ԱԺ իրավաբանական ծառայության նախկին ղեկավար Սուրեն Մամիկոնյանն «Առավոտին» հիշեցրեց, որ Սահմանադրության փոփոխություններն ընդլայնել են Ազգային ժողովի լիազորություններն ու գործառույթները, եւ դրանք ամբողջությամբ իրականացնելու հնարավորություն ունենալու համար՝ հիմնական օրենքով կրկնապատկվել է օրենսդիր մարմնի մշտական հանձաժողովների թիվը: Իսկ «ԱԺ կանոնակարգի» համաձայն, խորհրդարանի «նորմատիվ, փորձագիտական, իրավաբանական, կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունն ապահովում է աշխատակազմը»: Ըստ պրն Մամիկոնյանի՝ «Տրամաբանությունը հուշում է, որ ԱԺ աշխատակազմում կատարվող կառուցվածքային փոփոխությունները պետք է ոչ թե ուղղված լինեին այնտեղ աշխատող պետական ծառայողների թվաքանակը կրճատելուն, ինչի բուն նպատակը վերջիններիս ուղղակի առավել ցանկալի մարդկանցով փոխարինելն էր, այլ ընդհակառակը. պետք է ավելացնեին հաստիքներ՝ ընդլայնված լիազորությունների շրջանակներում օրենսդիր մարմնի բնականոն գործունեությունն ապահովելու եւ չխաթարելու համար: Այս պարագայում «Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ նախագահի 31.07.2006թ. N34 կարգադրության գոյությունը, մեղմ ասած, չի բխում Սահմանադրության փոփոխություններից: Ավելին՝ վերոհիշյալ կարգադրության գոյությունը նպաստել է շուրջ 40 պետական ծառայողների հանրային ծառայության ընդունվելու իրավունքի (Սահմանադրության 30.2 հոդված) եւ աշխատանքի ընտրության ազատության ու արդարացի աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքի (Սահմանադրության 32 հոդված) ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանի կողմից կոպտորեն ոտնահարմանն ու խախտմանը»: Ըստ իրավաբանական ծառայության ղեկավարի՝ պետք է անվավեր ճանաչվի նաեւ ԱԺ նախագահի N 34 կարգադրությունը: Հիշեցնենք, որ նա մինչ այժմ վիճարկում էր միայն աշխատակազմի ղեկավարի ծանուցումը՝ աշխատանքից ազատելու վերաբերյալ:Անդրադարձավ նաեւ մի «զավեշտալի իրավիճակի»: ԱԺ աշխատակազմի ղեկավարը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան՝ դատական նիստը հետաձգելու խնդրանքով, պատճառաբանելով, որ ԱԺ-ն պայմանագիր է կնքել փաստաբանի հետ եւ նրան ժամանակ է անհրաժեշտ գործի նյութերին ծանոթանալու համար: «ԱԺ Իրավաբանական ծառայությունը լուծարվեց «ավելորդ» լինելու պատճառաբանությամբ եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ի լուր հանրության հայտարարեց, որ այդպիսով նաեւ խնայվում են պետական բյուջեի միջոցները,- հիշեցրեց պրն Մամիկոնյանը:- Սակայն այժմ պարզվում է, որ մեր օրենսդիր մարմնում պարզապես չկա իրավաբան. հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է ԱԺ-ն դիմեր փաստաբանի օգնությանը, որի ծառայությունների դիմաց, ի դեպ, պետք է վճարի նույն պետբյուջեի միջոցներից»: