Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-Ն ՎՍՏԱՀ Է ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»

Հունվար 31,2007 00:00

Ասում է համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը

– Մամուլում հրապարակումներ կան, որ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը Դուք եք լինելու, սակայն ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ համամասնական ցուցակում 4-րդն էիք, այս անգամ լինելու եք 5-րդը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Ինձ զարմացնում է ոմանց խիստ հետաքրքրությունն ու անհանգստությունն այդ հարցով: Եվ որպեսզի այդ մարդիկ շատ չտանջվեն, ասեմ, որ նման քննարկում եղել է, եւ օրենքով սահմանված ժամկետում կհայտարարվի ՀՀԿ շտաբի պետը: Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա պետք է այս հարցով եւս հիասթափեցնեմ տարբեր թերթերում տարբեր լուրեր տարածողներին. կուսակցության համամասնական ցուցակի առաջին չորս տեղերում որեւէ փոփոխություն չի լինելու եւ ինչ-որ բան փոխելու քննարկում չի էլ եղել. առաջին քառյակը նույնն է, որը կար 2003-ին: Ես, իհարկե, հասկանում եմ, որ ոմանց ձեռնտու է նման կարգի ինտրիգներ հրահրելով փորձել տարաձայնություններ մտցնել ՀՀԿ խորհրդում, սակայն զուր ջանքեր են: Պարզապես այդ մարդկանց խորհուրդ կտայի բանսարկություններով եւ ջուր պղտորելով զբաղվելու փոխարեն՝ ժողովրդի համար մի լավ գործ անեն, եթե, իհարկե, նման բանի ընդունակ են: Ես հասկանում եմ, որ բավականին պատասխանատու փուլ ենք մտնում եւ ջուր պղտորողներ շատ են լինելու, եւ չեմ բացառում նաեւ, որ մեր թիմում եւս կարող են լինել նման կարգի երրորդական-չորրորդական մարդիկ, բայց ուզում եմ հիասթափեցնել նրանց, որովհետեւ ինձ հնարավոր չի լինելու ներքաշել իրենց էժան բանսարկությունների դաշտը: Հանրապետական կուսակցությունը շատ ավելի լուրջ եւ պատասխանատու գործերով է զբաղված, որպեսզի թե՛ կուսակցության նախագահը, թե՛ խորհրդի նախագահը, կամ ես ավելորդ ժամանակ ունենանք արձագանքելու թերթերի հրապարակումներին:

– Հայտնի է, որ հուլիսյան համագումարից հետո կուսակցական դարձած գործարարները ձգտելու են կուսակցության ցուցակով գալ խորհրդարան: Բայց տեղերը սահմանափակ են:

– Ե՛վ կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը, ե՛ւ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս ասել են, որ կուսակցության ցուցակում գործարարների եւ ոչ քաղաքական դեմքերի ներկայությունը հասցվելու է նվազագույնի։ Ինչ վերաբերում է ցուցակը կազմելուն, ապա հավատացնում եմ ձեզ, որ մամուլը, ինչպես միշտ, այդ հարցը եւս խիստ չափազանցում է: ՀՀԿ համամասնական ցուցակը կազմվելու է խիստ տրամաբանական սկզբունքով՝ հաշվի առնելով տվյալ գործչի վաստակը, կշիռը եւ նաեւ ապագայում կուսակցության խնդիրները իրագործելու նրա հնարավորությունները: Շուտով կհրապարակվի համամասնական ցուցակը, եւ ես վստահեցնում եմ, որ դուք այնտեղ չեք հանդիպի անուններ, որոնց համար Հանրապետական կուսակցությունը կարող է անհարմար զգալ:

– Ասում են, որ ձեր կուսակցության ցուցակում ընդգրկվելու «գլխագինը» հասել է մեկ միլիոն դոլարի:

– Մեր կուսակցությունում ոչինչ չի վաճառվում, այդ թվում նաեւ համամասնական ցուցակի տեղերը: Խորհուրդ կտայի անընդհատ հղում չանել մամուլի այս կամ այն հրապարակմանը, այլապես կստացվի, որ մենք, մեր բան ու գործը թողած՝ ամեն օր պետք է պատասխանենք հերթական անհեթեթությանն ու հերյուրանքին։ Ես արդեն ասացի, որ ՀՀԿ ցուցակում գործարարների թիվը հասցվելու է նվազագույնի, եւ միայն դա հաշվի առնելով՝ արդեն անլուրջ են խոսակցությունները ինչ-ինչ գումարների մասին:

– Ի՞նչն է պատճառը, որ քաղաքի այն կետում, որտեղ հայտնվում է «Բարգավաճ Հայաստանի» գրասենյակը, ճիշտ դիմացի մայթին հայտնվում է Հանրապետականի գրասենյակը: Մրցակցո՞ւմ եք:

– Անկեղծ ասած՝ ես նման օրինաչափություն չեմ նկատել եւ միգուցե որոշ տեղերում դա ուղղակի զուգադիպել է։ Ի վերջո, պետք է ընդունել, որ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն այսօր ակտիվ աշխատում են, ու ես ոչ մի դիտավորություն չեմ տեսնում այն բանում, որ գրասենյակները բացվեն իրար կողքի կամ հանդիպակաց մայթերին: Մենք «Բարգավաճին», ինչպես նաեւ ընտրությունների գնացող մնացած կուսակցություններին դիտարկում ենք ոչ որպես քաղաքական հակառակորդ, այլ որպես քաղաքական մրցակից, եւ մրցակցության քաղաքակիրթ սահմանը ՀՀԿ-ի կողմից չի խախտվելու:

– Իսկ հաստատում եք, որ Հանրապետականը եւ «Բարգավաճ Հայաստանը» արդեն իրար մեջ բաժանել են մեծամասնականի տեղերը եւ պայմանավորվել են իրար դեմ թեկնածուներ չառաջադրել:

– Ընտրությունները պայմանավորվելով կամ իրար մեջ բաժանելով չի իրականացվում։ Ցանկացած կուսակցություն ազատ է մեծամասնական ընտրակարգով առաջադրելու իր թեկնածուներին, իսկ որոշումը կայացնելու է ընտրողը: Եվ պետք չէ նախապես ժողովրդին հուսահատեցնել, թե ամեն ինչ կանխորոշված է ու իր քվեից ոչինչ կախված չէ: Մենք ունենք մեծամասնականով առաջադրվելիք թեկնածուներ, եւ եթե մեր ու «Բարգավաճի» թեկնածուների ընտրատարածքները համընկնեն, ես այդտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում. մենք բոլորի հետ պատրաստ ենք արդար մրցակցության:

– Արդյո՞ք դարձյալ կփորձեք հերյուրանք որակել այն պնդումը, որ համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը հավասարապես աշխատում է եւ ՀՀԿ-ի, եւ «ԲՀ»-ի համար, այսինքն՝ գործում եք երկու դաշտում: Ի դեպ, այդ մասին, ոչ հրապարակավ, խոսում են նաեւ ձեր որոշ կուսակիցներ:

– Ես իմ տեսակով կայուն, նվիրված եւ իմ որոշումների մեջ հաստատուն մարդ եմ: Եվ եթե ես նվիրվում եմ մի թիմի, մի գաղափարի եւ գործի, ապա իմ թիմի կողքին եմ լինում ցանկացած իրավիճակում՝ անկախ իրադրության փոփոխությունից: Ես իմ գաղափարից երբեք չեմ հրաժարվում եւ չեմ դավաճանում իմ թիմին. դա ես ապացուցել եմ իմ աշխատանքով ու կյանքով: Ինչ վերաբերում է «Բարգավաճ»-ՀՀԿ հարաբերություններում իմ դերակատարությանը, մի քանի անգամ արդեն ասել եմ, որ իմ եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ բարեկամական հարաբերություններ կան: Իհարկե, ես չեմ բացառում, որ ե՛ւ մեր կուսակցությունում, ե՛ւ «Բարգավաճում» ու նաեւ դրանից դուրս կան ուժեր, մարդիկ, որոնց, հնարավոր է, ձեռնտու չեն այս երկու կուսակցությունների ղեկավարների փոխադարձ լավ հարաբերությունները: Երեւի ոմանց պետք է, որ այս երկու ուժերը իրար հետ թշնամանան, որովհետեւ երկուսի թշնամանքից միշտ շահում է երրորդը։ Իմ դերակատարությունը այս երկու ուժերի համերաշխության գործում չեմ թաքցնում: Այսուհետ եւս ամեն ինչ անելու եմ, որպեսզի ոչ միայն «Բարգավաճի», այլեւ բոլոր կուսակցությունների հետ գնանք քաղաքակիրթ ընտրության: Իսկ այն ուժերը եւ անձինք, որոնք սեփական քաղաքական թիմում անգամ կշիռ չունեն, բնական է, որ նրանց միակ զբաղմունքը բանսարկությունն ու խառնակչությունը պետք է լինի:

– Մեծամասնական տեղերից շատերը ի սկզբանե սեփականաշնորհված են, եւ դրանցից մեկն էլ ձեր եղբայրն է «սեփականաշնորհել» Արտաշատում, եւ այս անգամ եւս միայնակ է դնելու իր թեկնածությունը: Նաեւ տեղեկություններ կան, որ բացի ընտրատարածքից, դուք Արտաշատում շատ այլ բաներ եւս սեփականաշնորհել եք:

– Իմ եղբայրը անցած անգամ եւս միայնակ չի առաջադրվել եւ մրցել ու հաղթել է դաշնակցական թեկնածուին: Որքան տեղյակ եմ, այս անգամ եւս այդ ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն ունեցողներ կան: Այնպես որ, ընտրատարածքը հաստատ սեփականաշնորհված չէ: Ինչ վերաբերում է այլ բաներին, ապա դա, ինչպես արդեն ասացի, մի քանի մարդու անառողջ մտքի արգասիքն է, որոնց վիճակը ես ոչնչով թեթեւացնել չեմ կարող:

– Իշխանությունը ամեն ինչ անում է վերարտադրվելու համար, հասկանալի է, երեւի իշխանությունը ձեռքից բաց թողնելը տխուր բան է: Բայց ընդդիմությունը կարծես այս անգամ վճռական է տրամադրված եւ ասում է, որ այս անգամ վերարտադրությունը չի ստացվելու:

– Ես չեմ հիշում դեպք, երբ ընդդիմությունը գոնե որեւէ նոր տարր մտցրած լինի իր մշտական սցենարի մեջ, որը վաղուց ձանձրացրել է նաեւ ժողովրդին: Ընդդիմության բոլոր պնդումները ընդամենը քամու տատանումներ են, ոչ ավելին:

– ՀՅԴ-ն չի թաքցնում, որ իրենց սպասածի չափով ձայներ չհավաքելու դեպքում ընդդիմություն են դառնալու: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան:

– Եթե որեւէ ուժ որոշել է դառնալ ընդդիմություն կամ ընդհանրապես հրաժեշտ տալ քաղաքականությանը, դա իր գործն է: Կոալիցիայում միշտ էլ եղել են ուժեր, որոնք պարբերաբար այս կամ այն կողմ են թեքվել: Հանրապետականը միակ ուժն է, որը հստակ հայտարարում է, որ որպես իշխանություն պատասխանատու ենք ե՛ւ սխալների, ե՛ւ լավ գործերի համար: Եթե կոալիցիայի մեջ կլինեն մարդիկ, որոնք միայն լավին են տեր, դա արդեն իրենց որոշելիքն է: Լինելով պատասխանատու թե՛ արվածի, թե՛ չարվածի համար, գնալու ենք ընտրությունների՝ վստահ մեր ուժին եւ համոզված, որ վերցնելու ենք մեծամասնություն: Իսկ ով որոշել է ընդդիմություն դառնալ՝ իր խնդիրն է:

– «Փաստարկ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ձեր հասցեին ասաց, որ դուք ամենակեղծարար մարդն եք:

– Ես ըմբռնումով եմ մոտենում Վազգեն Մանուկյանի հոգեվիճակին, որը վերջին տարիներին քաղաքական դաշտում իր գոյությունը պահպանելու համար ստիպված է կցվել այս կամ այն տանող ուժին: Ուստի, հարկ չեմ համարում պատասխանել հուսահատված գործչի հայտարարություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել