Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակցե՞լն էր ճիշտը, թե՞ չմասնակցելը

Հունվար 29,2007 00:00

Հայաստանի ուսանող մարզիկները Թուրինում ընթացող համաշխարհային ձմեռային ունիվերսիադային չեն մասնակցում:

Ինչո՞ւ: Հանրապետության ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանի փոխանցմամբ, մեր ձմեռային մարզական ֆեդերացիաները ֆինանսական միջոցներ չունեն, ապա՝ հանրապետությունում ունիվերսիադայի ծրագրում ընդգրկված մրցաձեւերում պատշաճ վարպետություն ունեցող մարզիկներ չկան:

«Բայց սկսենք հետեւյալից,- շարունակում է նա:- Մեր յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա իր ձեռքին ունի իրենց մարզաձեւից տարվա ընթացքում անցկացվելիք միջազգային մրցումների օրացուցային պլանը, որի մեջ նշված են նաեւ ձմեռային ունիվերսիադայի անցկացման վայրն ու ժամկետները: Սակայն ոչ մի ֆեդերացիա չի անհանգստացել, թե տվյալ դեպքում իր ուսանող մարզիկներն իրենց վարպետության աստիճանով համապատասխանո՞ւմ են այդ Խաղերին մասնակցելու համար անհրաժեշտ պահանջներին կամ ֆինանսական հնարավորություն ունե՞ն: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա՝ Խաղերին մասնակցելու ցանկությամբ ժամանակին դիմել են շատ թե քիչ ակտիվություն ցուցաբերող ձմեռային մարզաձեւերի մի քանի ֆեդերացիաներ՝ գեղասահքի, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի: Մենք էլ տեղեկացրել ենք, որ ուսանողական ֆեդերացիան նրանց այդ հարցում ֆինանսապես աջակցելու հնարավորություն չունի եւ նրանք պետք է պաշտոնապես հաստատեն մասնակցել ցանկանալը, որպեսզի մենք հայտ ներկայացնենք Խաղերի կազմակերպիչներին: Սակայն դրանից հետո ոչ ոք իր ասածին հետամուտ չեղավ, քանի որ միջոցներ հայթայթել չկարողացան: Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ մեր պետությունն ու ֆեդերացիաներն այնքան հարուստ լինեին, որ հայ ուսանողները կարողանային մասնակցել ու մեդալներ էլ նվաճել: Բայց երկիրն այսօր ի վիճակի է ընդամենը մարզաձեւերը պահպանելու ու հանրապետության ներսում մի կերպ զարգացնելու միջոցներ հատկացնել: Իսկ ձմեռային մարզաձեւերը շատ ծախսեր են պահանջում՝ սկսած գույքից ու հանդերձանքից, վերջացրած մարզումային համապատասխան պայմաններով ու բազաներով»:

– Այսինքն, այս Խաղերին չմասնակցելը նորմալ ու բնակա՞ն եք համարում:

– Բնականաբար՝ ոչ: Բայց եկեք իրականությունը ճիշտ գնահատենք: Իմ անձնական կարծիքով, ֆեդերացիայի տարեկան բյուջեն կամ դրա մի ահռելի մասը վատնել, պարզապես, մրցումներին ներկա գտնվելու համար եւ ցույց տված ցածր արդյունքներով խայտառակ լինել՝ հարցի լավագույն լուծում չէ: Ուրիշ երկրներ էլ կան, որ չեն մասնակցում ձմեռային օլիմպիական խաղերին, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, տարբեր գավաթների խաղարկություններին: Ու այնտեղ նրանց այսպես չեն քննադատում:

Պատկերացրեք, որ մասնակցեինք, ու մարզասերները տեղեկանային, թե հայ մարզիկը մրցատարածությունից դուրս է եկել, ձախողվել է: Այդ ժամանակ չէի՞նք դժգոհի, թե ինչո՞ւ են մեկնել: Կարծում եմ, մեր իրավիճակում ճիշտն այն է, որ այդ գումարները ծառայեցվեն երկրում այդ մարզաձեւերի աշխարհագրությունն ընդլայնելուն, հատկապես պատանիների շրջանում այն արմատավորելուն ու զարգացնելուն: Պետությունը վերջին տարիներին այդ ուղղությամբ հսկայական աշխատանքներ է կատարել: Ծաղկաձորը դարձել է լեռնադահուկային սպորտը զարգացնելու կատարյալ մի վայր: Հանրապետության մյուս ձյունառատ շրջաններում երեխաների համար պետք է դահուկներ ձեռք բերել:

Իսկ բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթօջախներում, հանրակրթական դպրոցներում ձմեռային մարզաձեւերի դասեր անցկացվո՞ւմ են: Էլ չեմ ասում մրցումների եւ առաջնությունների մասին: Ֆեդերացիաները պետք է զբաղվեն նախ եւ առաջ այս ոլորտներն ակտիվացնելով: Եվ երբ արդյունքներ կլինեն, ես հույս ունեմ, որ երկրի վիճակն էլ կկարգավորվի, այդ ժամանակ կարելի է մեկնել նման ծախսատար մրցումների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել