«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը հրապարակախոս, գրականագետ, Կանադայի եւ ԱՄՆ-ի Թեքեյան մշակութային միության պատասխանատու Երվանդ Ազատյանն էր:
Պարոն Ազատյանը անդրադարձավ Հրանտ Դինք ի սպանությանը եւ չարաբաստիկ դեպքի մասին հայկական, թուրքական եւ միջազգային մամուլում տեղ գտած հրապարակումներին: «Հայաստանյան մամուլում Դինքի դաժան սպանության հետ մեկտեղ ներկայացվում էին Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, Թուրքիայի՝ Եվրոպական միությանը անդամագրվելու ցանկությունները եւ այդ ճանապարհին եղած խոչընդոտները: Հայաստանյան արձագանքները հիմնականում զգացմունքային էին՝ չափազանցված ժուռնալիստական էֆեկտներով»,- կարծում է հրապարակախոսը: Նրա ձեւակերպմամբ, մոռացության էր մատնված այն հանգամանքը, որ Հրանտ Դինքն իր գործունեությունը դիտարկում էր ոչ թե ընդդեմ, այլ հանուն Թուրքիայի, այդ երկրի ապագայի ու ժողովրդավարացման, որի միջոցով տեսնում էր այդ երկրում ապրող ազգային բոլոր փոքրամասնությունների խնդիրների լուծումը:
Ըստ Ե. Ազատյանի, հայկական մամուլում բարձրացված հակաթուրքական հիստերիան բնական էր, բայց՝ անառողջ. «Պետք էր խնդրի մեջ ավելի խորասուզվել, հարցը մանրակրկիտ դիտարկել, ոչ թե «հրավառություններ» սարքել մամուլում»: Անդրադառնալով թուրքական մամուլին, նա նշեց. «Նրանց արձագանքներում էլ էինք հանդիպում զգացմունքային արտահայտությունների ու ռեակցիոն միտումների: Օրինակ, թուրքական թերթերից մեկը գրել էր, թե իբր Դինքին սպանողը հայ է: Թուրքական մամուլը նման ապակողմնորոշիչ մարտավարություն հաճախ է գործածում, սակայն դրանք, բարեբախտաբար, միջազգային կամ քաղաքական շրջանակներում արձագանք չեն գտնում: Նման քայլերը ծայրահեղական, իսլամական, ֆանատիկ թափը պահելու համար են»:
Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ միջազգային լրահոսին Երվանդ Ազատյանը տեղեկացել է CNN -ից: Նա փաստեց, որ Հայաստանում հեռարձակվող CNN-ը տարբերվում է ամերիկյանից. «Այստեղ հեռարձակվողը եվրոպական է եւ մրցակցության մեջ է «Եվրոնյուզի» եւ «BBC»-ի հետ: Իսկ Եվրոպական մամուլը ավելի օբյեկտիվ է»:
Ռամկավար Ե. Ազատյանն անդրադարձավ նաեւ ՀՌԱԿ-ին: Նրա կարծիքով, Հայաստանում ռամկավարներից շատերը ոչ մի գաղափարական կապ չունեն բուն կուսակցության հետ. «Ռամկավար ազատական կուսակցություն Հայաստանում միայն անունով գոյություն ունի: Վստահ չեմ, թե այստեղ ոմանք ծանոթ են ՌԱԿ հիմնադիրներ Վահան Թեքեյանի, Արշակ Չոպանյանի եւ մյուսների անունների հետ»: Լրագրողի հարցին՝ այդ դեպքում ո՞վ է եւ ո՞ւմ է ներկայացնում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, Ե. Ազատյանը պատասխանեց. «Չգիտեմ, հավանաբար ինքզինքը»:
Դիտարկմանը, թե Հրանտ Դինքի հուղարկավորության օրը, երբ ողջ աշխարհում սգո միտինգներ էին կազմակերպվել, Հայաստանում՝ Թեքեյան մշակութային միությունում երգ-երաժշտության ուղեկցությամբ ընթանում էր «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը, մի՞թե հնարավոր չէր փոխել միջոցառման օրը՝ մրցույթի գրականության անվանակարգի ժյուրիի նախագահ Ե. Ազատյանն ասաց, որ մինչ տոնակատարությունը աղոթք է հնչել, մեկ րոպե լռությամբ էլ հարգվել է Դինքի հիշատակը. «Բացի այդ, մրցույթի օրվա ընտրությունը պայմանավորված էր վարչապետի աշխատանքային գրաֆիկով»:
Հ. Գ. Երեկ երեկոյան ՀՌԱԿ հանրապետական վարչությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցներին, որտեղ նշված է. «Հայաստանում է գտնվում շարքային ռամկավար, ամերիկահայ Երվանդ Ազատյանը, որը տարիքի պատճառով տառապում է ռեգրադացիոն ամնեզիայով՝ շիզոֆրենիայի սուր հատկանիշներով արտահայտված»: