Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ «ՍՊԻԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ

Հունվար 29,2007 00:00

«Բարեփոխված» օրենքի նախագիծը հաշվի չի առել ՍԴ վերջին որոշումը

Հունվարի 19-ից կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Վերջինս բավականին զվարճալի եւ վիճելի կետեր եւս պարունակում է:

Նախագծի հոդված 8-ում («Պետությունը եւ կուսակցությունները») գրված է, որ «ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնող անձինք իրավունք չունեն իրենց ծառայողական պաշտոնական դիրքը օգտագործել հօգուտ որեւէ կուսակցության»: Գրված է նաեւ, որ «ՀՀ-ում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնող կուսակցության անդամները իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս չեն առաջնորդվում կուսակցության որոշումներով»: Այս կետերը, ըստ էության, զուտ ձեւական տողեր են, եւ մեր երկրում նման նորմերը բացարձակապես չեն կիրառվում: Օրինակները բազմաթիվ են, եւ պետականի ու կուսակցականի սահմանը գծելը եւս խիստ դժվար է: Հետաքրքիր է, որ այս կետերը չկան գործող օրենքում: Ստացվում է, որ եթե այսօր վարչապետը, պաշտպանության նախարարը կամ, ասենք, դաշնակցական մարզպետները զբաղվում են կուսակցական գործունեությամբ, ոչ մի օրենք էլ չեն խախտում, քանի որ «Կուսակցությունների մասին» գործող օրենքում նման սահմանափակում դեռ չկա:

Հոդված 14-ում նշված են կուսակցության պետական գրանցման մերժման հիմքերը: Ըստ այդմ, կուսակցության պետական գրանցումը կարող է մերժվել, եթե կուսակցության կանոնադրության կամ ծրագրի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին կամ չեն պահպանվել պետական գրանցման համար օրենքով սահմանված պահանջները: Սա, համաձայնեք, հիմք է տալիս բազմաթիվ կամայական մեկնաբանությունների: Հայտնի է, չէ՞, թե որքան օրենքներ ունենք, եւ ով է որոշելու, թե որ օրենքին են հակասում տվյալ կուսակցության ծրագիրը եւ կանոնադրությունը, ասենք, ո՞նց են որոշելու՝ «Հակածխախոտային գովազդի մասին» կամ «Սպիդի մասին» օրենքներին տվյալ կուսակցության ծրագիրը հակասո՞ւմ է, թե՞ ոչ: Թերեւս ճիշտ կլինի, որ բոլոր նման դեպքերը սահմանված լինեն հենց օրենքի մեջ, հակառակ դեպքում, եթե որեւէ կուսակցության գրանցումը որեւէ մեկի քիմքին դուրեկան չլինի, կարող է հայտարարել, որ մերժում է գրանցումը, քանի որ տվյալ կանոնադրությունը հակասում է, ասենք, «Տուրիզմի մասին» օրենքին:

Նախագծի հոդված 25-ի երկրորդ կետում գրված է. «Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին, որը ընտրական ցուցակով ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 3 տոկոսը»: Նշենք, որ այլ երկրներում կուսակցությունների մասին օրենքում այդ՝ ֆինանսավորման ենթակա տոկոսը շատ ավելի փոքր է՝ 1-2: Սա նշանակում է, որ փոքր թվի դեպքում ավելի մեծ թվով կուսակցություններ պետական բյուջեից ֆինանսավորում կստանան եւ ստիպված չեն լինի այս կամ այն օլիգարխին սիրաշահել, որ «մի քիչ փող ղրկե»՝ ընկեր Փանջունու օրինակով:

Հոդված 29-ում /«Կուսակցության գործունեության կասեցում»/ գրված է, որ կուսակցությունը կարող է կասեցվել, եթե «Չի մասնակցում ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորների, ՏԻՄ եւ այլ ընտրությունների նախընտրական քարոզչությանը»: Այս կետը կա նաեւ «Կուսակցությունների մասին» գործող օրենքում: Իսկ հոդված 31-ում՝ ի դեպ, «Կուսակցությունների լուծարումը» գլխում գրված է գրեթե նույնը. «Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե 8 օրացուցային տարիների ընթացքում ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրությունների չի մասնակցել»: Այս կետը ակնհայտորեն չի համապատասխանում նաեւ ՀՀ գլխավոր օրենքին, քանի որ նրանում պարտադրանք չկա, թե կուսակցությունները պետք է մասնակցեն ընտրությունների, այլ նշված է, որ մարդիկ կարող են միավորվել, այսինքն՝ կուսակցություն ստեղծել եւ քարոզել սեփական գաղափարները: Հիշենք, որ անցած տարվա դեկտեմբերի 22-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ, Սահմանադրական դատարանը քննարկեց «Կուսակցությունների մասին» գործող օրենքի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ նաեւ սա: ՍԴ-ն ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչեց, մասնավորապես, օրենքի այն կետը, ըստ որի՝ ընտրություններում անհրաժեշտ քանակությամբ ձայներ չհավաքելու հիմքով կուսակցությունները լուծարվում են: Օմբուդսմենի հիմնավորումն այն էր, որ ՀՀ Սահմանադրությունը ենթադրում է միայն կուսակցությունների արգելում եւ կասեցում, բայց լուծարում չի նախատեսում: Բացի այդ, Արմեն Հարությունյանը իրավացիորեն նկատել էր, որ կուսակցությունների նպատակը քաղաքական մոտեցումներ ներկայացնելն է եւ ոչ թե ձայներ հավաքելը: Իսկ քաղաքական մոտեցումներ կարելի է ներկայացնել նաեւ խորհրդարանում ներկայացված չլինելով: Հետաքրքիր է, որ անգամ ՍԴ այս որոշումից հետո կառավարությունը «Կուսակցությունների մասին» նոր խմբագրությամբ նախագիծը խորհրդարան ներկայացնելիս չի փորձել հանել կամ փոփոխել այս հոդվածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել