիկանները, ըստ ամենայնի, նաեւ լուրջ են ընդունել ընդդիմության առանձին գործիչների այն հայտարարությունները, թե՝ ԱԺ ընտրությունները պատեհ առիթ կարող են լինել երկրում ժողովրդավարական հեղափոխություն կամ իշխանափոխություն անելու համար: Միեւնույն ժամանակ, հայաստանյան իրավապահները նաեւ որոշակի մտահոգություններ ունեն՝ կապված հավանական այն զարգացումների առնչությամբ, ըստ որոնց՝ ընդդիմության կոչով մարզերից մարդիկ կարող են շարժվել Երեւան՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար, ինչպես սովորաբար լինում էր նախորդ տարիներին: Անհանգստության պատճառն այս համատեքստում այն է, որ, ոստիկանների կարծիքով, այս անգամ դժվար է լինելու կանխել մարզերից դեպի մայրաքաղաք մարդկանց հնարավոր զանգվածային շարժը, որովհետեւ ՀՀ ոստիկանությունն այլեւս իրավունք չունի ճանապարհներին ՊԱՏ-ի թաքուն կամ անթաքույց «պոստեր» ունենալ: Հիմա մեր «գաիշչնիկները» միայն «շրջիկ» են լինելու: Իհարկե, ընդդիմադիր որոշ գործիչների կարծիքով, այս նոր կարգը ոստիկանների համար մարզերից եկողների ավտոբուսները կամ մեքենաները կանգնեցնելու լուրջ խոչընդոտ չի լինի, որովհետեւ ավտոտեսուչները հիմա էլ կարող են ճանապարհով վերուվար անել ու հընթացս կանգնեցնել իրենց դուր չեկած կամ կասկածելի մեքենան ու տանել տուգանային հրապարակ:

ՀՀ ոստիկանության գործը բարդացրել է նաեւ այն, որ միջազգային ատյանների համառ պահանջների արդյունքում «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքից» հանվել է քաղաքացուն 15-օրյա վարչական կալանքի ենթարկելու դրույթը: Բայց, պարզվում է, ոստիկանները վերջնականապես հուսահատված չեն՝ խորհրդարանական ընտրություններից հետո «հասարակական կարգի» դեմ ոտնձգությունները կանխելու իմաստով: Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայությունում՝ ՊՊԾ հրամանատար, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի հսկողությամբ, ուսումնամարզական վարժանքներ՝ «ուչենիաներ» են սկսվել. շարքային ոստիկաններին վարժեցնում են, թե ինչպես պետք է «վնասազերծել հասարակական կարգը խախտող ագրեսիվ ամբոխին»:

Իհարկե, հանուն արդարության պետք է ասել, որ իրավապահները պատրաստվում են կանխել ոչ միայն ընդդիմության բողոքի ակցիաները, այլեւ իշխանական կուսակցությունների եւ նրանց համակիրների կողմից հնարավոր «ռազբորկաները»:

Այսպես, ՀՀ ոստիկանապետը մեկ այլ հանձնարարական էլ տվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանին՝ մինչեւ 2007թ. մարտի 1-ը ձեռքի տակ ունենալ Երեւանի, նաեւ հանրապետության մարզերի այն բնակիչների անձնական տվյալներն ու նրանց հարազատական, ընկերական կապերի մասին տեղեկությունները, որոնք, ըստ ոստիկանության, անդամակցում կամ համակրում են մասնավորապես ՀՀԿ-ին, «Բարգավաճ Հայաստան», «Հանրապետություն», «Դաշինք» կուսակցություններին, ինչպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանի հիմնադրած «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնություններին: ՀՀ ոստիկանապետը նաեւ իր տեղակալներին՝ Արմեն Երիցյանին եւ Հովհաննես Հունանյանին է հանձնարարականներ տվել: Ըստ այդմ, վերը նշված տեղեկություններ հավաքելու համար օգտագործել ՀՀ ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչությունում (7-րդ վարչություն) եղած հատուկ քարտադարանը: ՀՀ ոստիկանապետը, մեր տեղեկություններով, հիշյալ անձանց տեղեկացրել է, թե լուրջ վտանգ կա, որ ընտրություններից առաջ եւ հետո հնարավոր են լուրջ բախումներ ոչ միայն ընդդիմության եւ իշխանության, այլեւ իշխանության կողմից հովանավորյալ կուսակցությունների միջեւ, ուստի անհրաժեշտ է դրանց բոլորին պահել տեսադաշտում՝ գործի դնելով նաեւ ՀՀ ոստիկանության գործակալական ողջ ցանցը: Ընդ որում, Հ. Հարությունյանը հատուկ շեշտել է, որ այդ գործողություններն իրականացնելիս կուսակցությունների նկատմամբ տարբերակումները պետք է բացառվեն:

Ըստ մեր աղբյուրների, առաջիկա ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո երկրում «կայունության» ապահովման գործում իր ներդրումից ու իշխանությանը սպառնացող վտանգներին դիմագրավելու «օպերացիայի» հաջող իրականացումից է կախված ՀՀ ոստիկանապետ Հայկ Արտյոմիչի «կարիերայի» ապագան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել