Հունվարի 23-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քննարկվեց նաեւ «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների հարգումը» հարցը:
Հարցի վերաբերյալ ելույթ ունենալու համար գրանցվել էր 19 պատգամավոր, ընդ որում՝ նրանցից 8-ը թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների անդամներ էին: Ութ ելույթից հետո նախագահողը դադարեցրեց մտքերի փոխանակությունը՝ առաջարկելով այն հռետորներին, որոնք չէին հասցրել ելույթ ունենալ, իրենց ելույթները հանձնել ԵԽԽՎ քարտուղարություն՝ դրանց գրանցման համար: Այդ իրավունքից օգտվեց հայկական պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը, որը նույնպես պաշտոնապես գրանցված էր ելույթ ունեցողների ցուցակում, սակայն, ցավոք, գործը նրա ելույթին չհասավ (հայի բախտ): Հատկանշական է, որ Ա. Գեղամյանից առաջ հռետորների ցուցակում էին ադրբեջանական պատվիրակության անդամներ Գյուլթակին Հաջիեւան, Գանիրա Փաշաեւան եւ ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար Մյուրատ Մերչանը, իսկ Ա. Գեղամյանից անմիջապես հետո ելույթի համար հերթագրված էին ադրբեջանցի Այդին Միրզազադան եւ թուրք պատվիրակ Մեվլուտ Չավուշօղլուն: Աչքի զարնեց նաեւ հետեւյալ փաստը. Հայաստանին վերաբերող թե՛ բանաձեւին, թե՛ դրա մեջ առաջարկվող փոփոխություններին դեմ քվեարկեցին միայն եւ միայն թուրքական ու ադրբեջանական պատվիրակության անդամները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արտաշես Գեղամյանի ելույթի տեքստը:
Հարգելի՛ գործընկերներ, վեց տարի է անցել այն օրից, ինչ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ: Այդ տարիները յուրահատուկ փորձություն եղան հայկական հնագույն քաղաքակրթության՝ Հին Հռոմի եւ Բաբելոնի հասակակցի համար, քաղաքակրթություն, որն աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Եվ այսօր, ելույթ ունենալով ԵԽԽՎ այս բարձր ամբիոնից, մի կազմակերպության, որը ԵԽԽՎ նախագահ, հարգարժան պրն Վան դեր Լինդենն իրավացիորեն անվանեց Եվրոպայի խիղճը, ցանկանում եմ խղճմտորեն խորհել Հայաստանի անցած ուղու մասին: Եվ դրանում մեզ անգնահատելի օգնություն են ցույց տալիս մեր գործընկերներ Ժորժ Կոլոմբիեյի եւ Միկո Էլոյի կողմից հանգամանորեն պատրաստված զեկույցները:
Այո, նրանց զեկույցներում իրավացիորեն նշված էր, որ սահմանադրական փոփոխություններն իրավական հիմք են դնում Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների տարանջատման եւ ինքնուրույն գործունեության համար: Ավելին, Հայաստանի քաղաքացիների, Ազգային ժողովի պատգամավորների, ինքնակառավարման մարմինների, դատարանների եւ Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենսդրորեն հնարավորություն է նախատեսված դիմել Սահմանադրական դատարան՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերով: Եվրոպական չափանիշներին համապատասխան՝ ձեւափոխված է Արդարադատության խորհուրդը, սկսվել են իրավական համակարգի բարեփոխումները: Եվ այստեղ մեզ համար կարեւոր է չտրվել ինքնահանգստացման գայթակղությանը եւ վերհիշել պատմության դասերը: Վերհիշել ժողովրդավարության հիմնասյուների պատմությունը՝ հունական քաղաք-պետությունները՝ պոլիսները, Հանրապետական Հռոմը, որոնք իրենց դարաշրջանի համար ունեին ամենակատարյալ, ժողովրդավարական օրենքները: Ժողովրդավարության օրենքների առկայությունն ապահովում էր դրանց հզորությունն ու առաջընթացը մինչ այն պահը, երբ դրանք սրբորեն պահպանվում եւ չէին ոտնահարվում իշխանական վերնախավի կողմից ու վերջիններս չէին համարձակվում օրենքները հարմարեցնել իրենց քմահաճույքներին: Օրենքների ոտնահարումը հանգեցրեց Հանրապետական Հռոմի անկմանը եւ նրա տեղում ծնվեց Հուլիոս Կեսարի կայսրությունը: Եվ հեղվեց նրա երբեմնի մերձավոր ընկերոջ՝ համոզված հանրապետական Կատոն Կրտսերի արյունը, որը, ի նշան բողոքի, դաշույնով պատռեց սեփական որովայնը եւ դուրս թափեց ներքին օրգանները, որպեսզի անհնար լիներ փրկել իր կյանքը եւ, Աստված մի արասցե, հանկարծ ինքը չապրեր Կայսերական Հռոմում:
Ժողովրդավարության ճշմարիտ կողմնակիցները պետք է կարողանան իրենց մեջ հաղթահարել գայթակղությունը, բավարարվել սոսկ ժողովրդավարության շղարշով, որը ձեւականորեն հիմնված է ոգով ժողովրդավարական, սակայն հաճախ ամենեւին ոչ ժողովրդավարական ճանապարհով ընդունված օրենքների վրա: Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքներին այս կամ այն պետության համապատասխանության գնահատման գլխավոր գործոնն ու չափանիշը, մեր խորին համոզմամբ, նրա քաղաքացիների իրավական պաշտպանվածության աստիճանն է: Օրենքների կենսունակությունը եւ կառավարող վերնախավի կողմից դրանց կենսագործման ընդունակությունը՝ ահա այն քննությունը, որը պետք է կարողանան հանձնել Հայաստանի կառավարող եւ ընդդիմադիր կուսակցությունները 2007թ. մայիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում: Կկարողանա՞նք դիմակայել մեր հասարակության ժողովրդավարությունն ապացուցող այս փորձությանը՝ կհանգենք այն գիտակցմանը, որ գլոբալիզացվող աշխարհում Հայաստանի անդառնալի զարգացման անհրաժեշտ պայմանը օրենսդրության կենսունակ հիմքի ստեղծումն է: Բայց դա սոսկ անհրաժեշտ պայման է, որն ի զորու է նաեւ բավարար դառնալ միայն դրանք կենսագործելու համար իշխանությունների կողմից քաղաքական կամք դրսեւորելու դեպքում:
Հարգելի՛ գործընկերներ, այստեղ ցանկանում եմ ինքնաքննադատաբար խոստովանել, որ ժողովրդավարական հասարակության կայացման հարցում Հայաստանի Հանրապետությունը փոքր-ինչ հետ է մնացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Արցախի՝ Ղարաբաղի քաղաքացիները խորապես գիտակցել են, որ հակվածությունը ժողովրդավարական արժեքներին ու դրանց անշեղորեն հետեւելը՝ միակ ճանապարհն է դեպի իրական անկախություն եւ ազատություն: Հենց հակվածությունը ազատությանը եւ անկախությանը ղարաբաղցիների մոտ առաջացրեց համաժողովրդական պոռթկում, որն իր ժողովրդավարական զարգացումը գտավ համաժողովրդական հանրաքվեում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունման հարցով: Ընտրողների ճնշող մեծամասնությունը քվեարկեց նոր Սահմանադրության ընդունման օգտին: Այս առումով խորին ափսոսանքի է արժանի այն, որ եվրոպական ամենաժողովրդավարական պետությունների հիմքում դրված սկզբունքներին եւ չափանիշներին համապատասխանող Լեռնային Ղարաբաղի հիմնական օրենքի՝ Սահմանադրության ընդունման փաստը ստացավ այդ աստիճան ոչ համարժեք եւ անբարյացակամ գնահատական Եվրոպայի խորհրդի կողմից: Տարակուսանք է հարուցում նաեւ այն, որ արդեն տասնյոթ տարի փաստացի գոյություն ունեցող պետությանը որպես հանդիմանանք է ներկայացվում նրա քաղաքացիների՝ եվրոպական բարոյական եւ իրավական չափանիշներով ապրելու ցանկությունը:
Հարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը ԵԽԽՎ-ի ամբիոնից հնչեցրած ելույթում, դասական, ճիշտ անգլիական դիվանագիտությամբ, որն արժանի կլիներ սեր Բենջիամին Դիզրայելիին կամ սեր Դեվիդ Լլոյդ Ջորջին, իր վերաբերմունքն արտահայտեց ինքնահռչակ պետությունների նկատմամբ: Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարը, ըստ էության, ասաց, որ կճանաչի Հարավային Կովկասի ինքնահռչակ հանրապետությունները եւ Մերձդնեստրյան հանրապետությունը այն դեպքում, երբ ՄԱԿ-ը կընդունի Վրաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի սահմանների փոփոխության փաստը:
Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական վերափոխումները միակ ճշմարիտ ճանապարհն է լիիրավ անկախության հաստատման գործում: Եվ շեղել մեր երկրներն այդ ուղուց, կնշանակի հանցագործություն կատարել հայ ժողովրդի նկատմամբ: Սակայն, բարեբախտաբար, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դա անել այլեւս ոչ ոք ի զորու չէ: Առավել եւս դա ի զորու չեն անել մեր հարեւանները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք բավական ինքնատիպ պատկերացում ունեն ժողովրդավարության մասին: Այսպես, հիշատակենք թեկուզ Հայաստանի տնտեսական շրջափակումը, Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացների ունկնդիր հայ սպա Գուրգեն Մարգարյանի նենգ սպանությունը եւ դրան հաջորդած մարդասպանի հերոսացումը Ադրբեջանում: Էլ չեմ խոսում հունվարի 19-ին Ստամբուլում հանրաճանաչ իրավապաշտպան, տաղանդավոր հայ լրագրող, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին: Եվ ժողովրդավարության ընկալման նման խեղված պաշարով ԵԽԽՎ-ում մեր գործընկերների շուրթերից այս օրերին էլ փարիսեցիորեն բարոյախրատներ են հնչում Հայաստանում եւ Արցախում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Ադրբեջանցի գործընկերների ելույթները հիշեցնում են Երրորդ Ռայխի ողբերգական ժամանակները, երբ ֆաշիստական վարչակարգի պրոպագանդայի հիմքում դրված էր հայտնի դրույթը՝ պետք է ստել լկտիաբար եւ մշտապես, որպեսզի քեզ հավատան: Փառք Աստծո, որ Եվրոպայի ապագան չեն որոշում այս կարգի հռետորները, որոնց, իրավամբ, կարելի է համարել տխրահռչակ Յոզեֆ Գեբելսի հոգեւոր ժառանգորդներ:
Շնորհակալություն ուշադրության հ ամար:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, Եվրոպական ժողովրդական կուսակցություններ/ քրիստոնյա-դեմոկրատներ 23 հունվարի 2007 թ., Ստրասբուրգ