Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐՋԱԿԵՏ ԴՐԵՑ

Հունվար 30,2007 00:00

\"\"Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ավարտվեց մրցաշրջան 2007-ում շախմատի անդրանիկ գերմրցաշարը, որի նախավերջին տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը միանձնյա հաղթող դառնալու հնարավորությունը ձեռքից բաց թողեց:

Ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ միայն խաղացված 13 տուրերում չկրեց ոչ մի պարտություն, այլեւ պայքարի վերջնամասում արագացնելով տեմպերը՝ 8,5 միավորով հավասարվեց մրցաշարի անփոփոխ առաջատարներ բուլղարացի Վեսելին Տոպալովին եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով նրան հանձնվեց հաղթողի գավաթը:

Սակայն պետք է նշել, որ Լեւոնը 12-րդ տուրում, սեւերով խաղալով Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ, պարտիայի միջնամասում չնկատեց արագ հաղթանակի տանող ճիշտ քայլը ու մրցակցին ոչ-ոքիի հասնելու հնարավորություն ընձեռելով՝ ինքն անչափ կարեւոր կես միավոր կորցրեց: Հակառակ դեպքում նա Վեյկ ան Զեեում միանձնյա հաղթող կհռչակվեր: Այսպիսով, մրցաշարային ամփոփիչ աղյուսակն այսպիսի տեսք ստացավ.

1. Լեւոն Արոնյան:

2. Վեսելին Տոպալով:

3. Թեյմուր Ռաջաբով՝ 8,5-ական միավոր:

4. Վլադիմիր Կրամնիկ՝ 8,0:

5. Վիշվանաթան Անանդ՝ 7,5:

6. Պյոտր Սվիդլեր՝ 7,0:

7-8. Սերգեյ Կարյակին, Դավիդ Նավարա՝ 6,5-ական:

9. Ռուսլան Պոնոմարյով՝ 9,0:

10-12. Լյուկ վան Վելի, Սերգեյ Տիվյակով, Ալեքսանդր Մոտիլյով՝ 5,0-ական:

13-14. Ալեքսեյ Շիրով, Մագնուս Կարլսեն՝ 4,5-ական:

Անհաջող մեկնարկից հետո մրցաշարը լիովին բարելաված դիրքով եզրափակեց նաեւ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, ով խաղում էր «B» խմբում: Նա ընդհանուր առմամբ վաստակեց 8,0 միավոր եւ բաժանեց 2-5-րդ տեղերը, ինչը նույնպես բարձր ցուցանիշ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել