Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ց են գոհ միջնորդները

Հունվար 30,2007 00:00

Ղարաբաղյան հակամարտության՝ տարածաշրջան կատարած իրենց վերջին այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարության ամբողջական տեքստը, որը մեզ է տրամադրել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

«Չորս օր տեւած հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպան Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) իրենց գոհունակությունն են հայտնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի շարք հիմնարար սկզբունքների ամփոփման գործում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ցուցաբերած կառուցողական մոտեցման վերաբերյալ: Հունվարի 23-ին՝ երեքշաբթի, Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հյուրընկալեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ կազմակերպված բանակցությունները՝ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ՝ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ: Հունվարի 24-ին՝ չորեքշաբթի, Բաքվում համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Հունվարի 25-ին՝ հինգշաբթի, նրանք այցելեցին Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու ԼՂ ղեկավար Արկադի Ղուկասյանին: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նրանք հանդիպեցին ուրբաթ՝ հունվարի 26-ին, Երեւանում: Համանախագահները բարձր են գնահատում այս շաբաթվա ընթացքում իրենց հետ հանդիպած բոլոր զրուցակիցների կողմից ներդրված ջանքերը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պարտականությունն է համանախագահների աջակցությամբ գտնել ղարաբաղյան հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորումը: Նախագահները վճռականորեն են պաշտպանում իրենց ազգային շահերը: Միեւնույն ժամանակ, նրանք հնարավորություն են ստեղծում, որպեսզի խաղաղության գործընթացն առաջ ընթանա: Համանախագահները քաջալերում են բոլոր կողմերին՝ զարգացնել բանակցությունների արդյունքում ձեռք բերված առաջընթացը եւ իրենց հասարակություններին պատրաստել անհրաժեշտ փոխզիջումների: Միեւնույն ժամանակ, համանախագահները խրախուսում են վստահություն ամրապնդելու շարունակական միջոցառումների իրականացումը եւ հրադադարի պահպանումը՝ վստահության եւ փոխըմբռնման մակարդակը կողմերի միջեւ բարձրացնելու համար:

Բաքու-Երեւան,

29 հունվարի 2007թ.»:

Ինչպես տեսնում ենք, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այս հայտարարությունը բացարձակապես չի տարբերվում մեկ, երկու կամ հինգ տարի առաջ նրանց կողմից արված մյուս հայտարարություններից: Մինչդեռ առողջ տրամաբանությունը հուշում է, որ առնվազն վերջին զարգացումների համատեքստում միջնորդների վերաբերմունքը բանակցային գործընթացին, գոնե ձեւի համար, պետք է փոքր-ինչ այլ ձեւակերպում ստանար: Ինչ է ստացվում. Քոչարյանը հայտարարում է բանակցությունները մինչեւ ընտրությունների ավարտը փաստացի սառեցնելու մասին, Ալիեւը առավոտից գիշեր խոսում է հողերը հետ խլելու մասին, իսկ այդ ֆոնի վրա համանախագահները շարունակում են «իրենց գոհունակությունը հայտնել»: Համաձայնեք. սա արդեն լուրջ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել