Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՇՐՋԱՆ 2007-Ը ԳԵՐՀԱԳԵՑԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ

Հունվար 29,2007 00:00

Տարվա ֆուտբոլային միջոցառումների մասին պատմում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

– Պարոն Մինասյան, այս տարի մեր ազգային հավաքականների առջեւ լուծելու ի՞նչ խնդիրներ կան դրված:

– 2007 թվականը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար մեր ֆուտբոլի պատմության մեջ լինելու է ամենածանրաբեռնվածն ու ծախսատարը: Ազգային հավաքականն ընթացիկ տարում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում պաշտոնական տասը հանդիպում ունի անցկացնելու, որոնց նախապատրաստությունն սկսվել է հունվարին ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաքներ եւ երկու ընկերական հանդիպում կազմակերպելով: Փետրվարի 7-ին մրցակցի դաշտում մեկ ստուգողական խաղ նախատեսված է Անդորրայի ընտրանու, իսկ մարտի 24-ին եվրոպական մեկ այլ հավաքականի հետ: Թե ո՞վ կլինի մեր երկրորդ մրցակիցը, առայժմ հայտնի չէ: Ուզում ենք, որ դա լինի եվրոպական այնպիսի երկիր, որի եղանակային պայմանները հնարավորություն կտան նրանց մոտ հանդիպում անցկացնել ու որպեսզի այդ երկրից հեշտ լինի մեկնել Լեհաստան, որտեղ այդ երկրի հավաքականի հետ կայանալու է այս տարվա առաջին պաշտոնական հանդիպումը: Դրան ավելացնենք մինչեւ 17, 19 եւ 21 տարեկանների, ֆուտզալի, աղջիկների հավաքականների մասնակցությունը Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերին ու միջազգային այլ մրցումներին: Այս ամենը հսկայական ծախս է պահանջում, եթե նկատի ունենանք նաեւ, որ «Եվրո 2008»-ում մեր խմբում են հեռավոր այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պորտուգալիան եւ Ղազախստանը:

– Անցած եւ նախորդ տարիներին մեր ազգային հավաքականի անդամների եւ մարզիչների միջեւ որոշակի խնդիրներ կային: Ու այդ պատճառով հավաքականի թեկնածու մի քանի լեգեոներականներ պարզապես կամ չհրավիրվեցին, կամ էլ մերժեցին հրավերները: Այդ խնդիրը կարգավորվե՞լ է, հավաքականի նախկին ֆուտբոլիստները հրավիրվելո՞ւ են պաշտոնական հանդիպումներին:

– Հավաքականի նախկին կամ ներկա անդամ հասկացություն գոյություն չունի: Հավաքական բառն էլ հուշում է, որ հրավիրվում են նրանք, ովքեր տվյալ պահին գտնվում են ամենից ավելի լավ մարզավիճակում ու, մարզչի կարծիքով, կարող են օգտակար լինել թիմին: Այս առումով ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդը ֆուտբոլիստների հետ կապված որեւէ խնդիր չունի ու հրավիրում է արժանավորներին:

– Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում 2006 թվականին հանդես էր գալիս ընդամենը ութ թիմ: Այս տարի դրանց թիվը կավելանա՞:

– Ֆեդերացիայի մեծագույն ցանկությունը ուժեղ ներքին առաջնություն ունենալն է: Բայց, ցավոք, այստեղ մեր ցանկություններն ու իրականությունը միշտ չէ, որ համընկնում են: Դա մեծապես կախված է ակումբներից, դրանց հովանավորներից: Ասեմ, որ այս մրցաշրջանում բարձրագույն խմբի առաջնության մասնակից մի քանի ակումբներ ներդրումային բավականին ուշագրավ ծրագրեր ունեն եւ իրենց առջեւ լուրջ նպատակներ են դնում: Այս առումով առաջնությունում սուր մրցակցություն ենք սպասում: Ինչ վերաբերում է թիմերի քանակն ավելանալուն, դրա բացառիկ իրավունքը ֆեդերացիայի գործադիր կոմիտեինն է: Նման որոշում կայացվում է եզակի դեպքերում:

– Ֆուտբոլում ոչ մի թիմ հաջողության հասնել չի կարող, եթե դրա ղեկը որակյալ մարզիչների ձեռքում չէ:

– Իան Պորտերֆիլդը ազգային հավաքականների գլխավոր մարզիչն է: Ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպման արդյունքում նրան են տրվել բոլոր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների նշանակման լիազորությունները: Իանը միեւնույն ժամանակ երկրում ֆուտբոլը, սկսած մանկապատանեկան տարիքից, միեւնույն քաղաքականությամբ զարգացնելու պատասխանատուն է: Շուտով կհրապարակենք հավաքականների՝ նրա առաջարկած ու ֆեդերացիայում հաստատված մարզիչների անունները, նրանց առջեւ դրվող ծրագրերի էությունը: Այս տարի կշարունակվի մարզիչների՝ ՈՒԵՖԱ-ի սահմանած չափորոշիչներին համապատասխանող որակավորման գործընթացը: Հիշեցնեմ, որ այն մարզիչները, ովքեր չեն ունենա «B», իսկ հետագայում նաեւ «A» կամ «Պռո» կարգի վկայական, 2008 թվականից պրոֆեսիոնալ կամ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցումների մասնակից սիրողական ակումբի մարզիչ աշխատելու իրավունք չեն ունենա:

– Մասսայական ֆուտբոլի մասին ի՞նչ կասեք:

– Ֆեդերացիան դիմել է ՈՒԵՖԱ՝ «Մասսայական ֆուտբոլի խարտիայի» ծրագրի մաս կազմելու նպատակով: Դա նոր օժանդակություն կբերի մեզանում մասսայական ֆուտբոլի զարգացմանը: Խոսքս այնպիսի մասսայական միջոցառումների մասին է, ինչպիսիք են «Բաց զվարճալի ֆուտբոլը», հանրակրթական դպրոցներում, թերի զարգացած երեխաների, վետերանների շրջանում իրականացվող ծրագրերը: Իսկ «Փոքր դաշտեր» ծրագիրը կոչված է խթանելու ֆուտբոլի զարգացման հիմքը հանդիսացող բակային ֆուտբոլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել