Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐԱՃԱՇԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Փետրվար 01,2007 00:00

\"\"Կառավարության նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միության 4-րդ համաժողովը:

Այդ միության 20 հազար անդամներին ներկայացնող 650 պատվիրակների առջեւ ելույթով հանդես եկավ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որին դիմավորեցին հոտնկայս, բուռն ու երկարատեւ ծափահարություններով եւ «Օ՛-րի՛-նա՛ց» վանկարկումներով: «Երիտասարդության ազգային զեկույցի համաձայն, որը հրապարակվեց 2 ամիս առաջ, 16-30 տարեկան 840 հազար երիտասարդներ կան այսօր Հայաստանում, որոնց շուրջ 77%-ն իր ապագան տեսնում է Հայաստանի սահմաններից դուրս: Ինչո՞ւ մենք պետք է մեր ապագան փորձենք կառուցել օտար ափերում: Ինչո՞ւ մենք պետք է փորձենք հարգել օտարի օրենքը, կառուցել օտարի տունը: Ինչո՞ւ մենք չենք կարող մեր աշխատանքով շենացնել մեր հայրենիքը»,- այս հարցադրումները հնչեցրեց ՕԵԿ նախագահը: Եվ որպես առաջնահերթ խնդիր՝ նշեց. «Պետք է քաջություն ունենանք հաղթահարելու վստահության ճգնաժամը, որ կա այսօր երիտասարդների մոտ»: Արթուր Բաղդասարյանը նաեւ հայտարարեց. «ՕԵԿ ցուցակում՝ որպես ապագա ԱԺ պատգամավորներ, կընտրվեն երիտասարդներ, ովքեր ունեն նոր մոտեցումներ ու գաղափարներ, պայքարի ոգի եւ պատրաստ են պայքարելու լավ Հայաստան ունենալու համար»:

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն իր ելույթում հայտարարեց. «2007-2008 թվականները որոշելու են Հայաստանի ապագան: Այս ժամանակահատվածում կձեւավորվեն նաեւ այն հիմքերը, որոնք մեր երկիրը կտանեն կա՛մ դեպի թույլ, պարփակված, տարածաշրջանին չինտեգրված պետություն, կա՛մ ինտեգրված, սեփական խոսքն ասող, նոր՝ երիտասարդ սերնդի ներուժն ու էներգիան բացահայտող հասարակություն: Մենք սա՛ ենք ուզում»:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը դիմելով ՕԵԿ երիտասարդական միության պատվիրակներին՝ ասաց. «Սիրելի երիտասարդներ, կարծում եմ՝ գոնե դուք ունեք շատ բարձր ճաշակ եւ ճիշտ եք կայացրել ձեր որոշումը՝ լինելով «Օրինաց երկրում»: Դուք քայլում եք մի կուսակցության շարքերում, որի ղեկավարը նույնպես երիտասարդ է»:

Համաժողովում ողջույնի ելույթներով հանդես եկան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ ԱԺՄ երիտասարդական կառույցի ներկայացուցիչները:

ՕԵԿ երիտասարդական միության նախագահ Սամվել Ֆարմանյանի հաշվետու զեկույցում ակնարկ կար ՀՀԿ երիտասարդական կառույցի կողմից կազմակերպվող «Բազե» հավաքների հասցեին: Սամվել Ֆարմանյանը նշեց, թե իրենց «Օրինաց ամառ» եւ «Օրինաց ձմեռ» երիտասարդական հավաքները կազմակերպել են երիտասարդների ֆինանսական միջոցներով, դրանց համար միջոցներ չեն հատկացվել պետբյուջեից եւ իրենք էլ չեն գտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, սակայն դրանից չի տուժել իրենց հավաքների որակը: Մի ակնարկ էլ «Բարգավաճ Հայաստանի» եւ «բարեգործություն» անող այլ կուսակցությունների հասցեին էր: ՕԵԿ երիտասարդական միության ղեկավարը հայտարարեց, թե ծերանոց իրենց այցելությունները եւ բարեգործական այլ ակցիաները քաղաքական նպատակ չեն հետապնդել եւ չեն գովազդվել որեւէ կերպ: Թերեւս մի ակնարկ էլ «գործառույթ» բառի ուրույն ընկալմամբ հայտնի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին էր վերաբերում. Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, թե հեռուստաեթերով պարտադրում են գործիչների, «ովքեր տարիների ընթացքում այդպես էլ չեն կարողանում տարբերակել երկու տարրական բառերի իմաստային տարբերությունները»:

ՕԵԿ երիտասարդական միության նախագահը նշեց, թե իրենց ողջ ջանքերն առաջիկայում ուղղված են լինելու ընտրություններում ՕԵԿ-ի հաղթանակի ապահովմանը, եւ հավելեց. «Հայտնի է, որ աշխարհում երբեք այդքան ոգեւորված չեն ապրում, որքան խնջույքների, որսի եւ ընտրությունների ժամանակ: Ուրեմն մեզանից ինչպիսի՜ մեծ նվիրում ու կամք է պահանջվում հակակշռելու որսի եւ խնջույքների անվերջ սիրահար, ընտրությունների պատրաստվող զանազան կեղծարարների ու թվանկարչության սիրահարների անզուսպ եւ չարամիտ մղումները»:

Հ. Գ. Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե կուսակցության ցուցակը դեռ հստակեցված չէ եւ հայտնի կդառնա ՕԵԿ արտահերթ համագումարում: Կուսակցության փոխնախագահը չպատասխանեց այն հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ Ոուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը՝ Սերգեյ Աբրահամյանն այս անգամ ընտրություններին մասնակցելու է ՕԵԿ համամասնական ցուցակով: «Ցուցակը հրապարակային կներկայացվի՝ կտեսնեք»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել