Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑԵԼ Է

Հունվար 29,2007 00:00

\"\"Հեմոդիալիզով հիվանդների համար պետական բուհերի դռները փակ են

Այսօր Հայաստանում պարբերաբար հեմոդիալիզ է ստանում երիկամային անբավարարության խնդիր ունեցող շուրջ 350 մարդ: Նրանց մեծ մասը երիտասարդներ են ու անչափահասներ:

«Դանկո» բարեգործական հիմնադրամը, որ գործում է 2002-ից, զբաղվում է այդ հիվանդների խնդիրներով: Հիմնադրամի նախագահ Իվետա Էպոյանի տեղեկացմամբ, իրենք մի շարք բարի մարդկանց օժանդակությամբ փորձում են աջակցել նման հիվանդներին եւ նրանց ընտանիքի անդամներին. «Մեզ հիմնականում օգնում են ոչ մեծահարուստները եւ բժիշկները, ովքեր թե հիվանդներին, թե նրանց ընտանիքների անդամներին անվճար բուժօգնություն են մատուցում: «Դանկոյի» հիմնադրման օրից «Անելիք» բանկում հաշվեհամար ենք բացել (AMD 118001126580, USD 118002126589), որտեղ մինչ օրս ոչ մի լումա չի մուտքագրվել»:

Հիվանդները շաբաթը 3 անգամ 4 ժամանոց հեմոդիալիզ են ընդունում, իսկ դրանից հետո նրանց մի շարք թանկարժեք դեղորայք է անհրաժեշտ, ինչի հարցում պետությունը ոչ միշտ է կարողանում աջակցել: Ի. Էպոյանը ցավով հայտնեց, որ շատ հիվանդների ընտանիքներ անգամ հանապազօրյա հացի խնդիր չեն կարողանում լուծել, իսկ սնունդը հեմոդիալիզից հետո անհրաժեշտ է: «Դանկոյի» նախագահը նկատեց, որ հեմոդիալիզը կարող է երկարաձգել ոչ բոլոր հիվանդների կյանքը, եւ դրա համար շատերը ձգտում են երիկամի փոխպատվաստում կատարել: Սակայն դա էլ հեշտ խնդիր չէ մեզ համար. «Փոխպատվաստումը Հայաստանում շուրջ 5 մլն դրամ արժե, իսկ մեր պետությունը դրա ընդամենը 2,5 միլիոնն է փոխհատուցում: Բացի այդ, շատ պետություններ ունեն օրենք, որի համաձայն՝ եթե մահացած մարդը միայն գանգի վնասվածք ունի, առանց նրա հարազատներին հարցնելու, վերցնում են նրա առողջ օրգանները եւ տարբեր փոխպատվաստումներ կատարում: Իսկ մեր օրենքի համաձայն, առողջ օրգաններ կարելի է վերցնել միայն հիվանդի հարազատներից: Եթե մենք էլ նման օրենք ունենայինք, ապա շատերը կփրկվեին»,- ասում է տիկին Էպոյանը:

Իվետա Էպոյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այս հիվանդությամբ տառապող երեխաները պետական բուհերում սովորելու իրավունքից զրկված են. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու կրթության եւ գիտության նախարարություններում պատճառաբանում են, որ նման երեխաները ստիպված են հաճախ բացակայել դասերից եւ չեն կարող սովորել բուհերում: Սակայն ես ճանաչում եմ Լուսինե Հայրապետյան անունով մի աղջկա, որը բավականին լավ առաջադիմությամբ ավարտել է Երեւանի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանը: Նա ընդունվելիս, ինչ-ինչ հնարքներով, կարողացել է թաքցնել իր հաշմանդամության փաստը, ինչը, սակայն, երկար չի տեւել. դասերից բացակայելու համար բազմաթիվ նկատողություններ է ստացել, բայց, այնուամենայնիվ, կարողացել է ավարտել բուհը: 2006-ին եւս մի լավ սովորող շրջանավարտ ունեինք, որին պետական բուհ ընդունվել չթույլատրեցին: Ես նրա ծնողների հետ գնացի ե՛ւ սոցապ, ե՛ւ ԿԳ նախարարություններ, որտեղ մեզ պատասխանեցին՝ Ձեր երեխան իրավունք չունի պետական բուհում սովորելու, թող գնա մասնավոր բուհ. եթե նրա առողջական վիճակն է՛լ ավելի վատանա, ո՞վ պիտի պատասխան տա»:

Մենք պարզեցինք, որ նման խնդիրներ ունեցող երեխաների՝ բուհ ընդունվել-չընդունվելու, համապատասխան փաստաթուղթ տրամադրելու հարցերով զբաղվում է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը: Վերջինիս վերականգնողական ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Հարություն Առուստամյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Դիալիզ ստացող երեխաների դեպքում հաշվի ենք առնում, թե երիկամային ինչ անբավարարություն ունի նա: Եթե երեխայի (դիմորդի) հիվանդությունը ժամանակավոր բնույթ է կրում, եւ նա կարող է ընդամենը մեկ-երկու ամսից դուրս գալ հեմոդիալիզից, ապա բուհում սովորելու խնդիր, կարծում ենք, չի լինի: Իսկ եթե հարցն այնքան է բարդացել, որ երիկամի փոխպատվաստում պետք է կատարվի, ապա պետք է ասեմ, որ սա հարցը բարդացնում է»:

Ի. Էպոյանը ասում է, որ Հայաստանում հեմոդիալիզ ստացող հիվանդների համար մի խոչընդոտ էլ կա. «Արտերկրում սովորաբար նման հիվանդներին շտապօգնության մեքենայով են ուղեկցում այն հիվանդանոցը, որտեղ նա պետք է դիալիզ ստանա, սակայն այս հարցը մեզ մոտ կարգավորված չէ, եւ հաճախ հիվանդի ընտանիքը ստիպված է լինում այսուայնկողմ ընկնել, գումար հայթայթել՝ տրանսպորտային ծախսերը հոգալու համար»:

Ի դեպ, «Դանկո» բարեգործական հիմնադրամն օգնում է նաեւ հեմոդիալիզ ստացող հիվանդներին՝ հետ չմնալ մշակութային կյանքից. «Պայմանավորվածություն ունենք երեւանյան մի շարք թատրոնների հետ, որոնք ժամանակ առ ժամանակ երեխաներին ներկայացումների են հրավիրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել