Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիզիկական կուլտուրա՝ առանց մարզադահլիճի

Հունվար 31,2007 00:00

Այս պայմաններում ֆիզկուլտուրայից «քննություններ» են անցկացվում

«Ֆիզիկական դաստիարակության դասերը մեր դպրոցում տապալվում են, որովհետեւ ունենք խիստ անբավարար պայմաններ: Քանի որ սպորտդահլիճը գտնվում է դպրոցի անավարտ մասնաշենքում, դասասենյակներից մեկը ժամանակավորապես ծառայում է որպես հարմարեցված փոքրիկ դահլիճ»,- ասաց թիվ 200 դպրոցի տնօրեն Միլա Խասափյանը: Նա տեղեկացրեց, որ 15 տարի դիմել են տարբեր ատյաններ՝ դպրոցի սպորտային դահլիճը վերանորոգելու խնդրանքով, սակայն միայն այս տարի է դպրոցը մտել պետական ծրագիր եւ Սպորտկոմիտեի աջակցությամբ կկատարվի դպրոցի մարզական դահլիճի վերանորոգումը: «Չնայած դպրոցը ջեռուցվում է, սպորտային պայմանները գրեթե բավարար են, այնուամենայնիվ, որոշ խնդիրներ գոյություն ունեն: Պիտի լինեն նաեւ բակային խաղեր, սակայն բակային պայմաններն էլ բարեկարգ չեն: Անկախ աշակերտների քանակից, դպրոցը պիտի երկու սպորտային դահլիճ ունենա, որոնք ըստ տարիքային խմբերի կահավորված կլինեն»,- կարծում է թիվ 105 դպրոցի տնօրեն Բելլա Սուքիասյանը:

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանից էլ տեղեկացանք, որ իրենք համապատասխան սպորտային գույք ստացել են քաղաքապետարանից, ոչ մի ծրագիր չեն իրականացնում Սպորտկոմիտեի հետ: Բայց դպրոցում կան համապատասխան պայմաններ ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման համար, օրինակ՝ կահավորված երկու մարզական դահլիճ:

Դպրոցներում նմանատիպ հարցում կատարելու առիթը ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի՝ վերջերս ներկայացրած տարեկան հաշվետվությանն ի պատասխան՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությունն էր կոմիտեին: Ըստ վարչապետի, կոմիտեն պիտի մշակի համապատասխան ծրագիր, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկի հանրակրթական դպրոցների մարզադահլիճներն ու մարզական գույքն առավել արդյունավետորեն օգտագործելու ուղղությամբ:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ Սպորտկոմիտեից: Ըստ այդ գերատեսչության նախագահի տեղակալ Հարություն Յավրյանի՝ «Կոմիտեի հիմնական նպատակը պիտի լինի դպրոցներում ֆիզիկական դաստիարակությունը կազմակերպելու համար նորմալ պայմանների ստեղծումը: Հետո միայն կարող ենք մտածել որակի բարձրացման, առարկայի դասավանդման ժամերի շատացման հարցերի շուրջ»: Նա տեղեկացրեց, թե կառավարությունը, չնայած նախկին 180 մլն-ի փոխարեն արդեն 230 մլն դրամ է հատկացրել կոմիտեին՝ դպրոցներին համապատասխան գույքով ապահովելու համար, այնուամենայնիվ, դա նորից չի բավարարում. «Կառավարության ֆինանսական աջակցությանը զուգահեռ, աճել են նաեւ դպրոցների պահանջները: Օրինակ՝ եթե նախկինում դպրոցները բավարարվում էին պարսկական արտադրության գույքով, ապա այսօր պահանջում են շվեդականը, ավելի որակյալը: Հատկացված գույքի քանակն էլ չի բավարարում դպրոցներին»:

Եվ այս պայմաններում, ինչպես գիտենք, վերջին տարիներին, դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայից 8-րդ եւ 10-րդ դասարանցիները պարտադիր քննություն են հանձնում:

«Կարծում եմ, դեռ վաղ էր այդպիսի քննությունը մտցնելու համար»,- ասաց Հ. Յավրյանը: Իսկ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը կարծում է. «Վաղ չէ, քանի որ, եթե 12 տարի էլ սպասեինք, արդեն շատ ուշ կլիներ, այդ քննությունն առարկայի վարկը բարձրացրեց, նաեւ հիմք հանդիսացավ դպրոցներում մարզական պայմանների բարելավմանը»:

Օնիկ Վաթյանից տեղեկացանք, որ 2007-ին 1-ին դասարաններում ֆիզիկական դաստիարակություն առարկան կդասավանդվի շաբաթական 3 ժամով: Իսկ անցյալ տարվա 1.2 մլրդ դրամի փոխարեն այս տարի 3.7 մլրդ դրամ է տրամադրվել քաղաքապետարանին՝ շուրջ 44 դպրոցի հիմնանորոգման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել