Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆ ՉԷ

Հունվար 31,2007 00:00

\"\"Դատախազությանն ասում է «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավոր Աղասի Արշակյանը

«Որքան կարճ ժամանակ է մնում մինչեւ ընտրությունները, այնքան դաժան եւ անհանդուրժող, երբեմն էլ՝ անբարոյական են դառնում իշխանության համար պայքարի մեթոդները: Դա, իհարկե, առաջին հերթին վերաբերում է իշխանություն ունեցողներին եւ նրանց կողմից պահվող առանձին լրատվամիջոցների: Վերարտադրվելու կամ իշխանությունը պահելու մոլուցքը նրանց հաճախ ստիպում է ոչ միայն չտեսնելու տալ յուրայինների կողմից իրականացվող տոտալ թալանն ու անիրավությունը, որոնք մատնացույց է անում քաղաքական ընդդիմությունը, այլեւ հարցադրումներն անտեսելով, փորձում են շառ ու շուռի հետեւից ընկնելով՝ նրանց քաղաքական դաշտից քաշել իրավական «ռազբորկաների» ճահիճ»,- ասաց Աղասի Արշակյանը, որպես դրա մի օրինակ էլ ներկայացնելով այն զարգացումները, որոնք հետեւեցին Արտաշես Գեղամյանի հայտարարություններին՝ Սերժ Սարգսյանի մերձավորների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կազմակերպված մահափորձի վերաբերյալ:

«Ճիշտ նույնը տեղի ունեցավ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության հունվարի 15-ի հայտարարության առնչությամբ: Տպագիր 2 էջի վրա իշխող կլանի ներկայացուցիչների եւ նրանց հովանավորյալների կողմից իրականացվող փաստարկված թալանը լրատվամիջոցների ճնշող մեծամասնությանն այդպես էլ չհետաքրքրեց եւ, ըստ էության, դրան չանդրադարձան: Փոխարենը, հիմնականում ասուլիսի հետ կապ չունեցող հարցերի պատասխանները որակվեցին որպես լրատվական սենսացիա: Իրականում, ինչպես իր վերլուծականում գրել էր «Իրավունքը»՝ Գեղամյանը գործնականում ոչ մի նոր բան չէր ասել, նրա հնչեցրածն արդեն շուրջ 2 տարի է՝ շրջանառության մեջ է: Այդ փաստերը հրապարակվել են տարբեր պարբերականներում: Հիմա իրավապահ մարմիններն օրումեջ հարցումներ են ուղարկում Գեղամյանին, խնդրում նյութեր ու տվյալներ»,- ասաց պրն Արշակյանը: Մեր հիշեցմանը, թե պրն Գեղամյանը պատրաստակամություն էր հայտնել իր հայտարարություններն ապացուցել փաստերով, սակայն ի վերջո դատախազություն ուղարկեց միայն իր ասուլիսի տեսագրությունը՝ նա այսպես արձագանքեց. «ԱՄ առաջնորդն իրավունք ունի չվստահել իրավապահ մարմիններին, հաշվի առնելով, որ պատասխանատվության չեն կանչվել, կամ նյութեր ու տվյալներ չեն պահանջվել, ասենք, Տիգրան Նաղդալյանի սպանության շուրջ այն հերյուրանքների վերաբերյալ, որոնք Գեղամյանի հասցեին տարածեցին արտգործնախարարը եւ ոչ անհայտ մուլտիպլիկատորը, կամ փուչիկի պես պայթած այն հայտարարությունների վերաբերյալ, որոնք տարածվեցին Լեւոն Աբրահամյանի գործով, թե Սերժ Սարգսյանին պայթեցնելու ծրագրի «հովանավորը» Գեղամյանն է: Նույնը կարելի է ասել նաեւ Սմբատ Այվազյանի մասով եւ այլ դրվագների մասին, որոնք լուսաբանվել են մամուլում: Հիմա, այսքանից հետո, Գեղամյանն, իմ կարծիքով, իրավունք ունի չվստահել եւ բավարարվել ուղարկված տեսաժապավենով: Եվ լավ կլիներ, որ մեր իրավապահ մարմինները նման փութաջանությամբ զբաղվեին բոլոր՝ նաեւ վերոհիշյալ հարցերով»:

Նկատեցինք, որ Արշակյանն այս առումով երկակի վիճակում է. մի կողմից՝ ԱՄ անդամ է, մյուս կողմից՝ վարչության անդամ «Նիգ-Ապարան»-ի, որի պատվավոր նախագահը գլխավոր դատախազն է: «Առիթ չեմ ունեցել այս մասին խոսելու պրն Հովսեփյանի հետ,- ասաց պրն Արշակյանը:- Բայց երբ առիթ լինի՝ ես, անշուշտ, կասեմ, որ պետք չէ Գեղամյանին դիտել իբրեւ հասարակության թշնամի: Ընդհակառակը՝ նա մեր ժողովրդի արժանի զավակներից է»:

Աղասի Արշակյանի կարծիքով՝ «Գեղամյանն արտաքին աշխարհին լավագույնս է ներկայացնում Հայաստանի խնդիրները: Չարժե մոռանալ այդ ծառայությունները եւ խանդից կամ նախանձից դրդված՝ թույլ չտալ, որ վերջերս ԵԽԽՎ-ում նրա ունեցած ելույթներից գոնե մի նախադասություն հեռարձակվի որեւէ հեռուստաալիքով (այն դեպքում, երբ նրա վերջին ելույթը փայլուն է գնահատվել, ասենք, բարեկամ Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի կողմից): Եվ ես չէի ուզենա, որ այդ վերաբերմունքն ունենային նաեւ իմ կողմից հարգված «Նիգ-Ապարան»-յան ընկերները: Վերջին 3 տարում միջազգային ասպարեզներում Գեղամյանի շուրջ 15 ելույթների հետ թերեւս կարող են համեմատվել միայն ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած մեկական ելույթները: Իհարկե, Գեղամյանն էլ թերություն ունի՝ օրինակ, երբեմն չբացահայտված սրիկաների եւ խաբեբա «քցողների» մեջ էլ է սկզբում մարդ տեսնում: Եվ միայն որոշ ժամանակ անց է հասկանում, թե ում հետ է գործ ունեցել»:

Աղասի Արշակյանն անդրադարձավ այս պատմության 3-րդ կողմին` «Բարգավաճ Հայաստան»-ին. «Մեզ այդ ասուլիսում շեղեցին՝ «ահաբեկելով» 370 հազար անդամների, սպասվելիք կես միլիոն ձայներով, որին հետեւեցին այդ չարաբաստիկ հարցադրումները եւ ընդհանուր համատեքստից գողացված մտքերը, որոնք եւ հիմք հանդիսացան հետագա զարգացումների համար: Մինչդեռ Գեղամյանն ասել էր, որ հարգանք տածելով ԲՀԿ ղեկավարության տնտեսական գործունեության հանդեպ՝ ընտրություններից առաջ նրանք ստիպված են լինելու անդրադառնալ ԱՄ հայտարարությունում հնչած գնահատականներին, պիտի ասեն` այս թալանը կատարվո՞ւմ է, թե՞ ոչ: Բնականաբար, նրանք չեն կարող ասել, թե չի կատարվում: Իսկ հետո պիտի ասեն, չէ՞, թե ով է մեղավոր այս ամենի համար: Ասվածին ուզում եմ հավելել՝ երբ նրանք մատնացույց չեն անի մեղավորներին, կնշանակի, որ վաղը քվեարկելու են հենց այդ մեղավորների՝ իշխող ռեժիմի օգտին: Սա հասկանալուց հետո միայն կտեսնենք, թե քանիսը կմնան այդ 370 հազարից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել