Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇՈՒՇԱՊԱՏ ՆԱԽԱԳԻԾ

Հունվար 30,2007 00:00

Հայաստանի տարածքում իրանական նավթի մշակման գործարան կառուցելու ռուսական նախագծի շուրջ հոռետեսությունը չի խանգարում, որ դրա մասին բարձրաձայնեն Երեւանում եւ Մոսկվայում:

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած այն հայտարարությունից հետո, թե Ռուսաստանն արդեն այս տարվա մարտին Հայաստանում ներդրումների ծավալով «երրորդ ամոթալի տեղից» առաջ կգա՝ կլինի առաջինը, ՀՀ իշխանությունների անունից պաշտոնապես հայտարարվեց հայ-ռուսական նոր տնտեսական նախաձեռնության մասին: Այսպես, երեկ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է այն տեղեկությունները, թե պաշտոնական Երեւանն ու Մոսկվան քննարկում են Հայաստանի հարավում՝ Իրանի հետ սահմանամերձ տարածքում, իսկ ավելի ճշգրիտ՝ Մեղրիում, նավթամշակող գործարանի շինարարության նախագիծը: Իհարկե, ՀՀ նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ, այդ նախագիծն «ընդամենը գաղափար է, որը վերջնական տեսք չունի»: Ընդ որում, նա շատ չափազանցված է համարել նավթամշակող գործարանի շինարարության արժեքի վերաբերյալ ռուսական «Կոմերսանտի» գնահատականը՝ $1,7 մլրդ՝ առանց տրանսպորտային ենթակառույցների հաշվարկի, որի համար, թերթի կարծիքով, կպահանջվի եւս $1 մլրդ: Թե որքան կկազմի այդ նախագիծը ՀՀ իշխանությունների կամ հայ փորձագետների հաշվարկներով ՝ Վ. Սողոմոնյանը չի մասնավորեցրել: Այս նախագծի վերաբերյալ երեկ հայաստանյան լրատվամիջոցները հավելյալ տեղեկություններ են փորձել ստանալ: Օրինակ՝ «Արմինֆոյին» հաջողվել է «Մոսկվայի իրազեկ աղբյուրից» տեղեկանալ, որ Ռուսաստանը մտադիր է Իրան-Հայաստան գազատարի տարանցիկ բնույթից Հայաստանի հրաժարվելը փոխհատուցել Մեղրիում նավթավերամշակման գործարանի եւ Իրան-Հայաստան նավթամուղի կառուցմամբ (այս տեղեկությունը հետաքրքիր է այնքանով, որ ռուսական աղբյուրները փաստացի արձանագրում են Իրան-Հայաստան գազամուղի տարանցիկ չլինելու եւ դրանից ՀՀ-ի հրաժարվելու փաստը, ինչը մերոնք հերքում են- Ն. Մ.):

Նույն աղբյուրի համաձայն, ռուսաստանյան «Գազպրոմնեւտ»-ի կողմից Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման նախագծի իրագործման մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել 2005 թ.-ին՝ Իրան-Հայաստան գազատարի ապագային առնչվող բանակցությունների ժամանակ: Ավելին, Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցումը, աղբյուրի համաձայն, դիտարկվում է նաեւ քաղաքական տեսակետից, քանի որ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա նավթամուղի եւ գազատարի գործարկմամբ Հայաստանը կարող է դժվարին դրության մեջ հայտնվել: Եթե դրան ավելացնենք նաեւ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցման իրական հնարավորությունը, ապա իրավիճակը կարող է խնդրահարույց լինել ոչ միայն Հայաստանին, այլեւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանին ու ռուս սահմանապահներին էներգակիրներով ապահովելու տեսանկյունից:

Իհարկե, ասել, թե այս նախագիծը նոր գաղափար է՝ օբյեկտիվ չի լինի, որովհետեւ դրա մասին խոսք եղել է դեռ 2002թ.-ին՝ ՌԴ-ում Միխայիլ Կասյանովի վարչապետության օրոք: Այդ փաստը հաստատել է նաեւ «ԱՊՀ. նավթ եւ գազ» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Անատոլի Գիչմանը՝ «Ռեգնումին» տված հարցազրույցում: Նրա գնահատմամբ, այս նախագծի հեռանկարը հոռետեսական է, որովհետեւ դեռ 2002-ին, երբ այդ գաղափարը քննարկվել է, պարզ է դարձել, որ այն դժվար թե իրագործվի: Ըստ նրա, դրա պատճառները մի քանիսն են. «Պարզ չէ նախագծի տնտեսական շահը. եթե իրանական վերամշակված նավթը նորից Իրան է վերադարձվելու, ապա ինչո՞ւ է վերամշակման գործարանը Հայաստանում կառուցվելու: Երկրորդ, Իրանն արդեն վաղուց է հասկացնել տվել, որ առանձնապես չի ձգտում համագործակցել ռուսական նավթային եւ գազային ընկերությունների հետ, իսկ Հայաստանի հարավում կառուցվելիք գործարանը հենց ռուսական նախագիծ է: Երրորդ, Իրանում ուզում են, որ նմանատիպ կառույցները լինեն անմիջապես այդ երկրի տարածքում, եւ Իրանը մտադիր է դրան հասնել արդեն 2012թ.-ին, ինչը նշանակում է նավթամշակման նոր եւ խոշոր գործարանների կառուցում Իրանի ամբողջ տարածքում»: Ավելին, ըստ ռուս փորձագետի, նախագիծը հեռանկարային կլիներ, եթե բաց լիներ հայ-թուրքական սահմանը, որի դեպքում վերամշակված նավթը կմատակարարվեր Թուրքիայի արեւելյան շրջաններ:

Հայաստանյան փորձագետների կարծիքով, նախագիծը ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականում հեռանկար չունի: Նրանք եւս այն կարծիքին են, որ նախագիծն իրականություն դարձնելու համար հարկ կլինի ներդնել 2.8 մլրդ դոլար՝ միայն Իրան-Հայաստան նոր երկաթգիծ կառուցելու եւ մշակված նավթը տեղափոխելու համար: Ավելին, Իրանի հյուսիսից դեպի Հայաստանի հարավ նավթ հասցնելու համար հարկ կլինի կառուցել Իսպահան-Մեղրի 200 կիլոմետրանոց նավթատար, որը լրացուցիչ ծախս է: Մյուս կողմից, հայ փորձագետներից մեկ-երկուսը դեռ մի կողմ թողնելով այս նախագծում Իրանի շահագրգռության հարցը՝ մեզ հետ զրույցում արձանագրեցին նաեւ, որ 1990-ականների սկզբներից ի վեր, երբ իրաքա-իրանյան պատերազմի ժամանակ Իրաքը ռմբակոծեց Իրանում երկու խոշոր նավթամշակման գործարանները, Իրանը դեռ երկար ժամանակ պատրաստ չի լինելու նման ծրագրի իրագործմանը: Մի խոսքով, հայ վերլուծաբանների գնահատմամբ, նավթամշակման գործարան կառուցելու մասին բարձրաձայնելը, առավել եւս, երբ դրա իրականացման հեռանկարն է մշուշոտ, զուտ քաղաքական բնույթ ունի. Հայաստանում այն ուղղված է ներքին, իսկ ՌԴ-ում՝ արտաքին սպառման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել