Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐՈՒՇՈՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ» ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ

Հունվար 29,2007 00:00

Նա կարծում է, թե այնտեղ այնպես հանդես կգա, որ Հայաստանում չեն էլ պատկերացնում

– Հայաստանի ամենացանկալի հարսնացուներից մեկն եք, ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Համոզված եմ, անկախ ազգությունից, յուրաքանչյուր աղջկա համար դա ականջ շոյող արտահայտություն է: Չեմ թաքցնի, ինձ համար էլ հաճելի է, երբ լսում եմ նման բառեր: Սակայն չեմ կարեւորում ցանկալի հարսնացու լինելը: Իմ դեպքում խնդիրը ցանկալի երգչուհի լինելն է:

– Ցանկալի երգչուհի դառնալը նախեւառաջ ակնկալում է ուսման որոշակի մակարդակ: Սակայն դուք ընտրեցիք դիվանագետի մասնագիտությունը…

– Ուսումս ավարտելուց ու դիվանագետի որակավորում ստանալուց հետո չեմ ձգտելու դառնալ ոչ դեսպան, ոչ էլ արտաքին գործերի նախարարության աշխատակից: Ամեն դեպքում, կարծում եմ, որ «դիվանագիտական» գիտելիքներ ձեռք բերելու դեպքում ինձ ավելի ապահով կզգամ: Ինչ վերաբերում է երգչուհու մասնագիտությանը, ասեմ, որ արվեստագետ ծնողներիս, մասնավորապես՝ մորս տված գիտելիքները լրիվ բավարարում են ինձ: Մյուս կողմից, կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի դասախոսները իմ կոլեգաներն են: Այնպես որ, այն, ինչ պետք է ստանայի կոնսերվատորիայում ուսանելու դեպքում, ստանում եմ մանկուց՝ մորիցս:

– Շերամի երգերի կատարումը պահանջում է ոչ միայն ձայնային հիանալի տվյալներ, այլեւ տարիների փորձ: Դուք արդեն թողարկել եք անվանի գուսանի երգերով մի ամբողջ CD: Սա չի՞ խոսում այն մասին, թե փորձում եք ետ չմնալ ժողովրդականի անցած ձեր կոլեգաներից, որպեսզի այդկերպ ավելացնեք երկրպագուների թիվը:

– Խորանալով Շերամի արվեստի մեջ, ես առաջին հերթին բացահայտեցի ոչ միայն նրա բարձրարժեք երգերը, այլեւ ինձ տեսա հայուհու կերպարով: Այդ CD-ն, որը 2005-ին ճանաչվել է որպես լավագույն ալբոմ, ես նվիրել եմ հորս: Ասեմ, որ մեր ընտանիքում սիրված են հայկական ժողովրդական ու գուսանական երգերը: Իհարկե, ժամանակին կատարեցի նաեւ մի ռաբիս երգ, բայց դա ընդամենը հաղորդման կատակն էր: Վերադառնալով Շերամին, նշեմ, որ ժողովրդական երգերի վարպետներ Ռուբեն Մաթեւոսյանի ու Թովմաս Պողոսյանի կողմից արժանացել եմ գովեստների: Գիտեմ, որ կոլեգաներիցս ոմանք անդրադառնում են հին հայկական երգերին: Եթե չլինեին Շերամ կատարելու համար ինձ ուղղված գովեստները, հավատացնում եմ, չէի շարունակի:

– Ձեզ ընդհանրապես չի՞ հետաքրքրում կոմերցիան: Եթե այո, ապա ի՞նչ չափով եք «տրվում» դրան:

– Երբեք չեմ տրվել կոմերցիային: Բայց, ինչ խոսք, դա էլ է հետաքրքրում: Ավելի շատ հակված եմ, որ աշխատանքս գնահատվի: Իմ տարիներիս աշխատանքի ամենախոշոր ձեռքբերումը իմ «Jeep» ավտոմեքենան է: Նշեմ նաեւ, որ եթե մինչ օրս ծնողներս են լուծել երգարվեստի հետ կապված բազմաթիվ խնդիրներս, ապա այժմ որոշել եմ անցնել ինքնուրույն ստեղծագործական կյանքի՝ իմ պրոդյուսինգով էլ ինքս եմ զբաղվելու:

– Մեզ տված հարցազրույցներից մեկում Հ1-ի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը վստահեցրեց, որ այս տարի «Եվրատեսիլ» մեկնող հայ կատարողին ու այնտեղ ներկայացվող երգը հանրությունն է ընտրելու: Բոլոր տարբերակները հնչելու են եթերում: Այսօր արդեն խոսվում է երկու թեկնածուի մասին՝ Սիրուշո եւ Հայկո: Դուք հայտ ներկայացրե՞լ եք:

– Հայտ չեմ ներկայացրել, բայց վերջերս հայաստանյան ամսագրերի հարցումների արդյունքում անունս հայտնվել է առաջին հորիզոնականում: Եթե որոշվի, որ պետք է ներկայացնեմ Հայաստանը «Եվրատեսիլում», կփորձեմ հանդես գալ հնարավորություններիս գերագույն չափով: Կարծում եմ, որ հանդիսատեսը դեռ ծանոթ չէ ողջ պոտենցիալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել