Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստացան իդեալական մաքրություն

Հունվար 29,2007 00:00

\"\"Եթե մի անգամ էլ Նոր Նորքում աղբահանության խնդիր առաջանա՝ թաղապետարանի համապատասխան բաժնի պետը հրաժարական կտա:

Նոր տարվանից մինչ օրս Նոր Նորքի 4-րդ զանգվածի մի շարք բազմաբնակարան շենքերից աղբահանություն չի կատարվել: Բնակիչներն արդեն չգիտեն, թե որտեղ թափեն իրենց կենցաղային աղբը, որովհետեւ շենքի բակային տարածքներում այլեւս ազատ տեղ չկա. որտեղ փոս են գտնում՝ աղբ են լցնում: Այդ թաղամասի շենքերն աղբատար խողովակներ չունեն, շենքի բակում միայն մի քանի աղբարկղ է տեղադրված: Դրանք վաղուց արդեն լցված են աղբով, 20-25 օր է անցել՝ թաղապետարանը աղբահանություն չի կատարել:

Ինչպես «Առավոտին» դժգոհեցին Նորքի 4-րդ զանգվածի թիվ 15 եւ 16 շենքերի բնակիչները, աղբն այնքան է հավաքվել, որ բակը թափառող շների ու առնետների բույն է դարձել. «Իբր քիչ կեղտոտ էր՝ շներն էլ իրենց հերթին ամբողջ աղբը տարածում են բակով մեկ»: Բնակիչների ներկայացմամբ՝ իրենց թաղամասում հաճախ է նման պատկեր լինում. «Եթե թաղապետարանից մեկ-մեկ աղբարկղերի մասին հիշում են ու դրանք դատարկում, ապա գետնին թափվածը չեն հավաքում: Մենք գարշահոտից ու աղբից ազատվելու համար մի քանի անգամ փորձել ենք նույնիսկ այրել աղբը, սակայն՝ անօգուտ»:

Այս առնչությամբ Նոր Նորքի թաղապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման համատիրությունների բաժնի պետ Սերգեյ Ալեքսանյանը պարզաբանեց, որ վատ աղբահանության համար իրենք մեղավոր չեն. այդ գործը թաղապետարանը հանձնարարել է «Արազասպ» ՓԲԸ-ին, որը Նոր Նորքի սանմաքրման համար հայտարարված մրցույթը շահել է եւ պարտավոր է աղբահանությունը ժամանակին կատարել, իսկ թաղապետարանը միայն հսկում է, թե ինչպես են աշխատում նրանք: Ըստ Սերգեյ Ալեքսանյանի, «Արազասպի» պետը հիվանդացել էր, ու այդ է պատճառը, որ աղբահանություն չէր կատարվում: Հիմա պետը փոխվել է, ընկերությունում կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ են կատարվել: Եթե նախկինում աղբի վարձը թաղապետարանն էր հավաքում, հիմա աղբահանության վարձի հարցերն էլ «Արազասպն» է լուծում. «Այսօր մեր համայնքում մոտ 22 աղբահավաք մեքենա է աշխատում, եւ ես բնակիչներին խոստանում եմ, որ այսուհետեւ Նոր Նորքում իդեալական, 100 տոկոսանոց մաքրություն է լինելու: Մինչեւ հիմա փողոցներն էին մաքրում՝ արդեն սկսել ենք նաեւ բազմահարկ շենքերի տարածքները մաքրել: Եթե իմ խոստումը չկատարվի՝ ես հրաժարական կտամ»,- ասաց բաժնի պետը:

Հ. Գ. Երբ նյութն արդեն պատրաստ էր տպագրության, թաղապետարանից հայտնեցին, որ նշված հասցեում իդեալական վիճակ է եւ ամբողջ աղբն արդեն տարել են: Թաղապետարանից էլ խոստովանեցին, որ, իսկապես, այդ բակում խայտառակ վիճակ է եղել, 4 մեքենա է անհրաժեշտ եղել՝ այդ տարածքի աղբահանությունը կատարելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել