Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺՄ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՈՐՀՈՒՐԴ

Հունվար 29,2007 00:00

\"\"Ըստ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ իրենց կուսակցության վարչությունն ընդունել է 4 կետանոց փաստաթուղթ, որն արտացոլում է իրենց պատկերացումներն ընդդիմադիր ուժերի համագործակցության շուրջ:

Սակայն մինչ այս փաստաթուղթը ներկայացնելը՝ նա շարադրեց առաջիկա ընտրությունների առանձնահատկությունների վերաբերյալ իր պատկերացումները. «6-7 ընտրություն կեղծվել է Հայաստանում, եւ ոչ ոք չի պատժվել: Նույն ուժերն են իշխանության մեջ, եւ բնական է սպասելը, որ նույն կերպ կեղծելու են: Իսկ «Ընտրական օրենսգրքի» տեսանկյունից՝ դեռ հետքայլեր ենք արել՝ ընտրական հանձնաժողովներում քվորումը վերացնելը, հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք միայն վկայականներ ունեցողներին տալը, հանձնաժողովի անդամներին հետ կանչելու հնարավորությունից զրկելը (մարդուն կաշառում կամ վախեցնում են, դու չես կարող նրան հետ կանչել) եւ այլն: Միայն օրենսգրքով չէ, որ կլինեն կամ չեն լինի կեղծիքներ, բայց այս ընտրական օրենքը նպաստում է նրան, որ կեղծիքներ կարելի է անել ավելի աննկատ: Մյուս կողմից, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հեռանում է, եւ դեռ պարզ չէ՝ Սերժ Սարգսյանը եկո՞ղ է, թե՞ ոչ, այն մարդիկ, որոնց ձեռքին է իշխանությունը եւ փողը՝ իրենք էլ դիրքորոշում որդեգրելու ներքին պայքար ունեն: Այս տեսանկյունից՝ այնքան էլ քաղաքական չեն այս ընտրությունները: Սովորական ընտրությունների պայմաններում կողմնակից եմ, որ ամեն կուսակցություն մասնակցի առանձին կամ գաղափարակիցներով: Բայց այս տիպի ընտրությունները թելադրում են, որ իշխանությանը հակադրվի ընդդիմադիր կուսակցությունների մի մեծ բանակ, որը ոչ միայն պիտի կարողանա ձայներ ապահովել, այլեւ ժողովրդի մոտ առաջացնել վստահություն, թե պայքարելու են, որ չլինեն կեղծիքներ: Անցած ամիսների ընթացքում թվում էր, թե կարելի է կազմակերպել ողջ ընդդիմությանը որպես մի միավորում: Դա չի ստացվում օբյեկտիվ պատճառներով. հավակնությունները մի կողմ թողնենք՝ իսկապես կան կուսակցություններ, որոնք իրար հետ չեն կարող ճանապարհ գնալ: Զուտ մարդկային, հոգեբանական համատեղելիության հարց կա, եւ կան իսկապես ծրագրային հիմնարար տարբերություններ»:

Ահա այս պայմաններում ԱԺՄ-ն առաջարկում է ստեղծել ընդդիմադիր խորհուրդ, որում ըստ ցանկության՝ կընդգրկվեն բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ շարժումները։ Փաստաթղթի 1-ին կետն է՝ մշակվում է բոլոր ընդդիմադիր ուժերին միավորող պլատֆորմ այն հարցերից, որոնք ընդհանուր են բոլորի համար (օրինական իշխանություն, նոր դատական համակարգ, հանրաքվեի իրավունք, մենաշնորհների վերացում, ազգային ծրագրերի առաջարկում՝ ժողովրդագրության, կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում): Եվ խորհրդարան անցնող բոլոր ուժերը պարտավորվում են միասնաբար առաջ տանել այդ պլատֆորմի դրույթները՝ ԱԺ֊ում ստեղծելով միասնական ուժ:

Փաստաթղթի 2-րդ կետի համաձայն՝ այս խորհուրդն ինքնին ընտրական դաշինք չէ: Խորհրդի մասնակից անդամների մի մասը, ըստ ցանկության, կարող է չմասնակցել ընտրություններին, մյուսները կարող են համախմբվել մի քանի ընտրական դաշինքներում՝ միմյանց հետ համագործակցելով ընտրապայքարում։ Պարզաբանելով այս դրույթը՝ Վազգեն Մանուկյանը նշեց. «Մենք ասում ենք՝ լա՛վ, ընդդիմությունը չի կարող միավորվել՝ թող միավորվեն խմբերով, այն կուսակցություններով, որոնք կարող են գնալ միասին: Ասենք, կլինի ընդդիմադիր 3-4 խումբ»: Մեր հարցին, թե մոտավորապես ո՞ր ուժերը միավորված կլինեն այդ խմբերում՝ ԱԺՄ առաջնորդը պատասխանեց. «Շատ դժվար է հիմա ասել: Նախ՝ համոզված եղեք, որ մինչեւ վերջ դեռ ոչ մեկը չի որոշել: Այսինքն՝ ոչ թե գաղտնիք է, եւ չեն բացահայտում, այլ իրոք դեռ չեն որոշել: Կան նաեւ որոշ խորհրդապահական պայմանավորվածություններ, որոնք բացահայտելը միայն խանգարելու է գործին»:

Փաստաթղթի 3-րդ կետով՝ ընդդիմադիր խորհուրդը պիտի իրականացնի միասնական պայքար կեղծիքների դեմ. «Ընտրությունների իրական արդյունքների ամրագրման հարցում՝ պայքարել մինչեւ վերջ: Հակառակ դեպքում բոյկոտել եւ դուրս գալ ԱԺ-ից»: Մեր դիտարկմանը, թե սա անիրատեսական է՝ հաղթած ուժերը մանդատները վայր չեն դնի, պրն Մանուկյանն այսպես արձագանքեց. «Իմաստ չունի, որ նորից նույն պատմությունը կրկնվի՝ մի 20 հոգի լինի խորհրդարանում, որը ոչ մի բան չի կարողանա անել: Անցած 4 տարիներն ԱԺ-ում, որոշ առումով, անպտուղ անցան մեզ համար: Ընդդիմությունը շատ առաջարկներ արեց, եւ չանցավ դրանցից ոչ մեկը: Այսինքն՝ բացարձակ ոչ մի ձեւով չես կարողանում ազդել դեպքերի վրա»:

Եվ վերջապես՝ փաստաթղթի 4-րդ կետի համաձայն, խորհուրդը պիտի հասնի պայմանավորվածությունների, որ մեծամասնական ընտրակարգով ընդդիմադիրներն իրար դեմ թեկնածուներ չդնեն, ու նաեւ՝ «բոլորով պաշտպանել յուրաքանչյուրին»։

Գիտակցում էինք, որ լրագրողներս արդեն հոգնեցրել ենք ԱԺՄ նախագահին հարցերով, թե ում հետ է դաշինք կազմելու իր կուսակցությունը: Մանավանդ որ՝ շեշտեց, թե որոշակիություն չկա, եւ միայն «առաջիկա 15-20 օրվա ընթացքում ամբողջ քաղաքական դաշտում կլինի որոշակիություն»: Իսկ առայժմ՝ զուտ որպես հոգեհարազատ քաղաքական գործիչների առանձնացրեց նախ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Քաղաքացիական հասարակության, Ղարաբաղի եւ շատ այլ հարցերի մասին մենք նույն կերպ ենք մտածում», հետո՝ Ստեփան Դեմիրճյանին. «Չնայած 2003-ից հետո, երբ չկարողացավ հաջողության հասնել՝ նրան մեղադրում են, բայց ես լավ հասկանում եմ, որ այսպիսի պետությունում նրանից պահանջում են ավելին, քան ինքը կարող էր անել: Բայց նորմալ, քաղաքակիրթ մարդ է», եւ վերջապես՝ Սամվել Բաբայանին. «Նրա հետ ճանապարհ եմ անցել»: Հայտնի է, որ «Դաշինքը» դեպի ԱԺ ճանապարհն անցնելու է միայնակ: Իսկ ինչ վերաբերում է ԱԺՄ-ին՝ «Հաջորդ շաբաթ օրը մեր կուսակցությունն ակտիվի նիստ կգումարի, հետո՝ խորհրդի նիստ, իսկ հետո՝ համագումար: Մեր կուսակցության ներսում կա բանավեճ՝ արժե՞ այս պայմաններում այս կամ այն ձեւով մասնակցել ընտրություններին, թե՞ ընդհանրապես չարժե, ուղղակի նպատակահարմար չէ: Լավ՝ ասենք, թե ես 5-րդ անգամ էլ ունեցա պատգամավորի մանդատ, ի՞նչ է տալիս դա մեր նպատակների իրականացման համար: Այդպիսի հարց էլ է արծարծվում կուսակցությունում: Եվ որոշումը կկայացվի առաջիկա 2 շաբաթում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել