Մի քանի փաթիլ ձյուն չտեղացած՝ մայրաքաղաքի փողոցները դառնում են անանցանելի
Երեկ գիշեր տեղացած ձյունը կրկին «անակնկալի» բերեց քաղաքային իշխանություններին: Թեեւ Հայպետհիդրոմետը նախապես զգուշացրել էր սպասվող տեղումների մասին, սակայն կեսօրի դրությամբ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներն անգամ դեռ մաքրված չէին: Կենտրոն համայնքի Տիգրան Մեծի պողոտայում, օրինակ, ձնահավաք մեքենաները «բարեհաճել էին գալ» կեսօրից հետո՝ ժամը 16.15-ին: Մալաթիա-Սեբաստիայի Անդրանիկի փողոցը մինչեւ կեսօր նույնպես չէին մաքրել:
Ինչի՞ համար էին պահել քաղաքապետարանի ձեռք բերած մի քանի տասնյակ ձնահավաքները, երբ մայրաքաղաքի փողոցներն այդպիսի վիճակում էին՝ գրեթե բոլոր թաղապետարաններից սկսեցին արդարանալ, թե առավոտյան ժամը 6-ից աշխատել են ու հազիվ են հասցրել կենտրոնական փողոցները մաքրել:
«Տղաներն ամբողջ գիշեր աշխատել են, 3 ձնահավաք եւ 2 ձյուն բարձող մեքենաներ են աշխատել: Սկսել ենք գլխավոր փողոցներից, առաջին հերթին՝ օդանավակայան տանող ճանապարհն ենք մաքրել, հետո անցել ենք մյուսներին»,- «Առավոտի» հարցմանն այսպես պարզաբանեցին Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանից: Իսկ թե ինչու Անդրանիկի փողոցին հերթը հասել էր կեսօրին՝ թաղապետարանից այսպես արդարացան՝ «Ձյուն մաքրելը շատ դժվար աշխատանք է, չեն հասցնում»:
«Առավոտյան ժամը 6-ից» փողոցները մաքրել էին սկսել նաեւ Շենգավիթ համայնքում: Երբ զրուցում էինք Շենգավիթի փոխթաղապետ Արբակ Աբրահամյանի հետ՝ այնպիսի տպավորություն էր, թե նա խոսում էր ոչ թե Նժդեհի հրապարակի, Բագրատունյաց փողոցի, այլ Նյու Յորքի մաքրության մասին: Ըստ փոխթաղապետի, իրենք ոչ միայն աղ ու ավազ են շաղ տվել, այլեւ խոզանակավոր մեքենաներով են փողոցները մաքրել: Ավելին՝ այս համայնքում, Ա. Աբրահամյանի ներկայացմամբ՝ անտերության չեն մատնել անգամ ծայրամասային փողոցները. առանց ջոկողություն դնելու, գլխավորներից սկսած, բոլոր փողոցներն էլ փայլեցրել են:
Թեեւ ժամը 16-ին Արաբկիրի փողոցներն էլ էին ցեխի ու ձյան մեջ կորած, սակայն այս թաղապետարանի աշխատակիցներն էլ, պարզվում է՝ նույնպես ձյան մաքրման աշխատանքները սկսել էին լույսը չբացված: Այդուհանդերձ, թաղապետարանից չժխտեցին, որ, օրինակ, Կոմիտասի պողոտայում կեսօրին դեռ ձնահավաքները մաքրման աշխատանքներ չէին հասցրել կատարել:
Այն, որ թաղապետարանները չեն հասցնում իրենց գործն անել, հասկացել են նաեւ քաղաքապետարանում: Այս առնչությամբ երեկ հրավիրած ասուլիսում փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը կոչ արեց տարբեր համայնքներում գտնվող օբյեկտների տերերին, որ գոնե իրենց տարածքների ձյունն իրենք մաքրեն:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Վարդանյանը չհամաձայնեց, որ թաղապետարաններն իրենց գործը վատ են կատարում: Ըստ նրա, պարզապես տեխնիկան եւ աշխատուժը չեն բավականացնում. «Եթե ձյունը շատ է լինում՝ ի վիճակի չենք լինում ամբողջովին մաքրել: Եթե մայթերին մոտիկ մեքենա է կանգնած լինում, այդ հատվածներն էլ չեն մաքրվում. ձնահավաքները չեն կարող զիգզագաձեւ աշխատել»: