Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է խոսում բարեփոխումներից

Հունվար 29,2007 00:00

Գիտնականները պատասխանում են գիտնականին

Մեր թերթի հունվարի 13-ի համարում տպագրված՝ կենսաֆիզիկոս Սիներիկ Հայրապետյանի «Ինչպես է իջեցվում գիտության որակը» հոդվածից հետո ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի խորհուրդը նիստ է գումարել, ինչի արդյունքում որոշվել է պատասխանել սույն հոդվածին: Հիշեցնենք՝ Ս. Հայրապետյանն իր հոդվածում քննադատել էր ԳԱԱ համակարգը, կասկած էր հայտնել թղթակից անդամների վերջին ընտրությունների արդարացիության հարցում՝ ոչ բարենպաստ կոնտեքստում խոսելով նաեւ ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանի գիտական գործունեության մասին:

Սիներիկ Հայրապետյանի հեղինակած հոդվածում անվանի կենսաֆիզիկոս Արմեն Թռչունյանի հասցեին գրված բոլոր արտահայտությունները կրում են սադրիչ բնույթ, ամբողջովին հակասում են իրականությանը եւ բացարձակ զրպարտություն են: Ս. Հայրապետյանի «ոճը» մեզ համար նորություն չէ. նաեւ անցյալում նա աչքի է ընկել բազմաթիվ զրպարտչական բնույթի արարքներով եւ միշտ ստացել գիտական հասարակության արժանի պատասխանը: Դեռ 01.12.1987թ. ՀԽՍՀ ԳԱԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի բյուրոն, ակադեմիկոս Ս. Մովսիսյանի նախագահությամբ, թղթակից անդամների հերթական ընտրությունների մասին Ս. Հայրապետյանի դիմում-բողոքը գնահատել է որպես բացարձակ զրպարտչական եւ խստորեն դատապարտել է նրա գործունեությունը, «որը չի պարունակում ոչ մի քննադատական առողջ միտք, առաջ է քաշում անհիմն մեղադրանքներ անվանի գիտնականների հասցեին» (խոսքն ակադեմիկոսներ Վ. Ֆանարջյանի, Վ. Ղազարյանի եւ նոր ընտրված թղթակից անդամ Յու. Ալեքսանյանի մասին է):

Իսկ ի՞նչն է նա «բարեփոխում»: 1991թ., երբ ինքն առաջարկել էր իբր նման հայեցակարգ, օրինակ, ԲՈՀ ՀՀ-ում չի եղել: Իսկ ԲՈՀ-ի մասին բացասական իր վերաբերմունքը զարգացել է դեռ այն տարիներից, երբ Ա. Թռչունյանը չի եղել այդ կառույցի ղեկավար: Ս. Հայրապետյանին չի հաջողվում չհիմնավորված հարձակումներով իր կենտրոնի համար կորզել իբր նոր գիտական մասնագիտություններ սահմանելու ու կենսաֆիզիկայի եւ ֆիզիոլոգիայի գծով գիտական աստիճաններ շնորհելու իրավասություն. ԲՈՀ-ն իր նախկին եւ ներկայիս ղեկավարներով մնում է հաստատակամ՝ իրավական ակտերի եւ դրանցով սահմանված միասնական չափանիշների պահպանման հարցում: Ի դեպ, 16.09.1998թ. կառավարության վերահսկողական ծառայությանը հասցեագրված գրությունում ԿԳ նախարարը նշել էր, որ բժշկակենսաբանական տեսանկյունից աղքատ է Ս. Հայրապետյանի կենտրոնի թեմատիկան (այն ունի նեյրոֆիզիոլոգիական ուղղվածություն) եւ նրանում բացառվում է որակյալ ուսումնական գործընթաց կազմակերպելու հնարավորությունը: Ս. Հայրապետյանի՝ իբր գիտության շահերից բխող հարցադրումներն անցյալ տարի ստացել են Կենսաֆիզիկոսների համահայկական ասոցիացիայի բացասական գնահատականը: ԲՈՀ-ը, դիմելով ԵՊՀ ռեկտորին եւ ստանալով մասնագիտական խորհրդում ընդգրկված առաջատար գիտնականների կարծիքը, հիմնվելով նաեւ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական խորհրդի բացասական եզրակացության վրա (պատճենները ներկայացվել են իրեն՝ Ս. Հայրապետյանին), չի համաձայնվել նրա պահանջին: Դեռ ավելին. ԲՈՀ-ը տվել է բացասական եզրակացություն նաեւ գիտական կադրերի պատրաստման նրա «նոր ծրագրին»”:

Իսկ ո՞ւր են նրա պատրաստած գիտական կադրերը: Կարդացեք «Գոլոս Արմենիի» 14.12.2006թ. «Աֆյորա» հոդվածը, որում նախկին ասպիրանտների կողմից բարձրացված հարցադրումները Ս. Հայրապետյանի դեմ ներկայումս քննարկվում են դատական ատյաններում:

Ավելացնենք, որ դեռեւս 1997թ., առանց գիտնականների համաձայնության, նա որպես իր կենտրոնում կենսաֆիզիկայի դասավանդման ղեկավարներ է ընդգրկել եւ հրատարակված գրքույկի ձեւով ուղարկել միջազգային կազմակերպություններից մեկին այն նույն կենսաֆիզիկոսների անունները եւ տվյալները՝ գիտական աշխատանքների ցանկերով (այդ թվում՝ Ա. Թռչունյանի, Է. Գեւորգյանի, Պ. Վարդեւանյանի, Ծ. Ավագյանի, Գ. Արծրունու, Ա. Զաքարյանի եւ ուրիշների), որոնք այդ կենտրոնում երբեւէ չեն դասավանդել եւ ում հիմա նա վարկաբեկում է: Հարց է ծագում, թե ինչո՞ւ Ս. Հայրապետյանի ղեկավարած կենտրոնով լրջորեն չի զբաղվում ԿԳ նախարարությունը։ Պարզ է, ով չի համագործակցում եւ նպաստում նրա անձնական շահերին, հայտնվում է այդ մարդու ուշադրության կիզակետում, հետապնդվում նրա կողմից: Եվ նա այժմ, այդ նույն շահերին գերի, առաջարկում է քանդել ԲՈՀ-ը:

Տարիների ընթացքում ԳԱԱ-ն քննադատելուց եւ նրա փակման մասին առաջարկներով հանդես գալուց հետո, Ս. Հայրապետյանը հանկարծ (2006թ.) առաջարկում է ակադեմիային տալ նոր` գիտատեխնիկական քաղաքականությունը մշակող գլխավոր փորձագիտական կենտրոնի կարգավիճակ: Այդ ինչպե՞ս եղավ, ո՞ւր է այդ մարդու սկզբունքը… Բանն այն է, որ նրա կենտրոնին պետական բյուջեից միջոցներ հատկացվեցին: Ո՞ւմ հաշվին: Եվ հետո, չընտրվելով ԳԱԱ-ի կազմում, «Առավոտի» իր հոդվածում նա վարկաբեկում է այդ նույն ակադեմիային: Ժամանակը չէ՞ նրան հեռու պահել գիտնականներից, ստեղծելով գիտության համար նպաստավոր աշխատանքային մթնոլորտ:

Ս. Հայրապետյանի կենսագրական որոշ մանրամասներից ներկայացնենք նաեւ այն, որ նա ակադեմիական գիտական հիմնարկներից մեկում ձեռք է բարձրացրել այդ հիմնարկի տնօրենի վրա (տես՝ «02. Ոստիկանության լրատուի» 28.05.1993թ. հաղորդագրությունը եւ «Ուրարտու» թերթի 1993թ. թիվ 21 համարում «Ակադեմիական խուլիգանություն» հոդվածը):

Ծ. ԱՎԱԳՅԱՆ՝ Կենսաֆիզիկայի համահայկական ասոցիացիայի նախագահ, Մ. ԴԱՎԹՅԱՆ՝ ԳԱԱ ակադեմիկոս, Է. ԳԵՎՈՐԳՅԱՆ՝ ԳԱԱ թղթակից անդամ,
Պ. ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ՝ ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ,
Գ. ՓԱՆՈՍՅԱՆ՝ ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ,
Հ. ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ՝ ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ՌՀՀ բժշկակենսաբանական ֆակուլտետի դեկան…
ընդամենը՝ 60 ստորագրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել