Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴԺԳՈՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ

Հունվար 30,2007 00:00

Նրանք, ովքեր լավագույնս դրանից օգտվել են

Վերջերս «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերությամբ դիտեցի «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ լավ էր խոսում, համոզիչ, բայց, իմ կարծիքով՝ ոչ լիովին անկեղծ: Որովհետեւ, եթե լսում ես միայն բառերը եւ չունես որոշակի ինֆորմացիա, թե իրականում ինչպե՞ս է ապրել ու աշխատել «Օրինաց երկիրը» եւ նրա նախագահը, կարող ես նաեւ խայծը կուլ տալ: Հատկապես, երբ այդ բաները ասում է իշխանությունից հրաժարված մարդը, ավելի ես հակված մտածել. «մալադեց», ամեն մեկի «դուխը» չէր բավականացնի՝ թողնել իշխանությունը: Սակայն գաղտնիք չէ, որ մեր երկրում արդեն վատ ավանդույթ է դարձել խոսքերով ասել մի բան եւ իրականում գործել բոլորովին հակառակ ուղղությամբ: Մասնավորապես, նույն այդ հեռուստաեթերի ժամանակ նա հայտարարեց, որ կոալիցիայից դուրս գալու պատճառներից մեկն էլ «Օրինաց երկրի» անհամաձայնությունն էր մասնավորեցման գործընթացին: Սակայն եթե, իրոք, «Օրինաց երկիրը» եւ նրա նախագահը այդքան սրտացավ էին հանրային սեփականության նկատմամբ եւ ազնվորեն պայքարում էին անօրինականությունների դեմ, ապա այդ ինչպե՞ս եւ ի՞նչ փողերով է կուսակցության նախագահը, Ազգային ժողովի նախագահ աշխատած տարիներին, սեփականաշնորհել մի շարք տարածքներ: Խոսենք կոնկրետ: Հայաստանի գրողների միության շենքի անմիջապես ետնամասում մի մեծ տարածք կա, որտեղ շինարարական աշխատանքներ էին ծավալվել դեռ մեկուկես տարի առաջ: Այդ տարածքը ՕԵԿ նախագահը սեփականաշնորհել է, սակայն, հասկանալի պատճառներով, դա արել է ոչ թե իր կամ իր ընտանիքի որեւէ անդամի, այլ իր կուսակից Գագիկ Մխեյանի ազգականներից մեկի անունով: ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականից հետո, երեւի վախենալով, որ տարածքը կարող է եւ «քոռուփուչ» լինել, Արթուր Բաղդասարյանը բավականին ակտիվ եւ եռանդուն պայքարել է, որ քաղաքի կենտրոնում գտնվող այդ հողատարածքի սեփականատիրոջ անունը փոխվի եւ երկար վեճերից հետո այդ տարածքի «սեփականատեր» է դարձել (սեփականատերը՝ չակերտներում, քանզի իրական սեփականատերը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահն է) վերջինիս հավատարիմ մեկը, ոմն Սերգեյ: Այդ տարածքի մոտով անցնողները հիմա էլ կարող են տեսնել, որ հսկա մի հիմք է փորված: Այնտեղ պետք է կառուցվեր 8 հարկանի բնակելի էլիտար շենք, սակայն, դարձյալ հասկանալի պատճառներով, ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականից հետո աշխատանքները դադարեցվեցին:

Դեռ տարիներ առաջ, երբ Արթուր Բաղդասարյանը կուսակցության խմբակցության նախագահն էր, նա սեփականացրեց Ջրվեժում գտնվող նույնպես հսկայական մի տարածք եւ այդ տեղում իր հոր եւ եղբայրների հետ կառուցեց «Էլինա» ռեստորանային համալիրը: Հիշում եմ, այդ մասին 2003-ին գրել էր «Առավոտ» օրաթերթը: Նույն ժամանակահատվածում է պարոն Բաղդասարյանը իրենով արել նաեւ Երեւանի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող նախկին համակարգիչների խանութ-սրահը (Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկի մոտ), որը ավելի ուշ վաճառվեց եւ դրանից հետո ձեռք բերվեց, ըստ որում՝ շուկայականից շատ ավելի ցածր գներով, Մաշտոցի պողոտայում գտնվող տարածքը՝ «Սաս» սուպերմարքեթից ներքեւ: Եվ այս ամբողջ ինֆորմացիան իրար կողքի դնելով՝ պարզապես զարմանում ես, երբ դրսի թերթին տրված իր հարցազրույցներում պարոն Բաղդասարյանը հայտարարում է. «Վերցնենք սեփականաշնորհման օրինակը: Ես ուղղակիորեն քննադատել եմ կառավարությանը, քանի որ որոշակի մարդիկ այս գործարքում շատ փող աշխատեցին: Երեւանում, օրինակ՝ օպերային հարակից 4000 մ տարածքը, որն այսօր արժե 6 մլն դոլար, վաճառվել է մոտավորապես 30 000 դոլարով: Արդյո՞ք կարելի է սա պաշտպանել: Կամ մեր էներգետիկ սեկտորների վաճառքը՝ առանց հրապարակային քննարկման կամ բնակչությանը տեղյակ պահելու»: Սա փոքրիկ մեջբերում էր «Der Standart» թերթին տված Արթուր Բաղդասարյանի հարցազրույցից:

Կուսակցության նախագահից ետ չեն մնացել նաեւ նրա կուսակից որոշ ընկերներ: Մասնավորապես ՕԵԿ խմբակցության ղեկավար, գյումրեցի Սամվել Բալասանյանը Գյումրիի գարեջրի գործարանի վեց հազար քառակուսի մետր տարածքը սեփականաշնորհել է ընդամենը 1 միլիոն դրամով, այն էլ, վճարել է գումարի մի մասը՝ 400 հազարը, իսկ մնացած 600 հազարը իբր պետք է վճարեր ներդրումների տեսքով: Բայց դրա փոխարեն պարոն Բալասանյանը գործարանի դիմաց կանգնեցրեց իր իսկ արձանը: Այս մասին եւս ժամանակին գրվել է մամուլում: Սա դեռ ամբողջը չէ, եւ շատ հետաքրքիր է, թե ի՞նչ տրամաբանութամբ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը, որի կուսակցական գրասենյակը հեռվից հեռու շարքային քաղաքացիների աչքին է զարնում որպես խիստ թանկարժեք մի շինություն, հրապարակավ խոսում է այն մասին, որ իր կուսակցությունը լուրջ տարաձայնություններ է ունեցել գործող իշխանության հետ, հատկապես մասնավորեցման գործընթացի շուրջ եւ այդ պատճառով է դուրս եկել կոալիցիայից: Եթե այդքան լուրջ էին տարաձայնությունները, ինչո՞ւ էին ՕԵԿ պատգամավորները «կողմ» քվեարկում Պետական գույքի մասնավորեցման ծրագրերի հաշվետվություններին, որը, եթե չեմ սխալվում, առաջին անգամ Ազգային ժողովում լսվել է 2004-ին: Իսկ եթե հանկարծ որոշեն հայտարարել, որ դեմ են եղել, ապա դա ճիշտ կլինի միայն 2006-ի դեպքում, քանզի այդ ժամանակ արդեն իրենք իշխանությունից դուրս էին եւ դեմ են քվեարկել մասնավորեցմամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել