Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունվար 29,2007 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք չորրորդ

Գլուխ հինգերորդ

ՄՈՌԱՆԱԼb ԲԱԽՏՈՅԻՆ

– Ամեն դեպքում, էրեխին խնդրենք՝ թող էդ երգը մի հատ էլ երգի,- ասաց Ռոլանդը:

– Բադրջանով բանով, չէ՞,- ոգեւորվեց Գուգոն:

– Հա,- ասաց Ռոլանդը.- իրա սաղ թաշախուստով:

– Բայց բադրիջանը հանելու պահին թող էս անգամ Դանիկիչի անունը տա,- ասաց Լեոնիդը:

– Դանիկի՞չն ով ա,- զարմացավ Գուգոն:

– Ռոլանդը,- ասաց Լեոնիդը:- Մի անգամ էլ Ռոլանդի տարբերակով փորձենք. միգուցե ավելի լավ ստացվի:

– Վայ թե դու էլ ես նեղացել, Միխայլովիչ ջան,- ժպտաց Գուգոն:- Որ էրեխեն թազադան երգի, կասեմ՝ թող բադրջանը հանելուց լափ էլ ի՛մ անունը տա: Ախր անունը հեչ կապ չունի, Միխայլովիչ ջան:

– Հասկանալի է,- ասաց Լեոնիդը.- անունը միանգամայն հարաբերական է:

– Անունը լրիվ հարաբերական ա,- փռթկացրեց Ռոլանդը.- փաստորեն, տղեդ իրա էս երգով Էյնշտեյնի հարաբերականության տեսության հերն անիծել ա, Գուգո ջան:

– Ես էդ ասածդ բարդ բաները չեմ հասկանում, Ռոլանդ ջան,- ասաց Գուգոն.- ես հասարակ արհեստավոր մարդ եմ:

– Արհեստավոր ես, բայց լավ էլ արվեստ ես հասկանում,- ասաց Ռոլանդը:

– Արվեստ չէ, բայց երգերից որոշ չափով հասկանում եմ,- ասաց Գուգոն:

– Ինձ թվում է՝ էդ կոմպոզիցիայի մեջ քո մատն էլ է խառը, Գուրգեն,- ասաց Լեոնիդը:

– Ի՞նչ կոմպոզիցիա,- զարմացավ Գուգոն:

– Բադրջանի հաշվով ա ասում,- ասաց Ռոլանդը:

– Բադրջանի հաշվով ի՞նչ ա ասում,- հարցրեց Գուգոն:

– Ասում ա՝ էդ բադրջանի գաղափարը վայ թե դու ես էրեխին տվել,- բացատրեց Ռոլանդը:

– Ճիշտն ասե՞մ,- ժպտաց Գուգոն:

– Ասա,- ասաց Ռոլանդը:

– Ճիշտը որ ասեմ՝ էդ բադրջանի գաղափարը լրիվ իմ բստրածն ա,- խոստովանեց Գուգոն:

– Ճիշտն ասած, իմ մտքով էլ անցավ, որ էդ բադրջանի մոմենտն էրեխի խելքի բանը չի,- ասաց Ռոլանդը:

– Բայց էդ երգի եղանակն ու խոսքերն էրեխեն լրիվ ինքնուրույն ա հնարել,- ասաց Գուգոն.- թե սուտ եմ ասում՝ շան տղա ըլնեմ:

– Իզուր ես երդվում. հավատում ենք,- ասաց Լեոնիդը:

– Շատ ուժեղ երաժշտություն ա գրել,- ասաց Ռոլանդը:

– Հա,- ասաց Գուգոն.- լակոտը շատ ուժեղ սլուխ ունի:

– Զգացվում է,- ասաց Լեոնիդը:

– Մեր էս կողքի հարեւանի հարսը դաշնամուրի գծով ա ավարտել,- ասաց Գուգոն.- ինքը որ էրեխին լսեց, ասեց՝ շատ ուժեղ սլուխ ունի:

– Էդ բադրջանով երգը լսե՞ց,- հարցրեց Ռոլանդը:

– Չէ. սավսեմ ուրիշ բան երգեց,- ասաց Գուգոն.- հարսի մոտ էս բադրջանը հոմ չէի՞ երգացնի, ա՛յ Ռոլանդ:

– Բադրջանը սավսեմ ուրիշ երգ ա,- ասաց Ռոլանդը:

– Հի՛-հի՛-հի՛,- ծիծաղեց Գուգոն:

– Խի՞ ես ծիծաղում,- ասաց Ռոլանդը.- ես լրիվ լուրջ եմ ասում:

– Ա՛յ Ռոլանդ, դու ախր էդ բադրջանի տեսարանը հեչ չես էլ տեսել,- շարունակեց ծիծաղել Գուգոն:

– Չեմ տեսել, բայց լրիվ պատկերացնում եմ,- ասաց Ռոլանդը:

– Իմ պատմելով ես պատկերացնում,- ասաց Գուգոն.- բայց որ սեփական աչքովդ ես տենում՝ սավսեմ ուրիշ ա:

– Էրեխեն հո չփախա՞վ. կխնդրենք՝ մի հատ էլ բադրջանով կերգի,- ասաց Ռոլանդը:

– Երգելը կերգի, բայց իմ պատմելուց հետո արդեն էն հետաքրքրությունը չի ըլնի, որ պիտի առաջի անգամից ըլներ,- բացատրեց Գուգոն:

– Շատ ուժեղ կոմպոզիցիա էր,- ասաց Լեոնիդը:

– Լակոտը կոմպոզիցիայի հերն անիծեց,- ասաց Գուգոն.- լրիվ, փաստորեն, անսպասելիությունը փոզմիշ արեց:

– Կանչի՛, Գուգո ջան,- ասաց Ռոլանդը.- էրեխին կանչի՝ թող մի հատ էլ բադրջանով երգի:

– Կանչե՞մ,- Լեոնիդին նայեց Գուգոն:

– Այո՛, իհարկե,- ասաց Լեոնիդը:

– Համիկ ջան, Աշոտ ջան, մի հատ էրեխին ձեն տվեք՝ թող գա,- իր աշակերտներին խնդրեց Գուգոն:

Համիկն ու Աշոտը գնացին եւ քիչ անց Վարազդատի հետ վերադարձան:

– Ձեն տուր՝ թող հոպարն էլ գա,- Վարոյին ասաց Գուգոն:

– Հոպարը գնաց,- ասաց Վարոն:

– Ո՞ւր գնաց,- տեղից վեր թռավ Գուգոն:

– Նստեց տաքսի՝ գնաց,- ասաց Վարոն:

– Ի՞նչ տաքսի,- ապշեց Գուգոն:

– Էս մեր վիրեւի հարեւանի տուն տաքսիով մարդ էր էկել,- բացատրեց Վարոն.- որ էդ մարդը տաքսուց իջավ, ու տաքսին կռուգ տվեց, հոպարը նստավ էդ տաքսին ու գնաց:

– Ի՞նչ տաքսի էր,- կարկամեց Գուգոն:

– Դեղին գույնի,- ասաց Վարոն.- էն որ վրեն շախմատ ա նկարած ըլնում:

– Էդ մարդը լրիվ ա գժվե՞լ,- ասաց Գուգոն:

– Եղբայրդ ձեզ հետ՝ էստեղ չի՞ ապրում,- հարցրեց Լեոնիդը:

– Չէ,- Գուգոյի փոխարեն պատասխանեց Վարոն.- իրանք Բանգլադեշ են մնում:

– Էդ Բախտիարից չէր,- ասաց Ռոլանդը.- ինքը դժվար թե առանց զգուշացնելու գնար:

– Փաստը մնում ա փաստ, որ գնացել ա,- ասաց Գուգոն ու ավելացրեց.- ինքն ըտենց մունդառ խասյաթ ունի. մի բանից որ նեղանում ա, մեկ էլ տեսար՝ հանկարծակի թողում ու էթում ա:

– Հիմա ինքը նեղացա՞ծ էր,- հարցրեց Լեոնիդը:

– Հալբաթ,- ասաց Գուգոն.- որ նեղացած չըլներ՝ խի՞ պիտի առանց ծպտուն հանելու նստեր էդ տաքսին ու էթար:

– Բայց ինչի՞ց նեղացավ,- հարցրեց Ռոլանդը:

– Երեւի էդ երգից,- հոգոց հանեց Գուգոն:

– Էդ երգից խի՞ պիտի նեղանար,- զարմացավ Ռոլանդը:

– Իրա նեղանալը որ բռնում ա՝ էլ պատճառ ման չի գալի,- ասաց Գուգոն:

– Ե՛ս պիտի էդ եգից նեղանայի, բայց չեմ նեղացել,- ծիծաղեց Լեոնիդը:

– Ինքը երեւի մտածեց՝ դու նեղացել ես, դրա համար ինքն էլ նեղացավ,- բացատրեց Գուգոն:

– Ինքն էլ է՞ր էդ երգն առաջին անգամ լսում,- հարցրեց Ռոլանդը:

– Հա,- ասաց Գուգոն:- Որ էս վարիանտից նեղացել ա, պատկերացնում եմ՝ բադրջանով վարիանտից ոնց կնեղանար:

– Դժվար թե էդ երգից նեղացած ըլնի,- ասաց Ռոլանդը.- կարող ա՞ ուրիշ բանից ա նեղացել:

– Հարուր տոկոսով եմ ասում, Ռոլա՛նդ ջան,- ասաց Գուգոն.- ես մենակ մեռնելուս օրը չեմ իմանում:

– Ախր էդ երգի մեջ հեչ իրա անունն էլ չկար,- ասաց Ռոլանդը:

– Կապ չունի,- ասաց Գուգոն:- Ես իրա սֆաթից արդեն գլխի էի, որ նեղացել ա: Որ իրա անունն էդ երգի մեջ ըլներ, երեւի էդքան չնեղանար՝ ինչքան որ ձեր անունների համար նեղացավ: Ինքը երեւի մտածեց՝ Միխայլովիչը նեղացել ա, դրա համար ինքն է՛լ նեղացավ:

– Համոզվա՞ծ ես,- հարցրեց Լեոնիդը:

– Ես մենակ մեռնելուս օրը չգիտեմ, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն:- Ինքը հաստատ մտածեց, որ դու նեղացել ես:

– Բայց ես նեղացածության որեւէ նշան ցույց չեմ տվել,- զարմացավ Լեոնիդը:

– Բայց նեղացե՞լ ես,- խորամանկ ժպտաց Ռոլանդը.- ճի՛շտն ասա, Միխայլիչ:

– Ճիշտն ասած, սկզբում անակնկալի եկա, բայց հետո մտածեցի ու հասկացա, որ իրականում շատ լուրջ ու արժեքավոր կոմպոզիցիա է,- ասաց Լեոնիդը:

– Գուգո ջան, կյանքում չհավատաս, որ Միխայլիչն իսկական արվեստից նեղանա,- ասաց Ռոլանդը:

– Դանիկիչը ճիշտ է ասում,- ասաց Լեոնիդը:

– Իսկական արվեստը զոհեր ա պահանջում,- ասաց Ռոլանդը:

– Հիմի ի՞նչ եք ասում. էրեխին ասե՞մ՝ մի հատ էլ երգի,- հարցրեց Գուգոն:

– Չէ,- ասաց Լեոնիդը.- մենք երեւի արդեն շարժվենք:

– Ո՞ւր,- զարմացավ Գուգոն:

– Գործեր կան,- ասաց Լեոնիդը:

– Բա նոր ասում էիք՝ ոչ մի գործ չունեք,- ասաց Գուգոն:

– Միխայլիչը շատ զբաղված մարդ ա, Գուգո ջան,- ասաց Ռոլանդը.- էսքան էլ որ հետներս նստեց՝ էդ արդեն շատ մեծ բան էր: Համ էլ՝ որ Բախտիարը գնաց, մեր մնալն արդեն մի տեսակ է՛ն չի:

– Բախտոյի էթալն ի՞նչ կապ ունի,- հարցրեց Գուգոն:- Բախտոյին մոռանանք. գնաց՝ գնաց, Աստված իրա հետ:

– Ի՛նքն էր մեզ հրավիրել,- ասաց Ռոլանդը:

– Ինքը ձեզ հրավիրել ա, բայց ինքը թողեց գնաց,- ասաց Գուգոն.- որ ճիշտն ուզում ես իմանաս՝ ինքը շատ սխալ բան արեց, Ռոլանդ ջան: Ճիշտ ա, ինքը մեծ ախպերս ա, գլխիս վրեն տեղ ունի, բայց ճիշտը մնում ա ճիշտ:

– Մի հատ էլ էս օջախի կենացը խմենք ու վեր կենանք,- ասաց Ռոլանդը:

– Էս խորովածին էլ փաստորեն ձեռ չտվիք,- նեղսրտեց Գուգոն:

– Լավ էլ կերանք,- ասաց Ռոլանդը:

– Լավ կերանք ու լավ էլ խմեցինք,- ասաց Լեոնիդը:- Ե՛վ խորովածն էր ընտիր, ե՛ւ գինին:

– Չտեսնված գինի էր,– ասացի ես:

– Էս օջախի դռները ձեր առաջ միշտ բաց են,- ասաց Գուգոն:

– Օջախիդ կենացը, Գուրգեն ջան,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Լեոնիդը:- Երեխային էլ մեծ ապագա եմ ցանկանում:

– Ձեզանո՛վ, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն:

– Մեզանից ինչ որ կախված ա՝ կանենք, Գուգո ջան,- ասաց Ռոլանդը.- մենակ թե՝ Միխայլիչի պոչը պիտի պինդ բռնենք, որ չփախնի:

– Բա էղա՞վ, Դանիկիչ,- ասաց Լեոնիդը:

– Միխայլովիչը փախնող տղա չի,- ասաց Գուգոն:

– Հաստատ չես կարա ասես, Գուգո ջան,- ասաց Ռոլանդը.- մեկ էլ տեսար՝ փախավ:

– Ո՞ւր պիտի փախնի,- անհանգստացավ Գուգոն:

– Իրան Ռուսաստանի տարբեր թատրոններից մի գլուխ հրավիրում են, Գուգո՛ ջան,- ասաց Ռոլանդը.- մեկ էլ տեսար՝ թքեց ու գնաց:

– Էրեւանից լավ տեղ պիտի գնա՞,- ասաց Գուգոն:

– Արվեստագետի ու մանավանդ դերասանի համար լավ տեղն է՛ն տեղն ա, որտեղ իրան գնահատում են,- բացատրեց Ռոլանդը:

– Խի ըստեղ Միխայլովիչին չեն գնահատո՞ւմ,- հարցրեց Գուգոն:

– Գնահատելը գնահատում են, բայց կարային ավելի լավ գնահատեին,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- ընե՛նց չեն գնահատում՝ ոնց որ պետքն ա:

– Աստված թող մեր Միխայլովիչին ամենամեծ բարձրունքներին արժանացնի,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Գուգոն:

– Օջախի՛ կենացն է, Գուրգեն ջան,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Լեոնիդն ու ավելացրեց.- Աստված թող ավելի՛ շենացնի քո օջախը:

– Աստված իրանը կանի, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն.- դու է՛ն ասա՝ էրեխի հարցը ո՞նց ա ըլնելու:

– Էրեխի հարցը կարաս հաշվես էղած,- ասաց Ռոլանդը:

– Ռոլանդ ջան, ես ուզում եմ, որ քու էդ ասածը Միխայլովիչն իրա բերանով ասի,- ասաց Գուգոն:

– Ասելը պոզովպոչով ա՞ ըլնում,- ասաց Ռոլանդը.- ինքն արդեն, փաստորեն, մի քանի անգամ խոստացավ:

– Թող հիմի մի անգամ էլ վերջնական խոստանա ու վերջ,- աղերսանքով Լեոնիդին նայեց Գուգոն:

– Երեխայի համար իզուր ես այդքան անհանգստանում, Գուրգեն ջան,- ասաց Լեոնիդը.- ես համոզված եմ, որ մեր Վարազդատը նույնիսկ իր ուժերով կարող է ընդունվել:

– Բայց որ կողքից քոմագ անող ըլնի՝ էդ սավսեմ ուրիշ ա, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն:

– Ամեն ինչ լավ կլինի,- ժպտաց Լեոնիդը:

– Ուզում ես ասես՝ խոսք ե՞ս տալի,- շարունակեց աղերսանքով Լեոնիդին նայել Գուգոն:

– Խոսք տալը պոզովպոչով ա՞ ըլնում, ա՛յ Գուգո,- ասաց Ռոլանդը:

– Ես ուզում եմ, որ Միխայլովիչն իրա բերանով ասի,- թախանձեց Գուգոն:

– Կարող ես համարել, որ խոստացել եմ,- ժպտաց Լեոնիդը:

– Թող Աստված քու մեկը հազար անի, Միխայլովիչ ջան,- ցնծաց Գուգոն:

– Վեր կենա՞նք, Միխայլիչ,- Լեոնիդին նայեց Ռոլանդը:

– Գուրգենը չի թողնում իր օջախի կենացը խմենք ու նոր վեր կենանք,- ասաց Լեոնիդը:

– Խմենք,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- օջախիդ կենացը, Գուգո ջան, միշտ ըսենց լավ առիթներով հանդիպենք:

– Օջախիդ կենացը, Գուգո ջան,- բաժակս Գուգոյի բաժակին խփելով՝ ասացի ես ու խմեցի:

– Օջախիդ կենացը, Գուրգեն ջան, ինչպես նաեւ՝ մեր Վարազդատի կենացը. ես համոզված եմ, որ մի քանի տարի հետո մեր Վարազդատի անունը հանրապետությունով մեկ թնդալու է,- հանդիսավոր ասաց Լեոնիդն ու խմեց:

– Լավ գինի ա, չէ՞, Միխայլիչ,- հարցրեց Ռոլանդը:

– Լավն է՛ն խոսքը չի, Դանիկիչ,- ասաց Լեոնիդը.- իսկական մեռոն է:

– Մի շիշ էս գինուց լցնեմ՝ հետներդ կտանե՞ք,- հարցրեց Գուգոն:

– Մերսի, Գուգո ջան,- ժպտաց Ռոլանդը.- էդ աշտարակցու տեղը մենք է՛լ գիտենք:

– Էս օջախի դուռը ձեր առաջ միշտ բաց ա, Ռոլանդ ջան,- ասաց Գուգոն ու ավելացրեց.- դուք մենակ Բախտոյի միջոցով մի օր առաջ ինձ իմաց արեք, որ գալու եք:

– Բախտոն երեւի շատ փիս էր նեղացել,- ասաց Ռոլանդը.- թե չէ՝ ինչի՞ պիտի առանց մեզ հաջողություն ասելու գնար:

– Ինքը խռովող ա, ճիշտ ա, բայց երկար խռով պահող չի,- ասաց Գուգոն.- մի քանի օրից հաստատ կհայտնվի: Ինչքան չըլնի՝ փոքր ախպերն եմ:

– Այո,- ասաց Լեոնիդը.- մեծերը պարտավոր են մեծահոգի ու ներողամիտ լինել:

– Ճիշտ ես ասում, Միխայլովիչ ջան,- համաձայնվեց Գուգոն:

– Իսկական մեծերը միշտ էլ մեծահոգի են, Գուգո ջան,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- մեր Միխայլովիչը քեզ օրինակ:

– Ճիշտ ես ասում, Ռոլանդ ջան,- հաստատեց Գուգոն:

– Ես ի՞նչ մեծ,- զարմացավ Լեոնիդը:

– Ես քեզ տարիքի իմաստով չեմ մեծ ասում, Միխայլիչ ջան,- ասաց Ռոլանդը.- որպես դերասան ես մեծ:

– Ճիշտ ա ասում, Միխայլովիչ ջան,- վրա տվեց Գուգոն.- որպես դերասան ես մեծ:

– Դո՞ւ ինչ գիտես, ա՛յ Գուրգեն,- զարմացավ Լեոնիդը.- իմ ներկայացումները տեսե՞լ ես:

– Տենալը չեմ տեսել, բայց որ մեր Ռոլանդ ախպերն ասում ա՝ պարտավոր եմ հավատամ,- ասաց Գուգոն:

– Մինչեւ սեփական աչքովդ չտեսնես՝ մի՛ հավատա,- ասաց Լեոնիդը:

– Սեփական աչքովս ո՞նց տենամ, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն:

– Հրավիրատոմս կուղարկեմ՝ Վարազդատի հետ կգաք,- ասաց Լեոնիդը:

– Հա,- ասաց Ռոլանդը.- սրանից հետո էրեխեն շուտ-շուտ պիտի թատրոն գնա. ապագա դերասան ա, չէ՞:

– Ճիշտը որ ասեմ՝ իրան ոչ մի անգամ թատրոն տարած չկամ,- ասաց Գուգոն:

– Սրանից հետո կտանես,- ասաց Ռոլանդը:

– Ձերը ո՞ր թատրոնն ա, Միխայլովիչ ջան,- հարցրեց Գուգոն:

– Ստանիսլավսկու,- ասաց Լեոնիդը:

– Ռուսակա՞ն,- հարցրեց Գուգոն:

– Հա,- ասաց Ռոլանդը.- կինո «Մոսկվայի» դեմի թատրոնն ա:

– Սպորտկոմիտեի կողքն ա, չէ՞,- հարցրեց Գուգոն:

– Հա,- ասաց Ռոլանդը.- տեղը լավ էլ գիտես:

– Էդ սպորտկոմիտեի ռեմոնտի սաղ գաջի գործը մենք ենք արել,- ասաց Գուգոն:- Մենակ վատն էն ա, որ Միխայլովիչենց էդ թատրոնը ռուսական ա. էն իմաստով ա վատ, որ ո՛չ ես եմ մարդավարի ռուսերեն հասկանում, ո՛չ էլ երեւի էրեխեն:

– Ես ռուսերեն հասկանում եմ, պա՛պ,- ասաց Վարազդատը:

– Հա՞,- տղայի գլուխը շոյեց Գուգոն:

– Հա,- ասաց Վարոն.- ռուսերենս չորս ա:

– Ռուսերենն էնքան էլ կարեւոր չի,- ասաց Ռոլանդը.- կարեւորը դերասանների խաղն ա ու բեմադրությունը:

– Հա՞,- զարմացավ Գուգոն:

– Դանիկիչը ճիշտ է ասում,- ասաց Լեոնիդը.- վրացիները որ վրացերեն Բրեխտ են խաղում, վրացերեն չիմացողը լրիվ հասկանում է:

– Ստուրուայի բեմադրությունն ե՞ս ասում, Միխայլիչ,- հարցրեց Ռոլանդը:

– Ընդհանրապես եմ ասում,- ասաց Լեոնիդը.- Լոուրենս Օլիվյեի Ռիչարդն էլ եմ ծայրեծայր հասկանում, չնայած անգլերեն ոչ մի բառ չգիտեմ:

– Բարդ բաներ եք խոսում,- ասաց Գուգոն.- մենք ինչքա՜ն հացուպանիր պիտի ուտենք, որ ձեր էս խոսացածները հասկանանք: Արվեստագետները սավսեմ ուրիշ մարդիկ են, դրա համար էլ ուզում եմ, որ էրեխեն արվեստագետ դառնա, ոչ թե՝ իմ պես բանվոր:

– Դու բանվոր չես, արհեստավոր ես,- ասաց Ռոլանդը.- դրանք տարբեր բաներ են:

– Նույն զիբիլն են, Ռոլանդ ջան,- ասաց Գուգոն:

– Որ ճիշտն ուզում ես իմանաս՝ արհեստավորի գործն էլ ա արվեստ,- ասաց Ռոլանդը:

– Դու էլ հոմ չասիր,- ժպտաց Գուգոն:

– Դանիկիչը ճիշտ է ասում,- ասաց Լեոնիդը:- Ես ավելին կասեմ. արհեստավորներ կան, որ ավելի՛ արվեստագետ են, քան՝ որոշ արվեստագետներ:

– Էդ ասածդ սվաղչիներին էլ ա՞ վերաբերվում, Միխայլիչ,- ծիծաղեց Գուգոն:

– Առաջին հերթին հենց սվաղչիներին ա վերաբերում,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- մանավանդ քո՛ արած սվաղն ա իսկական արվեստ:

– Իմ արած սվաղը ե՞րբ ես տեսել, ա՛յ Ռոլանդ,- զարմացավ Գուգոն:

– Պարտադիր չի, որ տեսած ըլնեմ,- ասաց Ռոլանդը.- սաղ աշխարհն ա քո սվաղի մակարդակից խոսում:

– Ուստա Գուգոն ընենց փարդախ ա քաշում՝ ոնց որ իսկական հայելի,- սեղանի ծայրից ասաց Համիկը:

– Տունը գաջի-բանի գործ չունե՞ս, Միխայլովիչ ջան,- հարցրեց Գուգոն:

– Չէ, Գուրգեն ջան,- ժպտաց Լեոնիդը:

– Տեսեք, Ռոլանդ ջան, ես միշտ պատրաստ եմ,- ասաց Գուգոն:

– Մենք է՛լ ենք միշտ պատրաստ,- ասաց Համիկը:

– Քեզ էլ ա վերաբերվում, Արմեն ջան,- ինձ նայեց Գուգոն, այնուհետեւ Ռոլանդին հարցրեց.- մեր Արմենն էլ ա՞ արվեստագետ:

– Էն էլ ի՜նչ արվեստագետ ա,- ժպտաց Ռոլանդը:

– Էլի դերասա՞ն,- հարցրեց Գուգոն:

– Ավելի բեթար,- ասաց Ռոլանդը:

– Ավելի բեթարը ո՞րն ա,- զարմացավ Գուգոն:

– Բանաստեղծ,- ասաց Ռոլանդը:

– Ասել էիր՝ մոռացել էի,- ասաց Գուգոն.- էս Բախտոն հիշողությունս հետը տարավ:

– Ոնց որ դու գաջ ես քաշում, Արմոն էլ էդ մակարդակի բանաստեղծություն ա գրում,- ասաց Ռոլանդը:

– Բանաստեղծությունը ոտանավորն ա, չէ՞,- հարցրեց Գուգոն:

– Հա,- ասաց Ռոլանդը:- Մեր Արմոն էլ իրա՛ գործի վարպետն ա. ընենց փարդախ ա քաշում՝ հայելուց բեշբեթար:

– Դու էլ ե՞ս իրանց կողմերից, Արմո՛ ջան,- հարցրեց Գուգոն:

– Իրանց կողմերը ո՞րն ա,- հարցրի ես:

– Սասունցի,- ասաց Գուգոն:

– Չէ,- ասացի ես.- ձե՛ր կողմերից եմ:

– Ախտեցի՞,- ոգեւորվեց Գուգոն:

– Սարիթաղցի,- ասացի ես:

– Հաստա՞տ,- ժպտաց Գուգոն.- Սարի թաղի տղա ե՞ս:

– Համարյա,- ասացի ես.- Մետաքսի տղա եմ:

– Աղասին ճանաչո՞ւմ ես,- հարցրեց Գուգոն.- էն որ մի վախտ սվաղ էր անում:

– Աղասը դուռդռան հարեւանս ա,- ասացի ես:

– Ինքը ինձնից հազար գլուխ ուժեղ արհեստավոր էր, բայց իրա կյանքը սխալ դասավորեց,- ասաց Գուգոն:

– Մի քանի տարի նստեց,- ասացի ես:

– Լրիվ իզուր տեղը,- ասաց Գուգոն:

– Ինչ-որ կռվի մեջ էր ընկել,- ասացի ես:

– Ինքը մի քիչ կռվազան ա, ճիշտ ա, բայց սիրտը շատ ա մաքուր,- ասաց Գուգոն:

– Հա,- ասացի ես.- շատ լավ մարդ ա:

– Ուղղակի արժող-չարժողի հետ որ խմում ա՝ է՛դ ա վատը,- ասաց Գուգոն:- Իրա էդ խմելն ա, փաստորեն, իրա տունը քանդում:

– Հա,- ասացի ես:

– Մի բան որ ասեմ՝ հո չե՞ս նեղանա, Արմեն ջան,- ինձ հարցրեց Գուգոն:

– Ասա՛,- ասացի ես:

– Բայց դու արվեստագետի հեչ նման չես,- ասաց Գուգոն:

– Բա ինչի՞ եմ նման,- ժպտացի ես:

– Նորմալ մարդու,- ասաց Գուգոն.- ոնց որ լրիվ նորմալ մարդ ըլնես:

– Ա՛յ Գուգո, էդ ասածիցդ ոչ թե Արմենը պիտի նեղանա, այլ՝ Միխայլիչն ու ես,- ասաց Ռոլանդը.- քո ասածից ստացվում ա, որ ես ու Միխայլիչը նորմալ մարդ չենք:

– Ես Միխայլովիչի ու քու հաշվով ոչ մի բան չեմ ասել, Ռոլանդ ջան,- արդարացավ Գուգոն.- ես մենակ Արմենի հաշվով եմ ասել:

– Ըտենց մի էրկու բան էլ որ ասես՝ էրեխիդ գործը լրիվ փոզմիշ կանես, Գուգո ջան,- ծիծաղեց Ռոլանդը:

– Բայց ի՞նչ վատ բան եմ ասել, Ռոլանդ ջան,- նեղսրտեց Գուգոն:

– Քու ասածից դուս ա գալի, որ Արմոն նորմալ մարդ ա, ես ու Միխայլիչը՝ աննորմալ,- ծիծաղեց Ռոլանդը:

– Ես ըտենց բան չեմ ասել, Ռոլանդ ջան,- շիվարեց Գուգոն.- փաստորեն, դու իմ ասածը փոխում ես:

– Ես կասեի՝ նենգափոխում է,- ժպտաց Լեոնիդը:

– Ես ոչ թե քո ասածը փոխում եմ, այլ քո ասածը բացատրում եմ,- ծիծաղեց Ռոլանդն ու ավելացրեց.- Միխայլիչը կարող ա էդ ասածիցդ նեղանա ու էրեխի գործը չանի:

– Հա՞,- Լեոնիդին խեղճ-խեղճ նայեց Գուգոն:

– Ա՛յ Գուրգեն, չես տեսնո՞ւմ, որ Ռոլանդը կատակ է անում,- ասաց Լեոնիդը.- հոգուդ հետ է խաղում:

– Հա՞,- Ռոլանդին նայեց Գուգոն:

– Շուտկա,- ասաց Լեոնիդը:

– Ես արդեն ձեր հանաքն ու լուրջն իրարից չեմ ջոկում,- ասաց Գուգոն.- արվեստագետների լեզուն հեչ չեմ հասկանում:

– Բայց Արմենի լեզուն հասկանում ես, չէ՞,- ծիծաղեց Ռոլանդը:

– Խեղճը ե՞րբ ա խոսում, որ հասկանամ կամ չհասկանամ,- ասաց Գուգոն:

– Բա նորմալ մարդը կարա՞ր էսքան վախտ սուս մնար,- ասաց Ռոլանդը:

– Երեւի քչախոս ա,- ասաց Գուգոն:

– Հեչ էլ քչախոս չի,- ասաց Ռոլանդը.- ուղղակի ականջները սրած մեզ ա լսում, որ հետո վրեքս ոտանավոր գրի:

– Էս մեր խոսակցությունից դժվար թե ոտանավոր ստացվի,- ասաց Գուգոն:

– Ինքը ամեն ինչից էլ ոտանավոր ստանում ա,- ասաց Ռոլանդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել