Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԸ ՀՈԳԵԲՈՒՅԺԻՑ ՎՐԵ՞Ժ Է ԼՈՒԾՈՒՄ

Հունվար 31,2007 00:00

Մինչ հոգեբույժներն աթոռի կռիվ են տալիս՝ հոգեկան հիվանդներն իրենց կախում են, վայր են նետում ու ինքնասպան լինում:

Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում անգամ հասարակ բժիշկ աշխատելու համար պետք է մարզպետի «դաբրոն»: Եթե մարզպետի հետ «թարսված» եղար՝ կմնաս գործազուրկ: Այսպիսի դժգոհություն է հայտնում Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի նախկին աշխատակից Ֆերդինանտ Գյոլեցյանը, ով երկու տարի առաջ ազատվել է հոգեբուժարանի վարչության պետի իր աշխատանքից ու մինչ օրս, լինելով փորձառու մասնագետ, չի կարողանում աշխատանք գտնել:

Հոգեբույժ Գյոլեցյանի պատմելով՝ վերջերս ինքը, տեղեկանալով Ախուրյանի զինկոմիսարիատում հոգեբույժի թափուր հաստիքի մասին՝ հայտ էր ներկայացրել: «Զինկոմիսարը մեծ հաճույքով ինձ ընդունեց, սակայն հաջորդ օրը հայտնեց, որ առողջապահության վարչության պետ Սաթենիկ Բեյբությանը իրեն զգուշացրել է՝ բժիշկ Գյոլեցյանին աշխատանքի չընդունել, քանի որ նա թոշակառու է: Նման բան առաջին անգամ էի լսում, որ բժիշկը թոշակառու լինելու պատճառով իրավունք չունենար աշխատելու, այս պահանջը միայն վարչական աշխատողներին է վերաբերում: Պատկերացրեք՝ սա այն դեպքում, երբ հոգեբուժարանում իմ նախկին տեղը զբաղեցնում է ինձանից չորս տարով մեծ բժիշկ եւ մարզում 70-ից ավելի թոշակառու բժիշկներ են գործում»,- դժգոհեց հոգեբույժը: Պարզաբանելու համար, թե ինչու են այդպես կամայական վերաբերմունք դրսեւորում իր հանդեպ, նա անձամբ է դիմել առողջապահության վարչության պետ Սաթենիկ Բեյբությանին: Վերջինս էլ, Գյոլեցյանի պատմելով՝ նրան աշխատանքի չընդունելն այսպես է պատճառաբանել. «Դուք այսօրվա կտրվածքով իրավունք չունեք աշխատելու, որովհետեւ չունեք քաղաքական մտածելակերպ»:

Ըստ Ֆ. Գյոլեցյանի, իրականում իրեն աշխատանքի չեն ընդունում, որովհետեւ ինքը Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի ու հոգեբուժարանում նրա հովանավորությամբ բժիշկներ նշանակելու դեմ մամուլում նյութեր է հրապարակել: Մարզպետն էլ մինչ օրս Գյոլեցյանին պատժում է՝ թողնելով գործազուրկ:

Երկու տարի առաջ Գյումրիի հոգեկան հիվանդների կենտրոնում կադրային մեծ փոփոխություններ եղան: Կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատեցին ու մարզպետի նշանակումով տնօրեն դարձավ մարզպետի կուսակցական ընկերը՝ միկրոմանկաբույժ Նադեժդա Վարդանյանը: Կենտրոնի տնօրինությունը բողոքի մեծ ալիք բարձրացրեց նոր տնօրենի դեմ ու այդ ժամանակ Ֆերդինանտ Գյոլեցյանը, ի նշան բողոքի, դուրս եկավ աշխատանքից: Ըստ Գյոլեցյանի, անթույլատրելի է, որ հոգեբուժարանի տնօրենը «հոգեբուժությունից գաղափար չունեցող» մեկն է: «Այն, որ կենտրոնում պրոֆեսիոնալ հոգեբույժներ չեն աշխատում, բոլորին նշանակում են, հանգեցրել է նրան, որ այնտեղ դժբախտ պատահարներն անխուսափելի են: Օրինակ, անցյալ ամռանը հոգեկան հիվանդներից մեկը պատուհանի ճաղերը պոկել էր ու օրը ցերեկով ինքնասպան եղել՝ իրեն շենքից վայր գցելով»,- բողոքեց գործազուրկ հոգեբույժը:

Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադեժդա Վարդանյանն այս առնչությամբ «Առավոտին» պարզաբանեց, որ հոգեկան հիվանդի ինքնասպանության այդ դեպքն աքսիոմա չէ. «5 տարի առաջ էլ, Գյոլեցյանի օրոք, նորից նման դեպք եղել է: Այն ժամանակ հիվանդը փոքրիկ տնակատիպ կենտրոնում կախվել էր ու 110 հոգանոց կոլեկտիվից ոչ մեկը չէր տեսել: Իսկ ներկայիս 22 պալատ ունեցող եռահարկ շենքում ճաշի ժամին իր ամուսնու հետ հաշտ ու խաղաղ զրուցող հիվանդը, ինչ-որ տեղ, հնարավոր էր, որ նետվեր: Իհարկե, դա ցանկալի չէ, բայց զավեշտալի է այդ ինքնասպանությունը կապել իմ՝ ոչ համապատասխան մասնագետ լինելու հետ: Ցանկացած մանկաբույժ ավելի մարդասեր ու հումանիստ է, քան հոգեկան հիվանդի նմանվող հոգեբույժը: Բացի այդ, ես 1 տարի, որպես հոգեբույժ, մասնագիտացել եմ Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում»:

Առողջապահության վարչության պետ Սաթենիկ Բեյբությանի պարզաբանմամբ էլ՝ ոչ ոք Գյոլեցյանի դեմ հատուկ միտում չունի. «Ախուրյանի զինկոմիսարիատում հոգեբույժի թափուր հաստիք չկա, եթե լիներ էլ՝ նախապատվությունը տրվելու էր երիտասարդ կադրերին, քանի որ տարածքային կառավարման նախարարը իր 05.06.2006թ. գրությամբ մարզպետներին տեղեկացրել է, որ զորակոչային հանձնաժողովներում տեղ գտած թերացումները պայմանավորված են տարիքն անցած մարդկանց ընդգրկելու գործոնով: Իսկ ինչ վերաբերում է Գյոլեցյանի քաղաքական հայացքներին, անկեղծորեն ասում եմ՝ ես բացարձակապես դրանց ծանոթ չեմ եւ ինքս էլ ոչ մի կուսակցության չեմ պատկանում»,- արդարացավ առողջապահության վարչության պետը:

Նադեժդա Վարդանյանը, թեեւ նույնպես հավաստիացրեց, որ իրենց կենտրոնում թափուր աշխատատեղ չկա, այդուհանդերձ, խոստացավ, որ եթե Գյոլեցյանը դիմի՝ աշխատատեղ կունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել