Վստահ է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը
«Մենք գնալու ենք ընտրությունների՝ ոչ միայն մասնակցելու, այլեւ հաղթելու ակնկալիքով»,- խորհրդարանական ընտրությունների շեմին վստահ հայտարարում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Փարատելով «Առավոտի» տարակուսանքը՝ տիկին Սարգսյանը վստահեցնում է, որ «ՍԴՀԿ-ն այսօր ուժեղ է եւ կայուն՝ պատրաստ ընդունելու ցանկացած մարտահրավեր: Նախորդ 3 տարիների լուրջ աշխատանքը, ինչի արդյունքում այսօր կուսակցությունն ունի կայացած ակտիվ եւ սկզբունքային երիտասարդական թեւեր, ինձ հնարավորություն է տալիս նման հայտարարություններ անել»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին եւ դրանց շուրջ ծավալվող խմորումներին, մեր զրուցակիցը ընդդիմադիր դաշտում համախմբման միտում է տեսնում: Նրա կարծիքով, բոլորն էլ հասկացել են, որ այլընտրանք չկա. «իշխանական սցենարին դիմագրավելու եւ իրավիճակը շտկելու միակ ճանապարհը համախմբման միջոցով ընտրությունների ընթացքը վերահսկելն է՝ «գյուղ կանգնի՝ գերան կկոտրի» սկզբունքով»: Մինչ որոշ գործիչներ շարունակում են պնդել, թե իրավիճակից ելքը գաղափարական դաշինքներն են, տիկին Սարգսյանը գտնում է, որ այս պարագայում գաղափարական տարաձայնությունները էական չեն: Ավելին, նա նույնիսկ համոզված է, որ արդեն հետընտրական շրջանում որոշ ռուսամետ կամ ամերիկամետ ուժեր կվերանայեն իրենց դիրքորոշումները: Առայժմ ավելի չբացելով փակագծերը՝ Լ. Սարգսյանը կասկած չունի, որ մեր քաղաքական կազմակերպությունների խոհեմությունը կների եւ Հայաստանը կընտրի այն ուղին, որը կլինի ավելի հայամետ:
Բացի նրանից, որ ընդդիմադիրները պետք է համատեղ վերահսկեն ընտրությունների ընթացքը, մեր զրուցակիցը կանխատեսում է զուտ նախընտրական միավորումներ, որոնցից, ըստ նրա, հաջողելու են նրանք, «որոնք իրենց շուրջ կհամախմբեն մաքուր եւ սկզբունքային ուժերին՝ անկախ նրանց նախկին ակտիվությունից կամ ձախողումներից»: Այս համատեքստում ՍԴՀԿ ատենապետը չի բացառում, որ «Արդարություն» դաշինքի հիմքի վրա նոր դաշինք ստեղծվի եւ այն դառնա հեգեմոն: Բնականաբար, նման պարագայում չի բացառվում, որ ՍԴՀԿ-ն կնախընտրի հենց այդ միավորումը:
Կուսակցության համար այս տարին պատմական է ոչ միայն հաղթելու վճռականությամբ, այլեւ նրանով, որ նշվելու է կուսակցության 120-ամյակը: Այդ առիթով անցկացվելիք միջոցառումների շարքը կմեկնարկի Սփյուռքում եւ ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում կավարտվի Հայաստանում՝ համահնչակյան բանակումով, ցուցահանդեսներով, գիտաժողովով: Այս ամենի նպատակը, տիկին Սարգսյանի մատուցմամբ՝ «մեկ անգամ եւս ի ցույց դնել կուսակցության անցած փառավոր ուղին, որը երբեւէ չի կեղտոտվել դավաճանական դրսեւորումներով: Եվ, ամենակարեւորը, մեր շարքերը միշտ կայուն են եղել: Մեր գերնպատակը քանակը չէ, այլ՝ որակը, ինչը մինչ օրս հաջողել ենք»: