Գեղամյանն ու Դեմիրճյանը դրան, կարծես թե, չեն մասնակցի
Վերջին օրերին արված մի քանի հայտարարությունները եւ կանխատեսումները գրեթե վերջնականապես բացահայտեցին ընդդիմադիր ուժերի մի հատվածի նախընտրական ծրագրերը: Նախ՝ ընդդիմադիր դաշտի այդ հատվածի ծրագրերից խոսեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Վերջինս հնչեցրեց այն միտքը, որ, իրենց կարծիքով, ընդդիմությունը պետք է ընտրություններում հանդես գա ըստ իր աշխարհաքաղաքական կողմնորոշումների: Հաջորդ օրը պարոն Բաբուխանյանի միտքը հստակեցրեց «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը, որը հենց ՍԻՄ-ի օրինակի վրա հաստատեց «աշխարհաքաղաքական» շարասյուներով ընտրություններում հանդես գալու նպատակահարմարության մասին իր որոշումը: «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում պարոն Բաբայանն ուղղակի բացառեց իր կուսակցության եւ ՍԻՄ-ի՝ դաշինքով հանդես գալու հնարավորությունը, քանի որ, պարզվում է, իր կուսակցությունը «ազգային է», իսկ ՍԻՄ-ը՝ ռուսամետ:
Սակայն եթե ընդդիմության զուտ «աշխարհաքաղաքական» հիման վրա բաժանման գործընթացը այդ աստիճան սկզբունքային բնույթ է արդեն կրում, ապա «ռուսամետ» ՍԻՄ-ը պետք է որ տեղ չունենա նաեւ «եվրոպամետ» ՕԵԿ-ի կողքին: Նույնիսկ ավելին, աշխարհաքաղաքական կամ գաղափարական տեսանկյունից ՕԵԿ-ի եւ ՍԻՄ-ի տարաձայնությունները պետք է որ ավելի անհաղթահարելի լինեն, եթե նկատի ունենանք ՕԵԿ-ի եւ Արեւմուտքի կապերը ու վերջինիս հանդեպ Ռուսաստանի իշխանությունների հայտնի վերաբերմունքը։
Այս պարագայում հասկանալի են դառնում Հ. Բաբուխանյանի կողմից «ռուսամետ»՝ զուտ «առողջ ընդդիմադիրներից» ձեւավորված շարասյան կազմավորման անհրաժեշտության մասին հայտարարությունները: Հավանաբար, «ռուսամետ ընդդիմադիր ուժեր» ասելիս ՍԻՄ-ի ղեկավարը նկատի ունի, բացի ՍԻՄ-ից, Արամ Գ. Սարգսյանի ՀԴԿ-ն եւ Վաղարշակ Հարությունյանի ու Ալբերտ Բազեյանի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը: Սակայն փաստենք, որ առայսօր նման կուսակցություններն առանձնապես շատ չեն ու նրանց քաղաքական կշիռն ու ազդեցությունը բավականին համեստ են: Հասկանալի է, որ առանց քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական ուժի մասնակցության, «ռուսամետ» կոչվող այս ձեւաչափը ի վիճակի չէ հաղթահարել խորհրդարան մտնելու անցողիկ՝ հինգ տոկոսանոց շեմը: Ըստ երեւույթին, դա շատ լավ հասկացել եւ հասկանում են նաեւ այս «ռուսամետ» նախագծի հեղինակները: Եվ ի սկզբանե ՍԻՄ-ին, ՀԴԿ-ին, «Ազգային վերածնունդին» եւ մի շարք այլ քաղաքական ուժերին նախատեսում էին զուտ, այսպես ասած, «օժանդակ» գործառույթներ: Իսկ «ռուսամետ» շարասյան մեջ հիմնական դերակատարություն, ըստ նախընտրական «ստրատեգների», պետք է ստանձնեին կամ իր «ռուսամետ» ակունքներին պարբերաբար վերադարձող Արտաշես Գեղամյանը՝ իր «Ազգային միաբանությամբ» հանդերձ, կամ էլ Ռուսաստանի որոշ ազդեցիկ շրջանակների հետ լավ հարաբերություններ պահպանած Ստեփան Դեմիրճյանը՝ իր գլխավորած ՀԺԿ-ով:
Ասում են, մի պահ նույնիսկ փորձ կատարվեց իրար հետ մերձեցնել այս երկու ուժերին, սակայն դա ոչ միայն չստացվեց, այլեւ, ինչպես արդեն նշեցինք, չի հաջողվում նրանցից գոնե մեկին ներգրավել «ռուսամետ նախագծի» մեջ: Արտաշես Գեղամյանը գերադասեց իշխանության հետ շփվել անմիջականորեն եւ անձամբ իր խորհրդարանական ապագայի վերաբերյալ երաշխիքներ ստանալ, իսկ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես դա իր մոտ լավ ստացվում է, առայժմ հաջողությամբ «ժամանակ է ձգում»: Վերջինիս հետ դեռեւս որոշ հույսեր կապվում են՝ «ռուսամետ նախագծի» առումով: Սակայն այդ հույսերը հետզհետե պետք է որ մարեն, քանի որ թե ՀԺԿ-ի առաջնորդները եւ թե անձամբ Ստեփան Դեմիրճյանը աստիճանաբար ավելի պարզորոշ խոսում են ընտրություններում միայնակ հանդես գալու մասին: Առավել եւս, որ նորից դաշինքներով հանդես գալու դեմ են արտահայտվում արդեն դրա դառը փորձը ունեցող ՀԺԿ-ականները: Իսկ Ստեփան Դեմիրճյանն այլեւս չի կարող հաշվի չնստել իր կուսակիցների կարծիքի հետ: