Այս անգամ էլ գյուղացիները փոթորիկից են տուժել
Երաշտի եւ ցրտահարության վնասների տակից դեռ դուրս չեկած՝ Գեղարքունիքի մարզի 6 գյուղեր օրերս ուժեղ քամիների եւ փոթորիկի հետեւանքով կրկին լուրջ վնասներ են կրել: Փոթորիկից տուժել են հատկապես Վարդաձոր, Երանոս, Ծակքար, Ձորագյուղ, Լիճք եւ Գավառ համայնքները:
Բնակիչների ներկայացմամբ՝ քամիներն այնքան ուժեղ են եղել, որ քշել-տարել են տների տանիքները՝ մարդկանց հազարների վնաս հասցնելով: Սա «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ Երանոսի գյուղապետ Գագիկ Խանսանամյանը: Նրա տվյալներով՝ միայն Երանոսում 21 տան տանիք է վնասվել: Երանոսում քամին նաեւ տապալել է հինգ բարձր լարման էլեկտրաէներգիայի հենասյուն՝ մարդկանց թողնելով անլույս: Ընդհանուր առմամբ, գյուղապետարանի ուսումնասիրությամբ՝ գյուղը կրել է 9-10 միլիոն դրամի վնաս: Գյուղապետը բոլոր վնասների մասին մանրամասն զեկուցել է Գեղարքունիքի մարզպետին, վերջինս էլ հուսադրել է, որ անպայման կօգնեն:
Սակայն Գ. Խանսանամյանը, նախկին «դառը» փորձը աչքի առաջ ունենալով՝ այնքան էլ չի հավատում մարզպետի տված խոստումներին. «Նախորդ տարիներին դարձյալ մեր համայնքը բնական աղետներից տուժել է, միայն անցյալ տարի քամին մեզ 5 միլիոն դրամի վնաս տվեց, դարձյալ մարզպետարանից խոստացան, որ կօգնեն, սակայն մինչեւ հիմա ոչ մի կոպեկ չենք ստացել»:
Գավառ քաղաքը նույնպես լուրջ կորուստներ է ունեցել: Փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանի տեղեկացմամբ՝ երեկվա դրությամբ արդեն Գավառի 33 քաղաքացի վնասների մասին ահազանգել է: Ուսումնասիրել են ու պարզել, որ մարդիկ 18 մլն դրամի վնաս են կրել: Փոխքաղաքապետի ներկայացմամբ՝ «Այստեղ քամին այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ պոկել-տարել է բնակարանների պատուհանները»: Քամուց վնասվել է նաեւ Ազատության 71 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքը եւ հիմա վերին հարկի բնակիչները մտավախություն ունեն, որ եղանակների տաքանալուն պես ձյան հալոցքն ու անձրեւաջրերը կլցվեն բնակարանները: Մարզպետարանը գավառցիներին էլ է խոստացել, որ անպայման քայլեր կձեռնարկեն: Ի տարբերություն Երանոսի գյուղապետի, փոխքաղաքապետը լավատես էր. «Դե, որ խոստանում են՝ ուրեմն մի բան կանեն»:
Երեկվա դրությամբ մարզպետարանը դեռ ոչ մի քայլ չէր ձեռնարկել, նույնիսկ վնասների չափը չէր հաշվարկել: Ավելին՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Վահագ Բազիկյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ոչ մի համայնքապետ էլ վնասների մասին իրենց տեղյակ չի պահել: