Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՔԱ՞Ն ՀԱՐԿ ԵՆ ՎՃԱՐԵԼ ՄԵՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ

Հունվար 30,2007 00:00

Հարկային պետական ծառայությունը հրապարակել է 300 խոշոր հարկատուների նոր ցանկը

2006-ի ընթացքում ամենաառաջատար խոշոր հարկատու օլիգարխը Բարսեղ Բեգլարյանն է: Այդ է վկայում ուրբաթ օրը Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկը: Բարսեղ Բեգլարյանի՝ բենզին եւ դիզելային վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությունը, ըստ այդ ցանկի, 5-րդ խոշոր հարկատուն է եւ ողջ անցյալ տարվա ընթացքում վճարել է մոտ 9.4 մլրդ դրամ: Առաջին եռամսյակում «Ֆլեշը» մոտ 2 մլրդ դրամ էր վճարել, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսներին 3,5 անգամ ավելացրել է վճարած հարկերը՝ հասցնելով այն 7 մլրդ դրամի:

Թեեւ Բ. Բեգլարյանի ընկերությունն առաջին հնգյակում է, սակայն ամենաշատ հարկ վճարած օլիգարխը ոչ թե պարոն Բեգլարյանն է, այլ Հրանտ Վարդանյանը: Նրա «Գրանդ տոբակո» (10-րդ տեղ), «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» (11-րդ տեղ), «Գրանդ Քենդի» (33-րդ տեղ) ընկերությունները միասին 2006-ի ընթացքում պետբյուջե են վճարել մոտ 10 մլրդ դրամ հարկ: Հրանտ Վարդանյանի գործերը հաջող էին ընթանում ոչ միայն տարեվերջյան արդյունքներով, այլեւ ողջ տարվա ընթացքում: 9 ամսվա կտրվածքով «Գրանդ տոբակոն» դարձյալ նույն՝ 10-րդ տեղում էր, «Մասիս տաբակը»՝ 12-րդ, «Գրանդ Քենդին»՝ 41-րդ: Հրանտ Վարդանյանի «Գրանդ Սան» ընկերությունը 300 խոշոր հարկատուների՝ ինչպես այս, այնպես էլ նախորդ ցանկում չկա:

Հաջորդ ամենախոշոր հարկ վճարած օլիգարխը Խաչատուր Սուքիասյանն է: Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Պարես Արմենիան» (7-րդ տեղ), «Նարեկ» (245-րդ տեղ), «Բջնի» (275-րդ տեղ) ընկերությունները, «Հայէկոնոմբանկը» (61-րդ տեղ) եւ Սեւանի հացամթերքների արտադրամասը (169-րդ տեղ) միասին վճարել են մոտ 9 մլրդ դրամ հարկ, գրեթե նույնքան, որքան Բարսեղ Բեգլարյանը:

Հաջորդ խոշոր հարկատու օլիգարխը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Չնայած նա շաքարավազի շուկայում խորամանկություններ է անում՝ անընդհատ նոր ընկերություններ է գրանցում եւ համառորեն խուսափում շահութահարկ վճարելուց, այնուամենայնիվ, նրա «Սալեքս», «Ֆլիտֆուդ» եւ դեղերի ներկրմամբ զբաղվող «Նատալի ֆարմ» ընկերությունները միասին մոտ 5 մլրդ դրամ հարկ են վճարել: Ընդ որում, «Նատալի ֆարմը», որն առաջին եռամսյակում 150 մլն դրամ էր վճարել եւ գրավել 51-րդ տեղը, տարվա արդյունքներով արդեն 48-րդ տեղում է՝ 871 մլն դրամով:

Միխայիլ Բաղդասարովի երեք ընկերությունները՝ «Միկա Արմենիա թրեյդինգը», «Միկացեմենտն» ու «Արմավիան» միասին այս տարի ընդամենը մոտ 3 մլրդ դրամ են մուտքագրել ՀՀ պետբյուջե: Չնայած ցեմենտի գներն աճում են, բայց «Միկացեմենտը» խոշոր հարկատուների ցանկում տարեցտարի ավելի համեստ դիրքեր է զբաղեցնում: Ի տարբերություն հոկտեմբերին հրապարակված նախորդ ցանկի 117-րդ տեղի, այս ցանկում «Միկացեմենտն» արդեն հայտնվել է 150-րդ տեղում:

Ընդհանուր առմամբ մոտ 2 մլրդ դրամ հարկ է վճարել ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը եւ Բաղդասարովից հետո հաջորդ խոշոր հարկատու օլիգարխներից է: Նրա «Արսօյլ» ընկերությունը, որը գտնվում է 24-րդ հորիզոնականում, վճարել է 1 մլրդ 609 մլն դրամ: Առաջին եռամսյակում այս ընկերությունը 21-րդ տեղում էր՝ 411 մլն դրամով: Նկատենք, որ այս «Արսօյլն» ընդգրկված է շահութահարկի նվազեցման արտոնությունից օգտվող օտարերկրյա ներդրմամբ տեղական ընկերությունների ցանկում եւ թե՛ 2004-ին, թե՛ 2005-ին, թե՛ 2006-ին 50 տոկոս շահութահարկ չի վճարել:

300 խոշոր հարկատուների ցանկի ամենամեծ հանելուկներից մեկը Գագիկ Ծառուկյանի ընկերությունների զբաղեցրած չափազանց համեստ դիրքերն են:

Չնայած Գ. Ծառուկյանը մեր երկրի ամենախոշոր գործարարն է, նրա բոլոր ընկերությունները միասին ընդհանուր առմամբ մոտ 1 մլրդ դրամի հարկ են վճարել: Ճիշտ է, «Արարատցեմենտը» եւ «Մուլտի գաջը» մի քանի հորիզոնականով առաջ են անցել, բայց Գագիկ Ծառուկյանը, ըստ հարկայինի հրապարակած ցանկի, վերը նշված օլիգարխներից ամենաքիչն է հարկ վճարել: Ի տարբերություն «Արարատցեմենտի» եւ «Մուլտի գաջի», «Մուլտի Լեոնը» 76-րդ տեղից հայտնվել է 84-րդում եւ ողջ տարվա ընթացքում վճարել ընդամենը 534 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել