Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարմար առի՞թ», թե՞ «զգացումների շահարկում»

Հունվար 29,2007 00:00

Պաշտոնական Անկարան չի ընդունել ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի՝ Թուրքիայում արած այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, փոխանցում է «Նոյյան տապանը»:

Ըստ այդմ, թուրքական «Հուրիեթի» հաղորդմամբ, Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները Կիրակոսյանի հայտարարությունը որակել են «զգացումների շահարկում այն դեպքում, երբ նրանք ժամանել են Թուրքիա, որը ազգային սգի մեջ էր լրագրող Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ»: «Արման Կիրակոսյանի մեկնաբանությունը կարծես նույնն էր, ինչ 2005թ. ապրիլին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Թուրքիայի վարչապետ Էրդողանին ուղղված նամակի բովանդակությունը»,- նշել են թուրք դիվանագետները:

Մինչդեռ, այս հարցում տրամագծորեն հակառակ կարծիք է արտահայտել հայտնի թուրք լրագրող եւ տեսաբան Մեհմեդ Ալի Բիրանդը: «Թըրքիշ դեյլի նյուզի» հունվարի 26-ի համարում հրապարակած իր հոդվածում նա նշել է, թե «Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին Հայաստանի առաջարկը չպետք է մերժվի»: «Դրա համար Թուրքիայի կառավարությունը երկու նախապայման է առաջադրում Երեւանին՝ հայ-թուրքական սահմանի ճանաչում եւ Հայաստանի զինուժի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Այս տեսակետը Թուրքիան կարող է փոքր-ինչ փոխել եւ պարտավոր է փոխել: Երկխոսությունը պետք է սկսվի: Նախապայմանների հարցը հետո էլ կարելի է քննարկել: Հրանտ Դինքի սպանության հասարակական արձագանքը Թուրքիայի մասին շատ դրական կարծիք է ձեւավորել միջազգային ասպարեզում եւ այդ կարծիքը կարելի է խորացնել: Այդ դեպքում հնարավոր կլինի հետաձգել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկումը ամերիկյան Կոնգրեսում: Հնարավոր կլինի մի կողմ դնել Ֆրանսիայում ընդունված օրինագիծը՝ ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանելու մասին: Բոլորը կսպասեն՝ տեսնելու, թե ինչ արդյունք կտա հայ-թուրքական երկխոսությունը: Իհարկե, Ադրբեջանի կառավարությունը դժգոհ կլինի եւ կոշտ կարձագանքի: Այն կարող է նույնիսկ քննարկել Բաքու-Ջեյհան խողովակաշարով նավթի մատակարարումը դադարեցնելու հարցը: Բայց Թուրքիան պետք է ի զորու լինի համոզել Ադրբեջանին եւ բացատրել, որ Երեւանի հետ ամուր դիվանագիտական կապեր ունեցող Թուրքիան ավելի մեծ ազդեցություն կունենա Հայաստանի քաղաքականության վրա, ինչից կշահի Ադրբեջանը»,- գրել է Բիրանդը:

Համանման մի դիտարկում է արել նաեւ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Էքարթ Քունցը: «Հրանտ Դինքը խոսքի ազատության խորհրդանիշ էր: Մեծապես ցնցված եմ նրա սպանության փաստով: Մի՞թե այդ սպանությունը հարմար առիթ չի կարող դառնալ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի եւ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերում դրական քայլեր իրականացնելու համար»,- ասել է Քունցը ԵՄ երկրների դեսպաններին՝ Էրդողանի տված պաշտոնական ճաշկերույթի ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել