Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՏ ԵՆ ՈՒ ԲՈԼՈՐՆ ԷԼ ԿԻՐԱԳՈՐԾՎԵՆ

Հունվար 29,2007 00:00

\"\"Հարցազրույց Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանի հետ

– Սպորտի պետական կառույցի համար 2006 թվականը ինչո՞վ առանձնացավ:

– Լայն թափով շարունակվեց դեռեւս 2005 թվականին սկսված մարզական շինարարությունը: Տարին ամփոփեցինք հանրապետության ամբողջ տարածքում մոտ 40 հիմնանորոգված կամ նոր կառուցված մարզադահլիճներով ու մարզադպրոցներով: Դրան զուգահեռ, շարունակվեց գույքային ծրագիրը, որով մարզական օբյեկտները ապահովվում են համապատասխան մարզագույքով: Եթե Աթենքի օլիմպիական խաղերում մեր մարզիկների անհաջող մրցելույթների գլխավոր պատճառը ջեռուցվող դահլիճների ու մարզադպրոցների բացակայությունն էր, ինչի համար արդարացիորեն դժգոհում էին հատկապես մեր առաջատար մարզաձեւերի ներկայացուցիչները, հիմա արդեն թե մարզերում եւ թե մայրաքաղաքում ոչ ոք չի կարող տրտնջալ ցրտից, տաք ջրի բացակայությունից:

Անցած տարի Ծաղկաձորում կառուցվեց ճոպանուղու 4-րդ գիծը, որը եւս երկու դահուկուղի գցելու հնարավորություն տվեց: Դրանցից մեկը մարզական չափանիշներով համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Շարունակվում է գլխավոր օլիմպիական մարզահամալիրի հիմնանորոգումը, որն իրականացվում է ամերիկահայ բարեգործ Ալբեր Բոյաջյանի տրամադրած միջոցներով: Օլիմպիական բազան ամբողջովին պատրաստ կլինի 2008 թվականին:

2006 թվականին, ազգային օլիմպիական կոմիտեի հետ միասին, ավարտեցինք մեծ սպորտն ամբողջությամբ ֆեդերացիաներին հանձնելու գործընթացը, որն անչափ կարեւոր եմ համարում: Պետությունը հիմա միայն աջակցողի դերում է: Մի բաց է մնում՝ ֆինանսների բաշխման սկզբունքներն ու չափորոշիչները: Այդ կարգը, որն արժանացել է Եվրամիության փորձագետների հավանությանը եւ կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, ներկայումս մշակման փուլում է: Ֆեդերացիաները ֆինանսավորվելու են ըստ իրենց կատարած աշխատանքի, ցույց տված մարզական արդյունքների:

– Բայց մարզաձեւեր կան, որոնք միջազգային ասպարեզում արդյունքներ չեն կարող ունենալ: Դրանք չե՞ն ֆինանսավորվելու:

– Այդպիսիներին, հավանաբար, կհատկացվի կայուն մի գումար՝ մարզաձեւը պահպանելու եւ զարգացնելու համար: Ճիշտ է, դրանից որոշ ֆեդերացիաներ դժվար կացության մեջ կհայտնվեն, սակայն դրա համար իրենք են մեղավոր: Մի քանի անգամ հայտարարել եմ, որ մեր ֆեդերացիաներից շատերը գոյություն ունեն միայն թղթի վրա, իսկ դրանց նախագահները կարծում են, թե իրենց անելիքը այս կամ այն լավ երկիր, աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն գնալն է ու ֆեդերացիայի ծավալած գործունեության համար պատասխանատվություն չկրելը: Ես նրանց միշտ էլ ասել եմ. ինչո՞ւ եք պետության ֆեդերացիային տրված տարվա բյուջեն ծախսում հինգ-վեց հոգով, ասենք, Ճապոնիա՝ աշխարհի առաջնություն մեկնելու վրա, երբ գիտեք, որ վերջին տեղեր եք գրավելու: Տեղում միջոցառումներ կազմակերպեք, մրցեք հարեւան երկրների մարզիկների հետ: Տեսեք՝ կարողանո՞ւմ եք հաղթել, ավելի ուժե՞ղ եք: Դրանից հետո միայն մտածեք աշխարհի առաջնության մասին:

– Արդեն շահագործված նոր մարզաբազաներն ինչպե՞ս են օգտագործվում:

– Իմ հրամանով Սպորտպետկոմի մասնագետները մեկ ամիս ստուգայցեր են կատարելու: Նրանք տեղերում ստուգելու են, թե բավարա՞ր քանակությամբ խմբեր են հավաքագրված, մարզումները պատշա՞ճ մակարդակով են ընթանում, մարզիչները մասնագիտորեն ճի՞շտ են աշխատում, քաղաքաշինության նախարարության միջոցներով հիմնանորոգված դպրոցներում թերություններ կա՞ն, թե՞ ոչ: Հատկապես կարեւորում եմ մարզադպրոցների աշխատանքը, որը նպատակաուղղված պետք է լինի նաեւ մասսայական սպորտի զարգացմանը, բնակչության առողջության պահպանման գործի կազմակերպմանը:

– 2006 թվականի մարզական արդյունքներից գո՞հ եք:

– Տարեվերջին ՀԱՕԿ-ի հետ միասին քննարկել եւ ամփոփել ենք 2006 թվականը: Ահագին հուսադրող բան կա: Մեր ծանրորդները մեդալներ նվաճեցին Եվրոպայի ու աշխարհի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում, երկու հոգի լավագույնը ճանաչվեց Եվրոպայի երիտասարդների մեջ, իսկ գյումրեցի Մելինե Դալուզյանը հայկական սպորտի պատմության մեջ առաջինը դարձավ, ով մեդալ նվաճեց աշխարհի մեծահասակների կանանց առաջնությունում:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում տոն տվեցին լեգեոներականները, ում հրավիել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Դա ցույց տվեց, որ պարոն Ծառուկյանը ճիշտ ընտրություն է կատարել:

Բավականին առաջընթաց է նկատվում ձյուդոյում: Եթե առաջ տալիս էինք Արմեն Նազարյանի անունը, հիմա արդեն մոտ հինգ հոգի սկսել են կայուն արդյունքներ ցույց տալ: Իսկ հրաձիգ Նորայր Բախտամյանն արդեն Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:

Ուրախացնում է, որ անցած տարվա լավագույն տասնյակին որոշելիս մարզական լրագրողներն ընտրություն կատարելու լայն հնարավորություն ունեին: Թեեւ, կարծում եմ, որ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրին տասնյակ չընդգրկելը սխալ էր:

– 2007 թվականը նախաօլիմպիական է: Այս տարի է խաղարկվում օլիմպիական ուղեգրերի առյուծի բաժինը: Ի՞նչ սպասելիքներ ունենք:

– Մենք ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ լուրջ ծրագրեր ենք կազմել, որպեսզի մեր մարզիկները հնարավորինս շատ ուղեգրեր ձեռք բերեն: Բայց կան բաներ, որոնց լուծումը մեզնից չի կախված: Օրինակ, ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի աշխարհի առաջնությունը, որտեղ խաղարկվելու է օլիմպիական ուղեգրերի հիմնական մասը՝ լինելու է Բաքվում: Իսկ դա նշանակում է, որ մեր ըմբիշները, իսկ նրանց մեջ քիչ չեն ուղեգրերի իրական հավակնորդները, ամենայն հավանականությամբ չեն մասնակցի: Աթենքի օլիմպիական խաղերից առաջ նման վիճակում հայտնվել էին մեր բռնցքամարտիկները: Այն ժամանակ էլ միջազգային վարկանիշային մրցաշարը Բաքվում էր անցկացվելու: Նրանց սպորտի նախարարը ինձ վստահեցնում էր, թե կապահովեն հայաստանցիների անվտանգությունը: Մեր պատվիրակությունը գնաց Թբիլիսի՝ այնտեղից Բաքու մեկնելու համար: Սակայն վերջին պահին մերոնց չթողեցին ինքնաթիռ նստել: Համոզված եմ, որ ծանր կացության մեջ կհայտնվեն նաեւ այլ երկրների հավաքականներում հանդես եկող մեր հայրենակիցները: Նրանց առջեւ էլ Բաքվում դռները փակ կլինեն: Հիմա մեր ֆեդերացիան դիմել Է ՖԻԼԱ-ին՝ խնդիրն ինչ-որ ձեւով լուծելու առաջարկով: Բայց, որքան տեղյակ եմ, պատասխան դեռ չկա:

– Պետությունը հիմա առավելապես զբաղվում է մասսայական սպորտով:

– Այսօր միջոցները հիմնականում ուղղում է դեպի մարզական շինարարություն, կարեւորում է մանկապատանեկան սպորտի զարգացումը: Եվ համոզված եմ, որ արդյունքներ անպայման կլինեն: Նոր մարզաբազաների շահագործումից հետո երեխաների մեծ հոսք է սկսվել մարզադպրոցներ: 1997 թվականին, երբ նշանակվեցի այս պաշտոնին, շատերը արդարացիորեն դժգոհում էին, որ պատանեկան սպորտն անուշադրության է մատնված, որ չկան նորմալ մարզաբազաներ: Առկա խնդիրներն աստիճանաբար լուծելով՝ հիմա արդեն որակական առաջընթաց ենք տեսնում:

Այս տարի մարզական շինարարությունը շարունակվելու է: Արդեն սկսված աշխատանքները բազաներում կհասցվեն ավարտին: Նախատեսված է նոր մարզադահլիճների ու մարզադպրոցների կառուցում ու հիմնանորոգում արդեն Ստեփանավանում, Մարտունիում, Վարդենիսում: Երեւանում կհիմնանորոգվի ԲԿՄԱ-ի բազան, որտեղ ծառայում ու մարզվում են զինակոչային տարիքի մեր չեմպիոններն ու մրցանակակիրները, կիսանկուղային հարկից նոր շենք կտեղափոխվի շախմատի ակադեմիան, Նոր Նորքի 6, 7, 8 եւ 9-րդ զանգվածների միջնահատվածում կկառուցվի միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող 10, 25 եւ 50 մետրանոց օլիմպիական համալիր հրաձգարանը: Օգոստոսին Երեւանում անցկացվելու են Համահայկական 4-րդ մարզական խաղերը, որոնց արդեն նախապատրաստվել սկսում են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքների հավաքական թիմերը:

– Որքան տեղյակ եմ, նաեւ հանրապետության տարածքում լողավազանների եւ սահմանամերձ գոտիներում հրաձգարաններ կառուցելու ծրագիր ունեք:

– Դա իմ երազանքներից մեկն է, եւ նման ծրագիր մշակվում է, որը լինելու է երկարաժամկետ: Երբ այն պատրաստ լինի եւ հաստատվի կառավարությունում, կորոշենք, թե ամեն տարի որ մարզում ինչ ենք կառուցելու: Ասեմ, որ սահմանամերձ գյուղերում նախատեսում ենք կառուցել տարբեր չափերի շուրջ 25 հրաձգարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել