Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հույսը դրել է սփյուռքահայերի վրա

Հունվար 31,2007 00:00

\"\"Ֆանտան գյուղի մշակույթի տան վերանորոգումը կառավարությունն առայժմ չի նախատեսում:

«Ֆանտանի մշակույթի տունը ողջ մարզում միակ նման կառույցն էր: Մինչեւ երկրաշարժը մեր երեխաներն այնտեղ պարի ու ասմունքի դասեր էին անցնում, ինչ-որ բան սովորում էին, իսկ հիմա այդ մշակույթի տնից միայն դատարկ պատերն են մնացել: Գյուղում ինչքան շուն ու առնետ կա՝ հավաքվել են այդ ավերակում: Մարզպետարանը ոչ մի միջոց չի ձեռնարկում՝ նախկին մշակույթի տունը ոտքի կանգնեցնելու»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի բողոք հայտնեցին Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչները: Նրանց ներկայացմամբ՝ Ֆանտանի երիտասարդները պարապությունից պատերի տակ «բլոտ» են խաղում ու հայրենիքի համար պիտանի մարդ դառնալու փոխարեն «ղումարբազություն» անում:

Ֆանտանը մարզի ամենաաղքատ գյուղերից է: Առանց այդ էլ այս գյուղում բազմաթիվ խնդիրներ կան. գյուղի հիմնադրման օրից ֆանտանցիները ոռոգման եւ խմելու ջուր չունեն: Ինչպես գիտենք, ընդամենը վերջերս ապամոնտաժել ու թալանել էին Ֆանտանի միակ հարստությունը՝ ոռոգման ցանցի խողովակները, որը խուճապի էր մատնել գյուղացիներին: Այդ խողովակները կենսական նշանակություն ունեն ֆանտանցիների համար, քանի որ դրանցով պետք է ոռոգվեին Ֆանտանի 300 հեկտար անջրդի դաշտերը: Գյուղացիների ներկայացմամբ՝ իրենք անտեսված են բոլորի կողմից եւ իրենց խնդիրները ոչ ոքի չի մտահոգում: Վերջին տարիների ընթացքում միակ օգնությունը, որ ստացել են ֆանտանցիները, անվճար տրամադրված 247 ջրաչափն է, այն էլ՝ հատկացվել է ոչ թե մարզպետարանի կամ գյուղապետարանի կողմից, այլ «Հայ կանայք՝ հանուն առողջության» հասարակական կազմակերպության միջոցներով: «Մեր տերը հայ կանայք են»,- ասում էին գյուղացիները:

Ֆանտանի բնակիչները մշակութապաշտ են: Նրանք իրենց երեխաների բերանից կտրելով՝ ամբողջ գյուղով որոշ գումար են հավաքել, որ նախկին մշակույթի տունը վերականգնեն, բայց միջոցները չեն բավականացրել:

Այս առնչությամբ Ֆանտանի գյուղապետ Նորայր Կարապետյանն «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ մարզպետարանը հնարավոր ամեն ինչ անում է գյուղի համար: Այդուհանդերձ, մշակույթի տունը վերականգնելու ծրագիր մարզպետարանը չունի: Գյուղապետը հույսը դրել է սփյուռքահայերի աջակցության վրա. նրան «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ խոստացել են, որ այդ մշակույթի տան համար ֆինանսներ կտրամադրեն: Սփյուռքահայերի փողերը մինչ օրս դեռ տեղ չեն հասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել