ՀԱՅՈՑ ԱՅՐՈՒՁԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՏՈՒՆ
Մեր բանակի 15-ամյակին
Երբ հայոց Պետրոս Գետադարձ անհասկանալի կաթողիկոսը Անի քաղաքի բանալիներն ու կամավոր հանձնման հրովարտակը տվեց բյուզանդացիներին, երեւի քաղաքի Մայր տաճարում այդ օրը պատարագի մեծ ծիսակատարություն եղավ՝ որպես հայրենիքի փրկության ճանապարհ: Իբրեւ գտնվել էր հայոց մայրաքաղաքը փրկելու միակ ելքը, եւ անթագավոր երկրում որոշումն ընդունել էր հոտի հովիվը՝ մի մարդ, որը, ըստ ավանդության, մի անգամ այնպիսի հավատով էր աղոթել, որ գետը շրջվել էր ետ եւ հոսել դեպի հունը: Երեւի ջուրը կեղծ էր եղել, եթե ոչ, այդ հավատով կարելի էր պահել Անին ու չհանձնել բյուզանդացիներին: Եվ այդ ճակատագրական օրվանից հետո, Վահան Պահլավունու գլխավորությամբ, հայ իշխանավորներն ինչքան էլ փորձեին վիճակը փոխել, Անին, միեւնույն է, այլեւս մնաց կախյալ: Հետո եկան թուրք-սելջուկները, ավելի ուշ՝ մոնղոլները, եւ արեւելքի Հռոմը վերջնականապես խորտակվեց. բնակիչները լքեցին մայրաքաղաքն ու հեռացան, բոլորը հեռացան…
Մնաց միայն հայոց՝ դեռեւս չպարտված Այրուձին: Հազարամյակների փորձության միջով անցած այդ մարտունակ ու կազմակերպված, բայց արդեն ցաքուցրիվ բանակը մնաց անթագավոր ու անսպարապետ: Եվ զարմանալի բան. նույնիսկ այդ վիճակում Լենկ Թեմուրը, որն արդեն տիրացել էր աշխարհի կեսին, չկարողացավ ամբողջությամբ գրավել Հայաստանը: Նրա երկաթյա թումաններին դիմակայեց հայոց Այրուձին եւ չթողեց, որ Թեմուրը խորանա երկրում: Արեւելքի Մեծ Զինվորը հետագայում իր զորավարներին խորհուրդ տվեց օրինակ վերցնել հայերի հեծյալ բանակից:
Հետո, ավելի ուշ, երբ ամեն ինչ արդեն ավարտվել էր, եւ սկսվել էր օսմանյան խավարը, հայոց Այրուձին որբ երեխայի նման հեռացավ հայրենիքից եւ դարձավ թափառական: Անղեկ, անառագաստ եւ աննավապետ: Նրանք հայտնվում էին այնտեղ, որտեղ կռիվ կար եւ որպես վարձու բանակ՝ ծառայում օտար տիրակալներին: Այդպես կռվեցին Կուլիկովյան դաշտում, 1410թ. մասնակցեցին Գրյունվալդի ճակատամարտին եւ հաղթողների մեջ էին…
Ի՞նչ եղավ հետո: Հետո արդեն իրենց հերոսի փառքով պսակված՝ հայ զինվորներն ու սպաները ցանկալի հյուր դարձան ռուսական եւ եվրոպական արքունիքներում: Եվ նվաղեցին, թուլացան հմայիչ կանանց տաք անկողիններում ու դադարեցին հեծյալ լինել: Այդպես կորցրին իրար, տարրալուծվեցին ավելի բախտավոր ազգերի մեջ, որ հետո ծնունդ տան նշանավոր զորավարների ու իշխանների, բայց արդեն օտար ազգանուններով:
Կյանքը, սակայն, ունի զարմանալի գաղտնիքներ. մարդն անցնում է, բայց զավակների մեջ մնում է արյան հիշողությունը, որն արթնանում է անսպասելի, երբ հնչում է ճակատագրի զանգը:
Այդպես եղավ Դավիթ Բեկի ապստամբության ժամանակ, Առաջին Հանրապետության ժամանակ, երբ հայոց մեջ արթնացավ արդեն անհետացած սեփական Այրուձիի լուսավոր հետագիծը, արթնացավ ու նորից նիրհեց:
Թեեւ հզոր հեծյալ բանակի հուշը արթուն էր նաեւ խորհրդային շրջանում: Դանդաղ, բայց անխուսափելի մոտենում էր ցանկալի հանգրվանը: Հազար տարվա բացակայությունից հետո հայոց Այրուձին պետք է վերջնական արթնանար թմբիրից ու վերադառնար տուն՝ փրկելու Ղարաբաղը:
Եվ որպես վերադարձի հաստատում ու վավերացում՝ 1992 թ. փետրվարի 28-ին անկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրամանագիր է ստորագրում հայոց ազգային բանակ ստեղծելու մասին, երբ երկիրը գտնվում էր ծայրահեղ ճգնաժամային վիճակում: Կար հրամանագիրը, բայց չկար բանակը: Ինչպիսի կամք ու կազմակերպվածություն էր պահանջվում իշխանություններից, որպեսզի հիմք դրվեր հայոց բանակին: Վիճակն այնքան օրհասական էր, որ Վազգեն Սարգսյանը՝ այդ բանակի նվիրյալ մաքառողն ու անհուսահատ մարդը, ստիպված եղավ հինգ հարյուր մահապարտներ հավաքել ու մեկնել ճակատ:
Դժվար էին իրար ճանաչում նախկին զինվորները: Փառավոր Այրուձիի հուշը նրանց հաճախ շատ հեռու էր թվում, ցանկալի, բայց անիրական: Այնինչ՝ Այրուձին արդեն Հայաստանում էր, եւ իրենք էին այդ հեծյալները: Մնում էր կամք ու համբերություն, հավաքել նրանց, ոգեշնչել, վստահություն հաղորդել սեփական ուժերի հանդեպ, որը եւ հաջողվեց անել Վազգեն Սարգսյանին եւ մյուս լուսավոր նվիրյալներին, որոնցից շատերն այսօր մեզ հետ չեն:
Հետագայում արդեն մեր ջահել բանակի վերազինումն ու հետեւողականորեն վերակառուցումը շարունակեց եւ շարունակում է Սերժ Սարգսյանը: Այո՛, հազար տարի օտար ափերում, օտար տիրակալներին ծառայելուց հետո, մեր Այրուձին վերադարձել է տուն՝ ծառայելու հայրենի երկրին, պաշտպանելու սեփական ժողովրդին, իր գլխից վերեւ հպարտությամբ պահելու անկախ, ազատ հայրենիքի դրոշը: Եվ մեր Այրուձին այսօր տասնհինգ տարեկան է, գուցե հինգ հազար տասնհինգ:
Ինչեւէ… Շնորհավոր ծնունդդ, հա՛յ զինվոր, հա՛յ սպա, շնորհավոր ծնունդդ, հայո՛ց բանակ, մեր հին փառքի եւ նոր նվաճումների զորավոր Այրուձի: