Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԵՐ՝ ՀՈՐԻՑ ՈՐԴՈՒՆ

Հունվար 30,2007 00:00

\"\"Հակոբ Շահգալդյանի քաղաքապետ դառնալն այսպես է ընկալվել չարենցավանցիների կողմից

Հունվարի 28-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Կոտայքի մարզպետ, ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավար Կովալենկո Շահգալդյանի որդին՝ «Արմավտո» ընկերության գլխավոր տնօրեն, անկուսակցական Հակոբ Շահգալդյանը, լինելով միակ թեկնածուն եւ ստանալով քվեարկությանը մասնակցած ընտրողներից 7185-ի ձայնը, դարձավ Չարենցավանի քաղաքապետ: Մարզպետի 33-ամյա որդուն դեմ է քվեարկել 892 չարենցավանցի, 314 քվեաթերթիկ անվավեր է համարվել, քաղաքի 12 ընտրատեղամասերում անճշտությունների թիվը գրանցվել է 4-ը: Չարենցավանում, վերջին տվյալներով, ընտրողների ընդհանուր թիվը 20453 է, որից քաղաքապետի ընտրություններին մասնակցել է ընդամենը 8391-ը: Հիշեցնենք, որ քաղաքապետ դառնալու համար պայքարելու էին 2 թեկնածու, սակայն Միավորված աշխատանքային կուսակցության Չարենցավանի կազմակերպության ղեկավար Արթուր Գալստյանը հունվարի 18-ի երեկոյան՝ ինքնաբացարկի համար նախատեսված ժամկետի վերջին օրը, դուրս եկավ պայքարից: Ա. Գալստյանն իր այդ քայլը պատճառաբանել էր հնարավոր բախումներից խուսափելու եւ երկու թիմերի միջեւ առկա լարվածությունը մեղմելու արդյունք: Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը Չարենցավանի ընտրատեղամասերի հանձնաժողովներից ետ էր կանչել իր ներկայացուցիչներին՝ ընտրարշավում կիրառված կեղտոտ տեխնոլոգիաների առկայության պատճառաբանությամբ:

Չարենցավանցիները, գնահատելով ընտրությունների մեկ թեկնածուով տեղի ունենալը, ասում էին, որ սա ընտրություն չէ, այլ նշանակում. «Սա ընտրություն կլիներ միայն այն դեպքում, եթե մյուս թեկնածուն էլ մասնակցեր: Ինչպե՞ս տարբերենք հիմա լավն ու վատը, եթե չկա ընտրություն»,-անընդհատ կրկնում էին նրանք: Չարենցավանցիները համոզված էին, որ Ա. Գալստյանը ինքնաբացարկ է հայտարարել ճնշումների ազդեցության տակ՝ «Վերեւներից կանչել են, թե՝ էս ի՞նչ գործի ես, ի՞նչ իրավունք ունես մարդկանց ձայները ստանալ ու նրանց ծանոթացնես քո նպատակներին, դու գիտես, թե սրա հետեւանքները ինչ կլինի: Հավաքեցին, մի-երկու ակտիվիստի տարան, մնացածն էլ արդեն հրաժարվեցին: Ա. Գալստյանը տեսավ, որ պետք է արյունահեղություն լինի, իր կողմնակիցները իր պատճառով պիտի պատժվեն, ստիպված հրաժարական տվեց»,- «Առավոտին» պատմեց մի տարեց քաղաքացի:

Համաձայն մեր զրուցակիցների՝ Հ. Շահգալդյանից որեւէ ակնկալիք չունեն եւ չեն հավատում կործանվող քաղաքը վերականգնելու՝ մարզպետի որդու տված խոստումներին. «Մեր քաղաքը ապագա չի ունեցել, չի էլ ունենա, ո՛վ էլ լինի: Այս 17 տարիների ընթացքում մեր քաղաքը որեւէ ղեկավարից ոչ մի օգուտ չտեսավ: Ոչ մի աշխատատեղ մեր քաղաքում չկա, ինչ էլ կա՝ իրենց ծանոթներին են տալիս: Այս թեկնածուն մեզ շատ խոստումներ է տվել, եկել մեզ հանդիպել են, իբր թե շենքերի տանիքները շինելու են, մեր սոցիալական վիճակը բարելավելու են, բայց մենք դրանց խոստումներին չենք հավատում»,- դժգոհեց Նորայր Սոլկարյանը:

Չարենցավանցի ազատամարտիկ Մելս Սարգսյանը ընտրության չի գնացել, քանի որ հուսախաբ է եղել անվերջ խոստումներից՝ «Մեր տները փլվում են մեր վրա, ընտանիքս կոտորվում է, ամբողջ տարի ջուրը լցվում է մեր տները, որպես ի՛նչ գնամ ընտրության, գնամ ընտրեմ, որ ավելի շո՞ւտ մեռնեմ»,- ասաց նա: Շատերը նույնիսկ հրաժարվում էին խոսել՝ պատճառաբանելով, որ թեեւ իրենք շատ բան ունեն ասելու, բայց ռիսկ չեն անում ընտրությունից առաջ տեղի ունեցած խարդավանքները պատմել, քանի որ Ա. Գալստյանի պես իրենք էլ կճնշվեն:

Այդուհանդերձ, չարենցավանցիները թեկնածուի համար, որպես առավելություն, նշում էին նրա երիտասարդ լինելը եւ այն, որ ընտրակաշառք չի բաժանել, որը, ըստ բնակիչների, պայմանավորված է Հ. Շահգալդյանի մրցակից չունենալու հետ: «Առավոտի» հետ զրույցում մարդկանց կաշառք չբաժանելը հաստատեց նաեւ Հ. Շահգալդյանը, սակայն չժխտեց, որ իրենք խոստումներ են տվել ժողովրդին, բայց ոչ թե ձայն կորզելու, այլ մարդկանց մեջ մտածողությունը փոխելու համար: Թե ինչո՞ւ Ա. Գալստյանն ինքնաբացարկ հայտարարեց եւ արդյո՞ք ճնշումների պատճառով, մարզպետի որդին ասաց. «Կուսակցություններ կան, որոնք ցանկություն ունեին այստեղ ազատագրական շարժումներ կազմակերպել: ՄԱԿ-ի ցանկությունն այն էր, որ իրենք ճշտեն՝ այս քաղաքում որեւէ ձայն ունե՞ն, թե՞ ոչ: Գուրգեն Արսենյանն եկավ Չարենցավան եւ զգաց, որ իրենք չեն կարող ձայն ստանալ, դրանից 3 օր հետո Ա. Գալստյանը ինքնաբացարկ հայտարարեց: Գ. Արսենյանը տեսավ, որ տվյալ թեկնածուն չունի այն թիմը, որի դեպքում իրենք կարող են հաղթանակի հասնել, եւ տեսավ իմ թիմը: Իրականությանը չի համապատասխանում այն, որ ճնշումներ են եղել: Այստեղ ոչ մի լարվածություն չի եղել. ո՛չ ճնշումներ են գործադրվել, ո՛չ էլ նման ցանկություն է եղել: Ամենակարեւորն այն է, որ փող բաժանելու հասկացությունն այս քաղաքից վերացավ, որը նաեւ մարզպետի հանձնարարականն է: Եկել է ժամանակը, երբ մարդիկ հասկացել են, որ 2-3 հազար դրամով իրենց խնդիրները չեն լուծվի: Սա մեր ուրախությունն է, որ Չարենցավան քաղաքում ընտրություններ են լինում առանց փողի: Իսկ Հանրապետական կուսակցությունն ինձ աջակցել է ընդամենը որպես քաղաքական ուժ»,- «Առավոտին» ասաց նորընտիր քաղաքապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել