Մրցավարների սխալների պատճառով հայ մարզիկները հիասթափվում են եւ սպորտով պարապում են արդեն ոչ թե հանուն մեդալների, այլ՝ հանուն աղջիկների:
«Հայաստանում բոդիբիլդինգի զարգացման համար շատ քիչ միջոցներ են տրամադրվում, մենք լավ մարզիկներ ունենք ու եթե ֆեդերացիայի բյուջեն ների ու կարողանանք միջազգային մրցաշարերի մասնակցել, լավ արդյունքներ կունենանք, սակայն այսօր մենք պարապում ենք ոչ ժամանակակից, հին վարժասարքերով ու ոչ մի նորմալ մրցույթի չենք մասնակցում: Եթե գնում էլ ենք՝ մեր միջոցներով»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց բոդիբիլդինգի երիտասարդ մարզիկ Մհեր Խաչատրյանը: Մհերը մասնագիտությամբ իրավաբան է: Նա 10 տարուց ավելի զբաղվել է սիրողական բռնցքամարտով, 3 տարի էլ՝ բոդիբիլդինգով: Մհերը բռնցքամարտի Հայաստանի գավաթակիր է, սակայն նրա խոսքերով՝ «ես պարապել եմ ոչ թե մեդալներ շահելու, այլ՝ աղջիկների շրջանում հաջողություններ ունենալու եւ նրանցից իմ մարմնի մասին հաճոյախոսություններ լսելու համար»: Ներկայումս աղջիկների «դարդից» Մհերի հեռախոսն անընդհատ անջատած է լինում:
Բոդիբիլդինգն ամենաթանկարժեք մարզաձեւերից է: Մհերի ներկայացմամբ՝ «Ես օրական նվազագույնը 5000 դրամի սնունդ պետք է ընդունեմ, որ հանկարծ քաշ չկորցնեմ: Եթե սնունդը տեղը տեղին չեղավ՝ պարապմունքներն արդյունք չեն տա: Ամսական 150-200 հազար դրամ միայն սնվելու վրա եմ ծախսում: Ամեն օր պետք է բնական հյութերով, մրգերով ու վիտամիններով հագեցած ուտելիք ընդունեմ, իսկ դա թանկ հաճույք է: Գեղեցիկ մարմին ունենալը հեշտ չէ»:
Ըստ Մհեր Խաչատրյանի, Հայաստանում բոդիբիլդինգին հոբիի պես են վերաբերվում, այդ է պատճառը, որ այս մարզաձեւում քիչ ներդրումներ են կատարվում: Իսկ առանց հովանավորների՝ սեփական միջոցներով, մարզիկների համար շատ դժվար է անընդհատ մարզասրահներ այցելել, մեկնել արտերկիր՝ հավաքների, պարապել լավ սարքավորումներով. «Ես չգիտեմ՝ աշխատե՞մ, թե՞ պարապեմ, որ հասցնեմ բոլոր ծախսերը փակել: Բոդիբիլդինգով լուրջ զբաղվելու համար պետք է լավ փող ունենալ ու ազատ ժամանակ»:
Ի տարբերություն Մհեր Խաչատրյանի, հունահռոմեական ոճի ըմբիշ Գրիգոր Ջեբեջյանը սպորտով զբաղվել է ոչ թե հանուն աղջիկների, այլ՝ օլիմպիական չեմպիոն եւ ճանաչված մարզիկ դառնալու ակնկալիքով: Նա միջազգային մրցումների դափնեկիր է եւ Հայաստանի առաջնության մրցանակակիր: Ըստ մարզիկի, հունահռոմեական ըմբշամարտով զբաղվելու դժվարություններից մեկն իր համար քաշ գցելն է: Ներկայումս Գրիգորը պատրաստվում է մասնակցել փետրվարի 16-18-ը կայանալիք Հայաստանի երիտասարդների առաջնությանը: Գրիգորի կարծիքով, երբեմն միջազգային մրցույթներում ավելի հեշտ է հաղթանակ ձեռք բերելը, քան Հայաստանի առաջնություններում. «Այստեղ մրցավարները լավ պատրաստված չեն, կանոններին չեն տիրապետում եւ տարրական հարցերում սխալներ են թույլ տալիս: Հաճախ է պատահում, երբ մրցավարի սխալի պատճառով մարզիկը հաջողություններ չի ունենում եւ հիասթափվում է սպորտից: Ինձ հետ նման դեպք եղել է եւ ես երկար ժամանակ չէի ուզում պարապմունքների գնալ, եթե գնում էլ էի՝ կառուցվածքս չփչացնելու համար»: Մարզիկի պատմելով՝ մի անգամ Վրաստանում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ հազիվ ծանոթություններով հասել են այն բանին, որ հայ մրցավարը հնարավորինս պաշտպանի հայ մարզիկին, սակայն վերջինս՝ պասիվության համար վրաց հակառակորդից միավոր հանելու փոխարեն «միամիտ» սխալ ձեռք է բարձրացրել եւ հայ ըմբիշի համար ճակատագրական սխալ է թույլ տվել:
Այս մարզաձեւում քիչ թե շատ ներդրումներ կատարվում են, սակայն, ըստ մարզիկների, պետք է ուշադրություն դարձնեն նաեւ մրցավարների վերապատրաստմանը, ինչը չի արվում: